Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցիում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, 23 նոյեմբերի 2025-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը ներկայ գտնւեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում մատուցւած Սուրբ Պատարագին եւ հանդիսապետեց արարողութեանը: Ս. Պատարագը մատոյց՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի միջոցով, ղեկավարութեամբ տիկին Քոչարեանի:
«Ամէն եւ ընդ հոգւոյդ քում»-ից յետոյ, առաջնորդ Սրբազանը քարոզեց, օրւայ Ճաշու աւետարանից վերցնելով այն հատւածը, որը մարդկային մտահոգութիւնը թեթեւացնելու միտում ունի: «Մի մտածէք թէ ի՞նչ էք ուտելու, կամ ի՞նչ էք խմելու, ասում է Յիսուս, օրինակ տալով ագռաւներին, որոնք ոչ ցանում են եւ ոչ հնձում, բայց Աստւած նրանց սոված չի՛ պահում», Աւետարանից մէջբերեց Սրբազանը սոյն տողը, ներկայ կեանքի դժւարին պայմանների վերլուծումը կատարելու համար: Ծնողների, եւ յատկապէս չքաւոր, ու ամենօրեայ հացով ապրող մարդկանց իրավիճակին ակնարկելով, առաջնորդ Սրբազանը վեր առաւ աստւածային ոյժի հանդէպ ուժեղ հաւատքը, որը ցեխի միջից կարող է դուրս բերել կարիքաւորներին, որովհետեւ Նա խտրութիւն չի դնում իր ստեղծած արարածների մէջ:
Շարունակելով քարոզի համար աւետարանական մէջբերումը, Սրբազանը յիշեց նաեւ Յիսուսի տւած շուշանի օրինակը. «Նայեցէ՛ք դաշտի շուշաններին, Սողոմոնը իր այնքան հարստութեան մէջ, չկարողացաւ նրանցից մէկի նման սիրուն հագնւել…»: Այս օրինակը եւս վեր առնելով, առաջնորդ Սրբազանը անդրադարձաւ այն մեծամտութեան մօտեցումներին, որոնք իրենք իրենցմով հպարտ մարդիկ սովորութիւն ունեն: «Յիսուս խոնարհութիւն է սովորեցնում, իր հետեւորդներին: Ինքնաբաւ լինելը, մեծամտութեան չի առաջնորդի մարդուն: Նա միշտ իր աչքերը յարելու է երկնաւոր Հօրը, որը շատ աւելի բարձր է, քան աշխարհի բոլոր բարձրութիւնները: Կան անձեր, որոնք ուսման ոլորտում բարձրագոյն վկայականների տիրանալով, կարծում են իրենց գիտութեամբ անդրանցել են Աստծուն…: Սա արդէն տգիտութեան բարձրագոյն չափանիշն է կազմում: Այն որ մարդկային բարձրագոյն աստիճանին է գտնւում, դեռեւս Աստծու ոտքերի հաւասար իսկ չէ…: Պատկերացրէք երկնային անսահման տարածութիւնը, երբ երեւացող փոքր աստղին հասնելու համար ինչքա՜ն երկար ժամանակ է հարկաւոր… իսկ եթէ մեր չիմացած մոլորակներին մօտենալու երազին հասնենք ակնթարթով ճամբորդելու կարողութիւն ձեռք բերելով, տարիներն իսկ բաւարար չեն լինելու այնտեղերը նւաճելու…: Ուրեմն, իմանանք մեր զգեստին պարզութիւնը, երբ դաշտի Շուշանին իսկ չենք կարող հասնել, մեր կարծած շքեղութեամբ…», ասաց Սրբազանը:
Այս առիթով, նա բարձր գնահատեց Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի, ինչպէս նաեւ Խնամակալ մարմնի եւ «Նարեկացի» երգչախմբի անդամներին, ու համայնքում գործող բոլոր Միութիւններին, որոնք ազգային ու եկեղեցական կեանքը Ուրմիայում միշտ կանգուն են պահում: Սրբազանը գնահատեց նաեւ Տէր հօրը, որ կիրակնօրեայ պատարագներով եւ ծիսակատարութեամբ ծառայում է ուրմիահայութեանը:
Սուրբ պատարագից անմիջապէս յետոյ, եկեղեցու Գործակալական խորհրդի հովանաւորութեամբ, եւ կազմակերպութեամբ եկեղեցու Խնամակալ մարմնի կանանց, եկեղեցու «Արամ Մանուկեան» շքեղ սրահում տեղի ունեցաւ մասնաւոր հիւրասիրութիւն, որը մտերմիկ պահ ստեղծեց ներկաների միջեւ:
Սրբազան հայրը մի անգամ եւս գնահատեց գործակատար բոլոր կառոյցների նւիրեալներին, իր ջերմ օրհնութիւնը փոխանցելով ներկայ հաւատացեալներին:









