ԹեհրանՀամայնք

Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հաւատաւոր գործիչ Վարդան Վարդանեանը

Մահացել է իրանահայ ազգային‑հասարակական հաւատաւոր գործիչ Վարդան Վարդանեանը։

1984 թւականից շուրջ 16 տարի Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութիւնն իր մանդատը վստահել էր ճրտ. Վարդան Վարդանեանին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսում։ Նա որպէս պատգամաւոր եւ տարբեր յանձնաժողովների անդամ մի քանի գումարումների ընթացքում ընդգրկւած է եղել Արդիւնաբերութեան յանձնաժողովում եւ ընտրւել այդ յանձնաժողովի ղեկավար կազմի անդամ։

Վարդան Վարդանեանի գործունէութիւնն ու կատարած աշխատանքները լայնօրէն յայտնի են իրանահայ համայնքին, յատկապէս Իրան-Իրաք պատերազմի տարիներին եւ պատերազմին յաջորդած շրջանում։ Նա նշանակալի ներդրում է ունեցել արդիւնաբերութեան ոլորտում աշխատող գործարարների գործունէութեան կազմակերպման եւ բարելաւման գործում։

Վարդան Վարդանեանի գործունէութիւնը չի սահմանափակւել միայն արդիւնաբերութեան ոլորտով։ Նա երկար տարիներ ստանձնել է պարսկերէնով հրատարակւող «Պայման» պարբերականի հրատարակման պատասխանատւութիւնը՝ որպէս արտօնատէր։

2011 թւականին Վարդան Վարդանեանին է շնորհւել Մովսէս Խորենացու շքանշանը:

«ԱԼԻՔ» օրաթերթն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում Վարդան Վարդանեանի ընտանիքին, հարազատներին եւ ողջ իրանահայ համայնքին՝ կիսելով անդառնալի կորստի վիշտը։

Related Articles

Back to top button