Այլ

Նռան մէջ պարունակւող նիւթը դանդաղեցնում է իմունային համակարգի ծերացումը

Ուրոլիտին A-ն, որը մետաբոլիտ է եւ առաջանում է աղիքում նռան ու ընկոյզի օգտագործումից յետոյ, կարող է մեղմել իմունային համակարգի տարիքային փոփոխութիւնները։ Այս մասին է վկայում Nature Aging գիտական ամսագրում հրապարակւած ուսումնասիրութիւնը։

Պատահականացւած ուսումնասիրութեանը մասնակցել են 50 մարդ, որոնք եղել են 45-70 տարեկան։ 28 օրւայ ընթացքում կամաւորներն ամէն օր ընդունել են 1000 մգ ուրոլիտին A կամ պլացեբօ։ Բուժումը սկսելուց մէկ ամիս անց, այն մասնակիցների մօտ, ովքեր ստացել են ակտիւ նիւթը, աւելացել է «նաիւ» CD8+ T-բջիջների քանակը։ CD8+ բջիջները ֆունկցիոնալ վիճակով երիտասարդ բջիջներ են, որոնց քանակը սովորաբար նւազում է տարիքի հետ։

Գիտնականները նաեւ յայտնաբերել են, որ առաջին խմբի փորձարկւողների իմունային բջիջները, ընդհանուր առմամբ, ցուցաբերում էին հիւծման աւելի քիչ նշաններ եւ անցնում էին աւելի «երիտասարդ» տիպի մետաբոլիզմի՝ աւելի ակտիւ կերպով օգտագործելով ճարպաթթուները որպէս էներգիայի աղբիւր։

Մետաբոլիկ պրոֆիլաւորումը եւ միաբջջային սեքւենաւորումը հաստատել են, որ ուրոլիտին A-ն գործարկում էր միտոքոնդրիումների նորացումը եւ մոդուլացնում էր իմունային ուղիները, որոնք կապւած են բորբոքման եւ ծերացման հետ։ Թէեւ փոփոխութիւնները համեմատաբար փոքր էին, գիտնականներն ընդգծում են դրանց կայունութիւնը եւ կենսաբանական նշանակութիւնը։

Հեղինակները նշում են, որ նոյնիսկ կարճատեւ կուրսը ցոյց է տւել իմունային համակարգի ծերացման գործընթացներին միջամտելու իրական ներուժ: Այնուամենայնիւ, երկարաժամկէտ ազդեցութիւնը եւ գործնական կիրառելիութիւնը գնահատելու համար անհրաժեշտ են աւելի մեծ եւ երկարաժամկէտ կլինիկական փորձարկումներ:

News.am

Related Articles

Back to top button