Այլ

COVID-19-ով վարակւած երեխաները բախւում են սիրտ-անօթային հիւանդութիւնների բարձր ռիսկին

Նոր հետազօտութիւնը ենթադրում է, որ COVID-19-ով վարակւած երեխաները կարող են բախւել սիրտ-անօթային հիւանդութիւնների աւելի բարձր ռիսկի, ինչի մասին վկայում են նիւթափոխանակութեան փոփոխութիւններն արեան պլազմայում։

Հարվարդի համալսարանի եւ Աւստրալիայի ֆենոմէնի ուսումնասիրութեան ազգային կենտրոնի (Մերդոկի համալսարան) գիտնականները վերլուծել են COVID-19-ի հետեւանքով առաջացած տարբեր հիւանդութիւններ ունեցող 147 երեխաների արեան նմուշները եւ սուր վիրուսային վարակի փուլից յետոյ յայտնաբերել են նիւթափոխանակութեան զգալի խանգարումներ։ Այդ փոփոխութիւններն ազդել են այն բանի վրայ, թէ ինչպէս է օրգանիզմը մշակում սրտի առողջութեան համար կարեւոր ճարպերը (տրիգլիցերիդներ եւ խոլեստերին): Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են «Proteome Research» ամսագրում:

Ենթադրւում է, որ երեխաներն աւելի քիչ են հակւած COVID-19-ի պատճառով թոքերի ծանր վնասման առաջացման վտանգին, քան մեծահասակները։ COVID-19-ը վնասում է որոշ մեծահասակների սիրտը, եւ այս ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ COVID-19-ով եւ MIS-C (երեխաների մօտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ) ունեցող երեխաներն արեան նիւթափոխանակութեան խոր փոփոխութիւններ են ունենում, որոնցից մի քանիսը ներառում են սիրտ-անօթային ռիսկի մարկերների փոփոխութիւններ։ MIS-C-ն ախտահարում է բազմաթիւ օրգան-համակարգեր եւ կարող է զգալիօրէն վնասել սիրտը, այդ թւում՝ միոկարդի եւ անօթային փոփոխութիւնների հանգեցնելով: Երեխաների մօտ MIS-C-ի եւ COVID-19-ի մոլեկուլային առանձնայատկութիւնների միջեւ նմանութիւններ են յայտնաբերւել, ընդ որում՝ MIS-C ունեցող պացիենտներն աւելի շատ են տուժում:

«Այս հետազօտութիւնը կասկածի տակ է դնում լայնօրէն տարածւած այն ենթադրութիւնը, որ երեխաները մեծ մասամբ չեն տուժում COVID-19-ից՝ հիմնւելով համեմատաբար մեղմ շնչառական էֆեկտների վրայ»։ Սակայն երեխաների փոքր մասի մօտ է հանդիպում հիւանդութեան աւելի ծանր իմունոլոգիական միջնորդաւորւած ձեւը (MIS-C), որը կապւած է աղեստամոքսային եւ սիրտ-անօթային հիւանդութիւնների երկարատեւ հետեւանքների հետ,- նշել է առաջատար հետազօտող, Աւստրալիայի ֆենոմէնի ազգային կենտրոնի տնօրէն, պրոֆեսոր Ջերեմի Նիքոլսոնը։- Այժմ մենք պէտք է լրացուցիչ հետազօտութիւններ կատարենք երեխաների մօտ COVID-19-ի հնարաւոր երկարատեւ հետեւանքների ուսումնասիրման համար։

news.am

Related Articles

Back to top button