Այլ

Գիտնականները զգուշացնում են. հրդեհների ծուխն առողջութեան համար վտանգաւոր օզոն է ստեղծում

Քանի որ ԱՄՆ արեւմտեան շրջաններում անտառային հրդեհներն աւելի ու աւելի մասշտաբային եւ յաճախակի են դառնում, Կոլորադոյի, Իւտայի եւ Կալիֆորնիայի գիտնականներն ուսումնասիրում են, թէ ինչպէս է ծուխն ազդում օդի որակի եւ առողջութեան վրայ։

Atmospheric Environment ամսագրում հրապարակւած նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ խոշոր հրդեհները՝ ինչպէս Կոլորադոյում, Օրեգոնում եւ Կալիֆորնիայում, զգալի քանակութեամբ օզոն են արտադրում մթնոլորտում։

Սա ոչ միայն վատացնում է թոքերի վիճակը, այլեւ նպաստում է գլոբալ տաքացմանը։

Հետազօտական խումբը՝ Իւտայի համալսարանի գիտնական Դերեք Մալլիայի եւ Դենւերի համալսարանի պրոֆեսոր Եան Մանդելի գլխաՒորութեամբ, օգտագործել է բարդ մոդելներ, որոնք համատեղում են մթնոլորտային քիմիան, եղանակի կանխատեսումը եւ անտառային հրդեհների մոդելը։

Նրանք կենտրոնացել են 2020 թւականի խոշոր հրդեհների վրայ. այդ տարւայ օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատւածում հիւսիսային Կալիֆորնիայի եօթ շրջաններում մէկ միլիոն ակրից աւելի անտառներ են այրւել, հրդեհներ են եղել նաեւ Իւտայում եւ Օրեգոնում։ Հէնց այդ ժամանակ Կոլորադոյի բնակիչները գտնւում էին ուժեղ ծխածածկոյթի տակ եւ օդի վատ որակի մասին նախազգուշացումներ էին ստանում։

Չնայած անտառային հրդեհներն ուղղակիօրէն օզոն չեն արտանետում, սակայն ծուխը պարունակում է քիմիական միացութիւններ, որոնք արեւի լոյսի ներքոյ փոխազդում եւ օզոն են առաջացնում, երբեմն՝ կրակի օջախից հեռու։

Անտառային հրդեհների ծխի առկայութեան դէպքում օզոնի մակարդակի միջին բարձրացումը կազմել է մօտ 21 մաս միլիարդի դիմաց՝ ի լրումն արդէն իսկ գոյութիւն ունեցող բարձր մակարդակների։ Սա հանգեցնում է նրան, որ օզոնի կոնցենտրացիաները կարող են գերազանցել ԱՄՆ Շրջակայ միջավայրի պահպանութեան գործակալութեան կողմից սահմանւած թոյլատրելի ստանդարտը՝ 70 մլրդ.-ից 1 մաս։

Օզոնի բարձր մակարդակը լուրջ վտանգ է ներկայացնում առողջութեան համար. այն կարող է առաջացնել հազ, թոքերի ֆունկցիայի վատթարացում, սրտանօթային հիւանդութիւններ եւ նոյնիսկ վաղաժամ մահ։

News.am

Related Articles

Back to top button