Գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը քաղցկեղի բջիջներում ինքնաոչնչացման ցիկլ է առաջացնում
Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քթի խոռոչի քաղցկեղի բուժման համար: Ինչպէս հաղորդում է Հոնկոնգի RTHK ռադիոկայանը, այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է «ինքնաոչնչացման ցիկլ»:
Ըստ ռադիոկայանի, գիտնականները MRNA տեխնոլոգիայի օգնութեամբ քաղցկեղային բջիջներին ինքնաոչնչացման գործընթաց սկսելու եղանակ են գտել։ Դեղամիջոցը փորձարկւել է լաբորատոր մկների վրայ եւ լաւ արդիւնքներ է ցոյց տւել։
Հետազօտութեան հեղինակները դեղամիջոցը բնութագրում են որպէս «խելացի ռումբ», քանի որ այն ոչ միայն ոչնչացնում է չարորակ բջիջները, այլեւ ներգրաւում է իմունային համակարգի բջիջները՝ դրանց դէմ պայքարելու համար, յայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Պրոֆեսոր Աննա Ցանգի վկայութեամբ, նոր դեղամիջոցը գերազանցում է իր անալոգներին, քանի որ նւազագոյնի է հասցնում առողջ բջիջների վրայ բացասական ազդեցութիւնը: «Բուժման բոլոր աւանդական մեթոդները հիմնականում համակարգային են: Դրանք քիմիոթերապիան եւ ռադիոթերապիան են, ուստի դրանք ազդում են ոչ միայն քաղցկեղի, այլեւ սովորական բջիջների վրայ»,- ընդգծել է նա։
«Ինչ վերաբերում է մեր դեղամիջոցին, ապա դրա գործողութեան մեխանիզմը ուղղւած կը լինի միայն քաղցկեղային բջիջներին, որոնք վարակւած են Էպշտէյն-Բարի վիրուսով։ Ուստի սովորական բջիջներն անվտանգ կը լինեն, եւ մարդու օրգանիզմը շատ աւելի քիչ կողմնակի ազդեցութիւն կունենայ, իսկ հիւանդների կեանքի որակն աւելի բարձր կը լինի»,- նշել է պրոֆեսորը։
Քթի խոռոչի քաղցկեղը չարորակ եւ վտանգաւոր ուռուցք է, որը զարգանում է կոկորդի վերին հատւածում։