Այլ

Աչքերը տրորելը կարող է յանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը

Աչքերը տրորելու սովորութիւնը կարող է յանգեցնել կոպերի մաշկի վաղաժամ ծերացման եւ կերատոկոնուսի՝ եղջերաթաղանթի բարակեցման: Նման զգուշացում են հանդէս եկել ամերիկեան Fraser աչքի կլինիկայի ակնաբոյժները: Փորձագէտների խօսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Փորձագէտները նշել են, որ աչքերը տրորելը գուցէ երկար աշխատանքային օրւանից յետոյ հոգնածութիւնն ու ստրեսը թեթեւացնելու հեշտ միջոց է ընկալւում: Սակայն նման սովորութիւնը կարող է վնասել կոպերի զգայուն մաշկը, որն աւելի քիչ է կարողանում «դիմադրել» ձգմանը: Նման գործողութիւնների արդիւնքում մեծանում է վաղաժամ կնճիռների առաջացման ռիսկը:

Բացի դրանից, աչքերը տրորելու սովորութիւնը կարող է առաջացնել կերատոկոնուս՝ պրոգրեսիւ ոչ բորբոքային հիւանդութիւն, որի դէպքում եղջերաթաղանթը (աչքի թափանցիկ առջեւի մակերեսը) դառնում է աւելի բարակ եւ ուռչում է՝ ստանալով կոնի ձեւ: Բժիշկները նշել են, որ կերատոկոնուսը յանգեցնում է տեսողութեան վատթարացման, իսկ ծանր դէպքերում պաթոլոգիան կարող է պահանջել վիրահատութիւն կամ եղջերաթաղանթի փոխպատւաստում:

Աչքերի համար վնասակար մէկ այլ սովորութիւն են անւանում բժիշկները հազւադէպ թարթելը։ Երբ կոպերը փակւում են, արցունքային հեղուկը հաւասարաչափ բաշխւում է աչքերի մակերեսին՝ կանխելով չորութիւնը։ Սակայն ինտենսիւ աշխատանքի կամ ուսման ժամանակ այդ ռեֆլեքսն աւելի քիչ է ակտիւանում, ինչը յանգեցնում է կարմրութեան եւ չորութեան։

Փորձագէտները խորհուրդ են տալիս էկրանների մօտ աշխատելիս պարբերաբար ընդմիջումներ անել եւ աւելի յաճախ գիտակցաբար թարթել աչքերը։ Եթէ ցանկանում էք քորել աչքը, բժիշկները խորհուրդ են տալիս դիպչել ոսկրային ակնակապիճին, այլ ոչ թէ ակնախնձորին։

News.am

Related Articles

Back to top button