
«Հաւատա՛ ինձ ես էլ կարող եմ այն, ինչ դու» կարգախօսը գործի վերածած, թւականիս հինգշաբթի՝ մայիսի 8-ին երեկոյեան, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան կենտրոնատեղիում բացումը կատարւեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների եւ նկարչութիւնների երկօրեայ ցուցահանդէս-վաճառքի, որը հովանաւորել էր Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:
Տարեկան վաճառք-ցուցահանդէսի բացումը կատարւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ձեռամբ:
Հիւրերը եւ ներկաները նախ այցելեցին ցուցահանդէսը, որտեղ տեղադրւած էր կենտրոնի սաների գեղանկարչական աշխատանքները, ինչու չէ նաեւ ձեռքի աշխատանքները:
Ցուցահանդէսը այցելելուց յետոյ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Իր քաջալերանքի խօսքերի ընթացքում Հայր Սուրբը նախ փոխանցեց Սրբազան Հօր օրհնութիւնը «Ակունք» կենտրոնին եւ ընդգծեց. «Աշխարհի բոլոր ասպարէզների մէջ մարդիկ եղած տարրերից օգտւելով հնարում են ինչ որ բան, միակ ասպարէզը որի ընթացքում մարդը չի հնարում, այլ ստեղծում է, դա արւեստն է: Եւ այդ միջոցով մարդը Աստծու հետ ստեղծագործում է, այլ խօսքով շարունակում է այն ստեղծագործութիւնը, որ Աստւած սկսել էր առաջին իսկ օրւանից: Մենք այսօր այս ցուցահանդէսում տեսանք այս ստեղծագործութիւնները եւ հասկացանք, որ «Ակունք» կենտրոնի մեր աշակերտները Աստծու ձայնն է, որ փոխանցում են»: Հայր Սուրբը իր գնահատանքը յայտնեց «Ակունք» կենտրոնի տնօրէնութեանը եւ ուսուսցչական կազմին իրենց տքնաջան աշխատանքների կապակցութեամբ, նաեւ ՀԲԸՄ-ի վարչութեանը սրահը տրամադրելու համար:
Հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու պատգամաւոր Արա Շահվերդեանը: Պատգամաւորը իր գնահատանքի խօսքը ուղղելով ՀԲԸՄ-ին, «Ակունք» կենտրոնի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ սաներին ընդգծեց, որ այս ցուցահանդէսը արդիւնքն է համատեղ ջանքերի, որի առումով իրենց կարեւոր դերն ունեն նաեւ ծնողները: Նա յաջողութիւն մաղթեց աշակերտներին, որ ամէն անգամ մի նոր աշխատանքով են հանդէս գալիս ի շնորհիւ իրենց ուսուցիչների եւ տեսչական կազմի:
Ապա կենտրոնի փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանը կենտրոնի անունից գնահատանքի խօսքեր ուղղեց կենտրոնի նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգեանին եւ նրան յանձնւեց գնահատագիր, որից յետոյ իր երախտիքի խօսքերը փոխանցեց Հերմինէ Ղարաբէգեանը: Վերջում պատգամաւոր Արա Շահվերդեանի, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի, Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Դաւիթ Աբուլեանի, Կրթական խորհրդի անդամ Մարիա Ղազարեանի, կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նկարչութիւնների հեղինակ աշակերտներին: Ցուցահանդէս վաճառքը շարունակւեց նաեւ ուրբաթ՝ մայիսի 9-ին:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ