ՀՕՄ-ի մասնաճիւղի կազմակերպութեամբ՝ աշնանամուտի հանդիսութիւն Ուրմիայում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, 19 նոյեմբերի 2025-ին, Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ աշնանամուտի թէյասեղան, գեղարւեստական գեղեցիկ ծրագրով, «Նայիրի» կրթարանի սաների մասնակցութեամբ։
Սոյն հանդիսութեան ներկայ էր ՀՕՄ-ի վարչութիւնը, երեխաների ծնողներն ու հարազատները, ինչպէս նաեւ հրաւիրեալներ։ Ծրագրի բացման եւ ողջոյնի խօսքը արտասանեց ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի, ինչպէս նաեւ «Նայիրի» կրթարանի նորանշանակ տեսչուհի Լալա Ֆարհադեանը: Նա բարի գալստեան խօսքով ողջունեց բոլոր ներկաներին, ապա գնահատանքի խօսքեր ուղղեց ուսուցչական կազմին, ովքեր իրենց սէրն ու ջանքերը չեն խնայում փոքրիկներին կրթելու եւ ուրախ միջավայր ապահովելու նրանց համար։ Լալա Ֆարհադեանը շնորհակալական խօսք ուղղեց նաեւ ծնողներին իրենց աջակցութեան եւ ամբողջական համագործակցութեան համար, իսկ փոքրիկներին մաղթեց, որ այս աշունը լինի նոր գիտելիքների ամբարման եւ ուրախ պահերի ժամանակաշրջան, որպէսզի նրանց ճանապարհը լինի լուսաւոր ու պայծառ։
Յայտնենք, որ ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի միջոցով սրահը յարդարւել էր աշնանային տեսարաններով, դեղնած տերեւների, նարնջագոյն հսկայ դդումների, տնային հնամենի կրակարանների, հնաբոյր լապտերների եւ այլ նիւթերով:
Այնուհետեւ երեխաները իրենց աղօթական արտասանութեամբ սկսեցին ծրագիրը, մեր հրաշք հայերէնով կատարեցին աշնանը նւիրւած ասմունքներ ու երգեր, զարմանք ու հիացմունք պատճառելով բոլոր ներկաներին, որ տարեսկզբից մինչեւ այսօր, այսքան նիւթեր էին սովորել, եւ անկաշկանդ ներկայացնում էին դրանք։ Նախակրթարանի սաները հպարտօրէն ներկայացրեցին քառատող, նւիրւած Այբուբենի առաջատար «Ա» տառին, իսկ պարսկերէնով արտասանեցին մէկ ասմունք։
Ծրագրում ընդգրկւած էր նաեւ վիճակախաղ, որի յաղթողները պարգեւատրւեցին գեղեցիկ նւէրներով։ Բոլոր ներկաները հիւրասիրւեցին թէյով, սուրճով, համեղ խմորեղէնով եւ աշնանային անուշահամ մրգերով։ Աշնանային այս ձեռնարկը հաճելի պահեր եւ ուրախ տրամադրութիւն պարգեւեց թէ՛ փոքրերին, եւ թէ՛ մեծերին, յատկապէս աւարտին, երբ միասնական շուրջպարերով ճոխացաւ ծրագիրը։
Ուրմիայում միութիւնների կազմակերպած բոլոր ծրագրերը համախմբում են մեր ժողովրդի զաւակներին նրանց հաւաքական տնում, Հայոց եկեղեցու շրջափակում գտնւող երդիկի տակ, համազգային շունչը կենդանի պահելու, եւ դրա ջերմութեամբ զօրանալու նպատակով:









