Այլ

Չիլի պղպեղում պարունակւող կապսաիցինն ի վիճակի է պայքարել քաղցկեղի վտանգաւոր ձեւի դէմ

ԱՄՆ Թեմփլ համալսարանի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղում պարունակւող կապսաիցին (Capsicum) նիւթն ի վիճակի է պայքարել մեզոթելիոմայի դէմ։ Դա քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է ներքին օրգանները պատող հիւսւածքի բարակ շերտից: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nutrients բժշկագիտական հանդէսում:

Մարդկային բջիջների վրայ լաբորատոր փորձերի ժամանակ գիտնականները պարզել են, որ կապսաիցինը, որը պղպեղին կծւութիւն է հաղորդում, ակտիւօրէն արգելակում է մեզոթելիոմայի քաղցկեղի բջիջների աճն ու տարածումը: Այս էպիթելային չարորակ ուռուցքի զարգացումը պայմանաւորւած է քիմիական քաղցկեղածին նիւթերի ազդեցութեամբ:

Փորձարկումները ցոյց են տւել, որ կապսաիցինն ի վիճակի է ճնշել չարորակ ուռուցքների զարգացմանը նպաստող գործընթացները, ներառեալ այն բջիջները, որոնք դադարել են արձագանգել «ցիսպլատին» դեղամիջոցի աւանդական բուժմանը:

Ըստ գիտական ​​խմբի ղեկավար Անտոնիօ Ջորդանոյի՝ Թեմփլի համալսարանից, այս յայտնագործութիւնը կարող է զգալիօրէն ընդլայնել մեսոթելիոմայի դէմ պայքարի միջոցների զինանոցը, որը բնութագրւում է գոյատեւման ցածր մակարդակով եւ բուժման սահմանափակ տարբերակներով: Կապսաիցինի վերաբերեալ նոր տւեալները աւելի արդիւնաւէտ թերապեւտիկ ռազմավարութիւնների հեռանկար են ստեղծում, յատկապէս այն դէպքերում, երբ աւանդական քիմիաթերապիան այլեւս չի օգնում:

News.am

Related Articles

Back to top button