ԹեհրանՀամայնք

Ադրինէ Շահնազարեանի անմոռաց յիշատակին

(Մահւան 40-օրեակի առթիւ)

Ես ապրել էի ուզում, բայց աւաղ մահը ժամանակից շուտ դուրս եկաւ եւ փռւեց շուրջս, իր տխուր երգը երգեց, ինչ արած ես գնացի թէկուզ ապրել էի ուզում:

Մարդիկ գալիս ու գնում են, իւրաքանչիւրը իր ըմբռնումների եւ ընկալումների համապատասխան, իր հասկացողութեան եւ գիտակցութեան համաչափ ապրում են կեանքը, ապա յիշատակ թողնելով՝ հրաժեշտ են տալիս կեանքին: Մնում է՝ լաւը բարին, արժէքաւորը, յիշատակն ապրեցնող արարքը, գործը, եւ ծառայութիւնը:

Անհուն վշտով եւ խոր ափսոսանքով տեղեկացանք որ սոյն թւականի փետրւարի 27-ին Թեհրանում կարճատեւ սակայն, ծանր ու հոգեմաշ հիւանդութիւնից յետոյ կեանքին հրաժեշտ տւեց ազգային ու հոգեւոր արժէքներով ապրող, մշակութասէր ու նւիրւած միութենական մեր շատ սիրուն օր. Ադրինէ Շահնազարեանը: Նրա մահը մեծ վիշտ պատճառեց ոչ միայն իր անմիջական հարազատներին, այլ նաեւ՝ բոլոր նրանց, ովքեր տարիներ տարբեր առիթներով շփւել ու համագործակցել էին նրա հետ եւ ծանօթ էին իր համեստ ու մարդամօտ խառնւածքին, ազգային ու մշակութային հարցերի հանդէպ նրա նախանձախնդրութեանը եւ խոր հաւատքին՝ կրօնական խնդիրների նկատմամբ: Այս բոլոր առաքինութիւնների շնորհիւ էր, որ վայելում էր իր շրջապարի յարգանքն ու համակրանքը:

Ծնւել էր 1984 թ. յունւարի 4-ին Թեհրանում մի նահապետական ընտանիքի գրկում: Իր ընտանեկան խնկելի դաստիարակութիւնը, հոտաւէտ ծաղկի պէս, իր կեանքի ամբողջ ընթացքում, բուրեց որպէս խունկ ու կնդրուկ եղաւ բարի, ընկերական ուղղամիտ եւ բարեպաշտ:

Ադրինէն մանուկ հասակից յաճախել էր «Քուշեշ» ազգային ներկայիս «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզ: Տարրական ուսումը ստացել էր «Ռոստոմ» ազգային աղջ. դպրոցում՝ իսկ միջնակարգը «Մարի Մանուկեան» դպրոցում:

Բարձրագոյն կրթութիւնը ստացել էր Թեհրանի հիւսիսային Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնում՝ 2007 թ.-ին: Նաեւ 2017 թ. Սաւէ քաղաքի իսլամական ազատ համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոսի ֆակուլտետը: Ապա անցել աշխատանքի:

Ադրինէն կենսուրախ, ընկերասէր, բարեկիրթ եւ սիրւած մի երիտասարդ էր եւ հասցրեց իր կարճատեւ կեանքում ձեռք բերել բազմաթիւ ընկերներ ու հարազատներ:

Նա ընդունակ, պարտաճանաչ, կարգապահ եւ աշխատասէր էր, իր միութենական կեանքում եւ իրեն յանձնարարւած աշխատանքները կատարում էր ամենայն սիրով ու նւիրւածութեամբ:

Ադրինէն ազնիւ էր, բարի ժպտերես ու եռանդուն սիրում էր օգնել բոլորին՝ առանց սպասելիքների:

Դեռ երկար տարիներ կը վայելէինք Ադրինէի կարողականութիւնները ու բարեհամբոյր բնաւորութիւնը, եթէ չարաբաստիկ մահը նրան չբաժանէր մեզանից:

Սիրելի Ադրինէի յիշատակը, որպէս անթառամ շուշան, միշտ թարմ կը մնայ մեր հոգիներում: Յարգանք նրա անմոռաց յիշատակին ու բեղուն վաստակին:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Related Articles

Back to top button