ԹեհրանՀամայնք

Թեհրանի ոստիկանական եւ Իրաւապահ ուժերի գլխաւոր հրամանատարի այցը ազգային առաջնորդարան

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, հինգշաբթի՝ յունւարի 9-ին, ազգային առաջնորդարան այցելեցին Թեհրանի Ոստիկանական եւ Իրաւապահ ուժերի գլխաւոր հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին՝ Տ. Ստեփանոս ծ. վրդ. Փաշայեանը, Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ատենադպիրներ՝ Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը, Հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին՝ Իրան-Իրաք Պարտադրեալ պատերազմի Հայ Նահատակների եւ Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ատենապետ Արտուշ Իսկանդարեանը, Նահատակ Ալֆրէդ Գաբրիի՝ հայրը եւ անձնուրաց՝ Հասօ Քեշիշ Դանիէլեանը:

Տ. Ստեփանոս ծ. վրդ. Փաշայեանը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հայրական ողջոյնները փոխանցեց եւ ուրախութիւն յայտնեց քաղաքի անվտանգութիւնը եւ խաղաղութիւնը ապահովող նւիրեալ անձանց ներկայութեան համար: Նա նշեց, որ վստահաբար նոյն նախանձախնդրութեամբ եւ բծախնդրութեամբ կը շարունակւի նրանց անձնազոհութիւնն ի խնդիր հասարակական ապահովութեան:

Գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքի խօսքեր փոխանցեց եւ անդրադարձ ունեցաւ իրաւապահ ուժերի աշխատանքներին եւ նախորդ տարւայ ընթացքում ձեռք բերւած յաջողութիւններին: Գեներալ Մոհամադեանը անդրադառնալով հայրենասիրութեան եւ նահատակութեան վեհ կոչմանը յայտնեց, որ իրաւապահ ուժերը իրենց առաքելութեանը հաւատարիմ մնալով պահպանում են ապահովութիւնը եւ նահատակւում ի խնդիր երկրի անվտանգութեան: Նա անդրադարձաւ նաեւ Յեղափոխութեան տարիներին եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում հայ նահատակների եւ անձնուրացների քաջագործութիւններին, որոնք Իրանեան հայրենիքի հողային ամբողջականութիւնը իրենց նպատակակէտը դարձնելով, առաջնագծում յայտնւելով սխրանքներ գործեցին ու իրենց կեանքն ու առողջութիւնն զոհեցին իրենց հայրենակիցների անվտանգութեան եւ երկրի պաշտպանութեան համար:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսք ուղղեց՝ կատարւած այցի եւ ցուցաբերւած ուշադրութեան համար: Նա Իրանը նմանեցրեց բազմազան ծաղիկներով լի մի այգեստանի, որտեղ ծաղիկների արմատները նոյն հողում միասնականօրէն աճում են եւ բարգաւաճում: Նա նշեց, որ այդ բազմազան ծաղիկներին մաս է կազմում նաեւ իրանահայ համայնքը, որն իր անւանի եւ հանրայայտ հայորդիների շնորհիւ՝ ներդրում եւ գործօն դերակատարութիւն է ունեցել երկրի՝ գիտական, հասարակական, մշակութային, մարզական եւ արւեստի տարբեր բնագաւառների զարգացման ուղղութեամբ:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ եւ գնահատագրեր փոխանակւեցին կողմերի միջեւ, նաեւ գնահատւեցին Նահատակ Ալֆրէդ Գաբրիի՝ Հայրը եւ Անձնուրաց՝ Հասօ Քեշիշ Դանիէլեանը, որից յետոյ այցելուները Հայոց Ցեղասպանութեան նահատակների յուշարձանի մօտ իրենց յարգանքը մատուցելով, այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button