ԱտրպատականՀամայնք

Բարին ցանկանալու թերութիւնը

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱՐՏԱԶ» ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ

Ընկերական կեանքի հասարակութիւնը անկասկած անհամեմատելի է այլ տեսակի խմբաւորումների հետ, որովհետեւ մարդկութեան կեանքը աստւածաստեղծ լինելով, միայն հաւասարութեան սկզբունքով է ճիշտ առաջնորդւում:

Եկեղեցին լինելով քրիստոսահիմն մի կառոյց, մարդասիրական շինիչ դերակատարութեամբ իր առաքելութիւնը շարունակելու կոչւած, երկնային սիրով վարւելու հեռանկարով է շարժւում, այլ նպատակների իրագործման նւիրւած կառոյցների հեռանկարների ձախողութեան համար ցաւելով:

Ազգային կառոյցների հնագոյնն է մեր եկեղեցին, հայոց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանաւորութեան տակ են գործում մեր ժողովրդի բոլոր հատւածները: Սովետական անաստւածեան շարժումը, որը եօթանասուն տարիներ շարունակաբար հակաքրիստոնէական պատմութիւն տարածելու անսահման ճիգով սերունդներ դաստիարակեց, գէթ գաղտնի մօտեցմամբ՝ «մշակութային կոթողներ» անւանելով պահպանեց երկնասլաց գմբէթների մեծամասնութիւնը մայր հայրենիքում, որի ծնունդ հայ հոգեւորականութեան մի մասը, Սիբիրում, պժգալի տանջանքների ենթարկւելով նահատակւեց, իր առաքելութիւնը շարունակելու «յանցագործութեան» պատճառով:

Նիւթական շահի եւ քաղաքական տարբեր ուղղութիւնների ներքին տարբեր մօտեցումները, վստահաբար հեռու են լինում քրիստոսակենտրոն կառոյցներից, որոնց հեռանկարը ազգային նպատակների ձեռքբերումներից շատ աւելի հեռահաս բարձունքում է գտնւում, հոգեփրկութեան անկանխատեսելի արդիւնքների խորը ցանկութեամբ:

Իր առաքելութեանը ծանօթ կառոյցը՝ եկեղեցին, քրիստոսահիմն արմատների վրայ կանգնած, դարերի աղօթքով եւ բացառիկ պահւածքով, պահպանել է մեր ազգի փրկութիւնը անօրէն թշնամուց, որը կարող է երեւելի եւ աներեւոյթ լինել:

Երեւելի թշնամի ունենալու երեւոյթը ինքնին շատ աւելի ցանկալի է, քան թէ աներեւոյթը, որը ծածուկ աշխատանքով իրագործում է իր դաժան նպատակը: Ահա թէ ինչպէս կործանւում է ազգի նաւը, բախւելով ծովում յանկարծ յայտնւող, եւ սրաքարերով օժտւած կղզու ժայռերին…:

Դարաւոր մեր ազգի ուղղւածութիւնը տարբեր դարաշրջաններում, Աստծու օրհնութեամբ մեր ժողովրդում ծնւած անձերի առաջնորդութիւնն է վայելել: Այսօր մեր պետութեան երկնայանձն անկախութիւնը վտանգւել է ո՛չ միայն արտաքին թշնամու հակահայկական նպատակներից, այլեւ ներքին անհամաձայնութեամբ ինքնաքանդման առաջնորդող շարժումներից: Հայկական մամլոյ բազմատեսակ լրատւամիջոցների հակադիր լուսապատկերն ու անհատական հակասութիւնները, իրենց թարգմանական էջերով, երգերի ու թատերական ներկայացումների ծաղրանքներով հովացնում են հակառակորդների սրտերը, եւ մեր ժողովըրդի զաւակների առօրեայ խօսակցութեան եւ ծիծաղի առանցքը հանդիսանում:

Մեր ներքին անհամաձայնութեան նւիրեալ զաւակների խմբակցութիւնները երբեք չհրճւեն իրենց հակառակորդներին թշնամու թիրախում յայտնւելու դէպքից: Դա ինքնախաբէութեան առաջին աստիճանն է, որովհետեւ յաջորդ էջում գտնւում է հրճւողի սեփական լուսանկարը…:

Եկեղեցին մեր նւիրական հայրենիքի սրբագոյն խորանն է, որի վրայ մատուցւած սուրբ պատարագից յետոյ, Քրիստոսի մարմնով եւ արեամբ հաղորդւելը, մեզ առաւել եւս կապում է մեր հայրերի արմատներին: Միջավայր՝ որը անձնական շահերի եւ սեփական անհատի փառաւորման խաղավայրի չենք կարող վերածել:

Ազգային-հոգեւոր բարին ցանկանալը թատերական բեմում այն կատարելուց շա՜տ առաջ, իրականացւելու է մեր եկեղեցում, հաւատաւոր աղօթքով…:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն

«Արտազ» ամսագիր (թիւ 6, յունիսի 2024 թ.)

Related Articles

Back to top button