
«ԱԼԻՔ» – Ընկալեալ սովորութեան համաձայն՝ արդէն տարիներ է ինչ Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը, իր կենտրոնատեղի «Արամ Մանուկեան» սրահում մայիսի 1-ի Աշխատաւորական տօնի առիթով կազմակերպում է մտերմիկ հանդիպում, մասնակցութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների, հայ արհեստաւորների եւ իր միութենականների:
Այս տարի միջոցառումը կազմակերպւել էր մայիսի 5-ի երեկոյեան: Հանդիպման ընթացքում միութեան վարչութեան նախագահ Ժորժիկ Խուդավերդեանը ողջունելով ներկաներին նշեց, որ ի յարգանս նորոգ հանգուցեալ ազգային հասարակական գործիչ եւ արհեստաւոր Արա Իսաղուլեանի մէկ րոպէ ոտնկայս յարգւի նրա յիշատակը:
Ապա Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը կարեւորութեամբ անդրադարձաւ արհեստաւորի եւ իմասնաւորի հայ արհեստաւորի դերակատարութեանը հայկական իրականութեան մէջ շնորհաւորելով աշխատաւորների տօնը, նաեւ հայ ժողովրդի տօների տօն Մայիսի 28-ի յաղթանակի առիթով:
Հանդիպմանը «ԱԼԻՔ» օրաթերթի տնօրէն Արգիշտի Թովմասեանը իր ելոյթի ընթացքում ողջունելով հայ արհեստաւորների տօնը, նրանց մաղթեց առաւել յաջողութիւն: Նա իր խօսքերի ընթացքում անդրադարձաւ Շուշիի ազատագրութեան օր Մայիսի 9-ին, յոյս յայտնելով որ վերանկախանալու է Շուշին եւ շնորհաւորեց հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան գոյատեւման գրաւականը հանդիսացող Մայիսի 28-ի փառապանծ յաղթանակը:
Միջոցառմանը գնահատւեցին արհեստաւորներ՝ Վաղարշակ Կարապետեանը, Վիգէն Խաչատուրեանը եւ Սահակ Մայիլեանը: