Կոֆէինի օգտագործումն ի վիճակի է նւազեցնել Ալցհէյմերի հիւանդութեան վտանգը
Լիլի համալսարանի գիտնականները հետազօտութիւն են անցկացրել, որը բացայայտել է հետաքրքիր կապ կոֆէինի օգտագործման եւ Ալցհէյմերի հիւանդութեան զարգացման վտանգի միջեւ։ Այս աշխատանքի արդիւնքները ներկայացւել են Alzheimer’s & Dementia հանդէսում՝ գիտական հանրութեան ուշադրութիւնը հրաւիրելով նէյրոդեգեներատիւ հիւանդութիւնների կանխարգելման գործում կոֆէինի հնարաւոր դերի վրայ:
Հետազօտութիւնը կենտրոնացել է 70 տարեկանից բարձր հիւանդների վրայ, ովքեր արդէն ունեցել են թեթեւ ճանաչողական խանգարումներ կամ Ալցհէյմերի հիւանդութեան վաղ փուլեր: Մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ կախւած իրենց օգտագործած կոֆէինի քանակից։ Տւեալների վերլուծութիւնը ցոյց է տւել, որ աւելի քիչ կոֆէին օգտագործող մարդկանց շրջանում ճանաչողական եւ յիշողութեան վատթարացման աւելի մեծ վտանգ ունեն: Աւելին, այս խմբում Ալցհէյմերի հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը մօտ 2,5 անգամ աւելի մեծ էր, քան աւելի շատ կոֆէին օգտագործողների շրջանում:
Ֆրանսիացի գիտնականները չեն սահմանափակւել միայն ճանաչողական գործառոյթների դիտարկմամբ։ Նրանք մասնակիցների ողնուղեղային հեղուկի սպիտակուցների մանրակրկիտ հետազօտութիւն են կատարել, որը խմբերի միջեւ բետա-ամիլոիդ սպիտակուցների որոշակի ձեւերի համամասնութիւնների եւ քանակի զգալի տարբերութիւններ է յայտնաբերել: Աւելի քիչ կոֆէին օգտագործած մարդիկ իրենց ողնուղեղային հեղուկում այս սպիտակուցների աւելի ցածր կոնցենտրացիաներ ունէին, ինչը թերեւս վկայում է ուղեղում այդ սպիտակուցների աւելի բարձր մակարդակի մասին: Այդ փաստը համարւում է Ալցհէյմերի հիւանդութեանը բնորոշ նէյրոդեգեներացիայի կենսաբանական մարկեր։
Թէեւ հետազօտութիւնն ընդգծում է տարեցների համար կոֆէինի պոտենցիալ օգուտները, կարեւոր է նշել, որ այն ուղղակի պատճառահետեւանքային կապ չի հաստատում միջին տարիքում սուրճ խմելու եւ հետագայում Ալցհէյմերի հիւանդութեան զարգացման ռիսկերի միջեւ: Սակայն այդ հետազօտութիւնը կարեւոր շրջադարձ է աւելացնում աճող հետազօտութիւնների մէջ, ըստ որոնց սուրճի եւ կոֆէին պարունակող այլ ապրանքների չափաւոր օգտագործումը կարող է նպաստաւոր անդրադառնալ ճանաչողական գործառոյթի պահպանմանը եւ կեանքի տեւողութեան երկարացմանը:
Հարկ է ընդգծել, որ չնայած իր պոտենցիալ առաւելութիւններին, կոֆէինը անհրաժեշտ է զգուշութեամբ օգտագործել։ Սա յատկապէս վերաբերում է կէսօրից յետոյ դրա օգտագործմանը, քանի որ կոֆէինի աւելցուկը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրայ, ինչն, իր հերթին, ճանաչողական առողջութեան պահպանման առումով եւս անչափ կարեւոր է:
News.am