«ԳՈՀԱՐԱԳԷՏԻ ԱՐՒԵՍՏԸ ՔԱՇՈՎ ՈՍԿԻ ԳՆԱՀԱՏԵԼՆ Է «ՕՀԱՆԵԱՆ»-Ի ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ»
Հանդիպում Օհանեան ոսկերչական կենտրոնի տնօրէն Արգին Օհանեանի հետ
ՀԱՏԻՍ
Մասամբ հասկանալի պատճառներով տրամաբանական է հնչելու, եթէ ասւի՝ մեր օրերին իրանահայ գործարարների շրջանակը, եթէ ո՛չ նոսրացել, ապա հաստատ մեծանալու առիթներ չի ունեցել:
Սա ժողովրդագրական առումներով նաեւ կարեւոր փաստ է, որպէս վիճակագրութեամբ արձանագրւած իրավիճակ, որի հետեւանքներին հաստատ պէտք է պատրաստ լինել:
Չնայած սուբիեկտիւ կարծիքի պէս է հնչում, սակայն փակագծերի մէջ նշենք, որ յեռքն իր ծնկին դրած ու բարձրացած երիտասարդ գործարար Արգին Օհանեանի հետ մեր հանդիպման թեմաններից էր նաեւ նոր սերնդի մօտ՝ մի գիշերում միլիունատէր դառնալու կատակերգութիւնը: Նրա կարծիքով ուղիղ կապ կայ իմ «սուբիեկտիւ» եզրակացութեան եւ «մի գիշերով միլիոնատէր» դառնալու միջեւ: Իհարկէ երիտասարդ բայց արդէն Իրանի գորհարեղէնի շուկայում խօսք ասող գործարար ոսկերիչին տեսնելով գուցէեւ դա մտքովդ անցնող առաջին բանը լինի:
Այնուամենայնիւ մեր զրոյցի հիմնական թեման այլ էր: Առիթը յաջողակ գործարարի հիմնադրած «Օհանեան» ոսկերչական կենտրոնը պաշտօնապէս որպէս բրենդ գրանցւելու փաստն էր: Երեւոյթն իր տեսակի մէջ վերջին մէկ դարում գուցէ երկրորդն է, իհարկէ ոլորտի մեծանունների կտրւածքով:
Նշենք նաեւ, որ «Օհանեան»-ի հիմնադիր եւ գլխաւոր տնօրէն Արգին Օհանեանի հետ մեր զրոյց-հանդիպման համար դեռ պայմանաւորւել էինք մէկ տարի առաջ, երբ Իրանի գոհարեղէնի միջազգային ցուցահանդէսին «Օհանեան»-ի տաղաւար այցելեցինք: Այսքանից յետոյ հազիւ յաջողւեց տեղաւորւել ժամանակի մէջ ու երկու բառ փոխանակել Արգինի հետ, ով առաջին հայեացքից ընկեր է, իսկ զրոյցի ընթացքում՝ համբերատար գործարար եւ տնօրէն: Արգինը առաջինը չէ, ով խոօսքը բացելու է: Արդէն ներքուստ յղկւել է եւ ոսկու օրինակով է գնահատւում բառերի քաշը: Այնպէս, որ ընթացքում կարող է պատասխանել նաեւ չտրւած հարցին:
Իր մասին խօսել չսիրողներից է, միաժամանակ փորձում է իւրաքանչիւր փորձառութեան մանրուքների մասին կիսւել քեզ հետ, ինչով էլ աւելին է բացայայտւում Արգինի միւս կողմը:
Ծնւել է 1988 թւականի յունւարին: Իր ասութեամբ «սովորական տղայ է՝ հայկական սովորական ընտանիքում» մեծացած: Ասում է նաեւ, որ բախտը բերել է, որ պատանեկութիւնն անց է կացրել Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնում:
Եւ այսպէս Արամազդի (Վարդանեան- անւանի ոսկերիչ եւ բազմաթիւ հայ ոսկերիչների վարպետը) մօտ մի քանի ամիս աշխատելուց յետոյ նրա դասընկերներից՝ Մհերը Արգինին է առաջարկում միանալ բուհական նոր կրթական ծրագրին, ինչը մերժում է Արգինը , քանի որ ընդունւել էր մատեմատիկայի ֆակուլտետ, իսկ այժմ որոշել էր ձեռքերը կոշտացնել միանգամից աշխատանքային իրական աշխարհ մտնելով:
Արամազդի մօտ հեշտ չէր: Ինքը ամէն մի մանրուքի վրայ բծախնդիր էր եւ «…կանգնում էր գլխիդ մինչեւ սովորես»: Բայց տարբեր խնդիրներ էին ծագում աշխատելուց, ամէն մէկն իր բնաւորութիւնն ունէր, հետն էլ առանց արձակուրդայինի ու ժամացոյցի ճշգրտութեամբ աշխատելն էր, որ քեզ ժամացոյցի սլաքի պէս էր դարձնելու: «Ուղիղ եւ այնքան ձիգ, որ նոյնիսկ քնած ժամանակ օրը երկու անգամ ճիշտ ժամն էիր ցոյց տալու»:
Մեր կողմից մերժւած Հայազի վիզան
Արամազդի մօտ հինգ ու կէս տարի է աշխատել Արգինը: Ու մէկ էլ նրա մօտ շրջադարձ է տեղի ունենում ու փոխում է մասնագիտութիւնը միանալով տպիչներ ներկրող եւ վերանորոգող հայ գործարարներից մէկի ընկերութեանը:
Այդ ընթացքում Արգինը կանգնում է աւելի լուրջ որոշման առաջ: «Մինչեւ ականջներդ սիրահարւած ես, ու մէկ էլ գալիս է «Հայազ»-իդ վիզան: Երկար մտմտալ պէտք չէր: Մինգամից ընտանիքիս յայտնեցի, որ պատրաստ չեմ թողնել ամէն ինչ ու գնալ այստեղից: Մնացինք բոլորով»:
Չնայած մինչեւ վիզաների ու Հայազի պատասխանը, ինձ պատրաստում էի նաեւ ամերիկաներ մեկնելու դէպքում այնտեղ աշխատելու համար: Գիտէի, որ աշխատելու համար պէտք է ունենալ համապատասխան դիպլոմներ, հաւաստագրեր… Աշխատնաքի հետ միասին գնում էի ոսկերչութեան դասընթացների «Ալաւի» ուսումնարանում: Առաջին որակաւորման ժամանակ, որոշեցին, որ ես դասընթացներին մասնակցելու եմ որպէս տեխնոլոգ, կամ դասը վարողի օգնական: Այդպէս նոր կապեր ձեռք բերեցի ու սկսեցի պատւէրներ ընդունել:
Միկրօարհեստանոց պատշգամբը
Մեր բնակարանի պատշգամբը ծածկել էի ու դարձրել՝ միկրօ-արհեստանոց: Գիշերը տուն հասնելուն պէս անցնում էի աշխատանքի եւ այդպէս շարունակ վստահութեան օղակը մեծացաւ ու նոր պատւիրատուներ յայտնւեցին: Արդէն ողջ օրս պատշգամբի այդ փոքր արհեստանոցում էր անցնում: Հէնց այդ օրերին էր, երբ տնեցիներին ասացի, որ չեմ գալու Ամերիկա: 2012 կամ 13 թւականներն էր, ու եւս երեք տարի եւ արդէն աշխատանքն իր հունով էր գնում: Բայց մեզ համար դրանք աշխատանքային ամենածանր եւ ահաւոր տարիներն էին: Մի կողմից գիտես, որ ընտանիքդ քո պատճառով է հրաժարւում գնալ Ամերիկա, միւս կողմից՝ հէնց դու ես, ով պատասխանատւութիւն է կրում դրա համար: Քոյրս Թեհրանում աշխատում էր ֆրանսական մեքենաների ընկերութիւնում: Նրա միջնորդութեամբ յաջողւեց հինգ միլիոն թուման վարկ վերցնել բանկից: Գումարը ծախսւեց գործիքներն ու պէտք եղած տեխնիկան գնելու եւ թարմացնելու վրայ: Արհեստանոցն արդէն լիարժէք էր աշխատում: Պատւէրներ էինք ընդունում ու ոչ մէկը յուսախաբ չեղաւ:
Ականջ կտրող տոկոսադրոյքը
Ժամանակն էր արդէն արհեստանոցն աւելի մեծ տարածք տեղափոխել: Բնականաբար բարձր գումարների էր նայում այն: Հայրիկի խանութը կար: Ինքն էլ արդէն տարիքն առած թոշակի էր անցել: Բայց մինչեւ խանութը վաճառելն ու գումարի երես տեսնելը երկար ժամանակ էր պահանջում: Ամէն դէպքում հասկանում էի, որ ձեռքս իմ ծնկին պիտի լինի, այլապէս կորցնելու ես ներքին մղումդ: Վերջապէս տեղաւորւեցինք նոր տարածքում: Իսկ, երբ խանութը վաճառւեց, գումարը ներդրեցինք գործի ու գործիքների վրայ: Մի քիչ էլ կեանքի իհարկէ: Այդպէս ժամանակի ընթացքում ե՛ւ գործն էր եկամուտի հասել, ե՛ւ ներդրած գումարն էր արդիւնաւէտ աշխատել: Շատ չանցած կանգնեցինք նոր խնդրի առաջ: Բնակելի շէնքում արհեստանոց պահելն իր խնդիրներն ունի: Սրա կողքին բեռներն էլ պէտք էր չորս յարկ բարձրացնել, այդ էլ մի քանի անգամ օրւայ ընթացքում: Հարեւանների խնդիրը մասամբ լուծւած էր մերոնց նոյն շէնքում բնակւելու հաշւին: Սակայն մէկ է դժգոհութիւն կար ու հասկանալի էր նաեւ:
Արդէն առանձին շէնքում հաստատւելու անհրաժեշտութիւն կար, յատկապէս, երբ ծնողներս տեղափոխւեցին նոր բնակարան՝ նոյն շէնքում այլեւս ուժերս չէր հերիքելու: Հարեւաններն էլ չէին հանդուրժելու:
Տրակտորի պէս ենք աշխատել
Որոշ ժամանակ անց բանկերից մէկի հետ պայմանաւորւեցինք: Ընդունեցին տարածք գնելու համար, ամբողջ գումարի 70 տոկոսը վարկաւորեն, եթէ մնացած 30 տոկոսը կանխիկ վճարւի գնորդի կողմից: Բնակարանը գտել էինք ու պայմանաւորւել նաեւ գործարքի համար: 30 տոկոսի փոխարէն կէսից աւելին վճարեցի կանխիկով, իսկ յաջորդ օրը, երբ դիմեցի բանկ, բանկը մերժեց համագործակցել խնդիրը կապելով նոր օրէնքների սահմանւած արգելքների հետ:
Մի խօսքով մեր ուրախութիւնը անմիջապէս վերածւեց մղձաւանջի: Մեզ միայն երկու ամիս էր մնում մի ամբողջ կարողութիւն արժեցող գործարքը, որն արդէն ուղիղ իմաստով պարտքի էր վերածւել՝ փակել: Տրակտորի պէս ենք աշխատել այս ընթացքում: Բախտի բերմամբ շուկան էլ մի քիչ շարժւեց եւ պատւէրների հարցում ժամանակը չէր հերիքում: Դիմեցինք նաեւ վաճառողին ու մի կերպ համաձայնութիւն եղաւ երկու ամսով երկարացնել մարման ժամկէտը: Յետոյ մի քիչ էլ ճաշակեցինք վաշխառուների ճանկերը: Մեր ականջը լաւ էլ կտրեցին: Չնայած հասցրեցինք փակել ե՛ւ բնակարանի, ե՛ւ բարձր տոկոսադրոյքով պարտքերը:
Երեք բնակարանով եռայարկ շէնքի յարկաբաժիններից երկուսը գնել էինք: Յետոյ պայմաններն աւելի լաւացան ու արդէն շէնքն ամբողջութեամբ սեփականացրեցինք: Դրանով հնարաւոր դարձաւ մէկտեղել մեր ամբողջ աշխատանքներն ու արտադրամասի հոսքագիծը: Ասեմ նաեւ, որ հաւատալու չէ այն փաստը, որ երբեմն 100 գրամի կշռւող զարդերն ու ոսկին ձեռքում ափսէներով հանում էինք փողոց ու քայլելով շուրջ 6 րոպէ հեռաւորութեան վրայ գտնւող միւս արհեստանոց էինք փոախնցում: Ռիսկային էր, բայց կարծես մեզ թոյլ տւած ռիսկերի դիմաց մանրուք լինի այն:
Այժմ ամէն բան մէկտեղւած է, ե՛ւ արհեստանոցը, ե՛ւ գոհարեղէնի դիզայնի բաժինը, ե՛ւ ոսկու ձուլարանը: Հիմնականում «Օհանեան» ոսկերչական կենտրոնում աշխատանքի հնարաւորութիւն է ստեղծւել շուրջ 50 մասնագէտի համար: Բոլորն էլ հայ մասնագէտներ են: Իսկ «Օհանեան» ոսկերչատան բացումով առաջին պարսկալեզու գործընկերն է միացել մեզ, ով լաւ համբաւ եւ կապեր ունի ոսկու եւ գոհարեղէնի շուկայում:
Պրն. Օհանեանի ասութեամբ իր ստեղծած կենտրոնը պայքարում է շուկայի համապատասխան ոլորտի (դիզայնի եւ նորաձեւութեան) 10 տոկոսի համար, ինչը պատկառելի ծաւալ է հաշւի առնելով 80 միլիոնանոց երկրի շուկան:
Արգին Օհանեանը նաեւ Ոսկերիչների արհմիութեան անդամ է:
Մի գիշերով միլիոնատէր Կամ կեանքը ամենաերկար գիշերն է
Արգինը պատմում է, որ հազիւ էին պարտքերից ազատւել, երբ Սիւնէի հետ վերջապէս որոշեցին, որ ամենայարմար պահն է ամուսնանալու համար: Արգինը նշում է, որ երկուսով միասին են այդ ճանապարհի փոշին կուլ տւել: «Ամուսնացանք, ու մէկ էլ վրայ հասաւ բենզինի թանկացման հետ կապւած դէպքերը, յետոյ կովիդն ու համաճարակով պայմանաւորւած բոլորին ծանօթ վիճակը: Կորոնայի հետ նոր էինք համակերպւել, երբ տեղի ունեցաւ Սոլէմանիի նահատակութիւնը, յետոյ՝ ուկրաինական ինքնաթիռի վթարը… Իսկ երբ կովիդն էր արդէն անհետացել, շուկան կանգնեց սղաճի եւ միւս դէպքերով պայմանաւորւած զգուշաւոր վիճակի դիմաց»: Շուկայի անիւը գուցէ միանգամից կանգնելու յատկութիւն ունենայ, սակայն այն միանգամից չէ, որ անցնելու է պտոյտի:
Արգինը յաւելում է, որ յաջողութեան ստւերի յետեւից ընկած պիտի աւելի արագ քայլես քան խնդիրների ստւերները: Հէնց այս տարածքում է, որ իմաստաւորում է յաջողութեան գաղտնիքը: Ոչ մի գիշերւայ բան է, ոչ էլ բախտի բան: Սա երեւոյթ է, որ միայն ու միայն կախւած է քեզնից: Երեւի օգնի, եթէ ասեմ, որ սկսած 23 տարեկանից՝ արեան ճնշման դեղ եմ ընդունում:
Արգինը նաեւ կարեւորում է Սկաուտականից ձեռք բերած փորձառութիւնը, որով էլ պայմանաւորում է ռիսկային պայմաններում որոշում ընդունելու իր ունակութիւնը: «Սկաուտականն ինձ շատ բան տւեց: Սկսենք այն բանից, որ հէնց սկաուտականում եմ ծանօթացել իմ կեանքի ամենաքաղցր էջի՝ Սիւնէի հետ: Այնպէս, որ մէկս միւսի հայեացքներին ծանօթ լինելը մեզ տւեց միասին խնդիրներին դիմակայելու փորձ ու հաւատամք»:
2018 թւականը, Վարանդը, եւ «Օհանեան» կենտրոնի ընդլայնումը
Սա իհարկէ Վարանդի հետ մեր համագործակցութեան սկիզբը չէր,- ասում է Արգինը: «Մենք Վարանդի հետ երկար ենք աշխատել մինչեւ հիմնականում մէկ դառնալը: Պատւէրների աճը բերեց նրան, որ համակարգւած աշխատելու համար մտածենք Վարանդի հետ աւելի սերտ համագործակցելու մասին: Առաջարկեցինք տեղափոխւի մեզ մօտ, որտեղ Վարանդն ուղիղ իմաստով տնօրինելու կը լինէր «Օհանեան»-ի մասնագիտացւած իր բաժինը:
Լուսանկարում ՝ անւանի ոսկերիչ Վարդան Գրիգորեանը եւ Իրանի «2500-ամեայ տօնակատարութիւնների» կենտրոնի պատւէրով նրա պատրաստած թագի պատկերով զարդը: Ադամանդէ այս զարդը պահպանւում է Իրանի Գոհարեղէնի ազգային թանգարանում |
2019-ին պաշտօնապէս գրանցւեց «Օհանեան» բրենդը
Միշտ նման հարցերում հայերս ուշացնում ենք գործը: Գուցէ անտեղի մտմտալուց է, կամ միամտօրէն վստահելուց: Յետոյ մտածում ենք՝ խաբեցին, կամ այսինչը մեզ քաշեց ու նստեց մեր ստեղծածի վրայ: Մեզ շատ էին ասում, որ հէնց հայկական անունով ներկայ լինենք շուկայում: Հայի անունը ինքնաբերաբար վստահութիւն է ներշնչում: Նախկինում մեզ ճանաչել են «Լուտուս» անւանումով: Բայց արդէն՝ 2019-ին յստակ որոշում կայացրեցինք ու պաշտօնապէս գրանցեցինք «Օհանեան» բրենդը:
«Օհանեան»-ը զինւել է նաեւ վերամշակման հաստոցով
Արգինը նշում է, որ մշակման պահին անխուսափելի է թափոնի երեւոյթը: «Պատրաստ ենք գործարկելու մեր վերամշակման եւ գոյացած թափոնափոշուց ոսկին զտելու աշխատանքները, որով եւս աճելու է ընկերութեան կարողութիւնների չափը»:
Գոհարեղէնի բիզնեսը կառուցւած է մարդկանց նուրբ «փողերի» նոտաների վրայ
«Օհանեան»-ը նաեւ լայն ճանաչում է ձեռք բերել իրանական գոհարեղէնի շուկայի նորաձեւութեան ասպարէզում: «Մենք ուսումնասիրում ենք ժամանակի ճաշակն ու օրայ երանգը, աչքի տակով հետեւում ենք նաեւ ոսկու շուկայով հետքրքրւած էլիտայի ճաշակը, ապա անցնում զարդամշակման աշխատանքներին»:
Ի վերջոյ գոյութիւն ունի դասական ու վեց-ութ երաժշտութեան տեսակ: «Մէկում քիչ են բայց որակով, բայց միւսի հետեւողներն են շատ, յատկապէս, եթէ շուկայի գերակշռող մասը աւանդապահ է»,-շտապում է ասել Արգինը:
«Պէտք է գիտակցել ում՝ ի՛նչ է պէտք, կամ աւելի ճիշտ բարձրացնել նաեւ ճաշակը, դասականի նոտաներին եւս տեղ տալով: Ամէն դէպքում, մենք այժմ n-user ի մասին չէ, որ պիտի խօսենք: Փորձում ենք պատասխանել այն հարցին, թէ «Օհանեան»-ին ինչպէ՞ս յաջողւեց նորաձեւութեան ոլորտում մնայ խօսք ասողի դերում: Այսօր հանգիստ խղճով կարող եմ ասել, եթէ ոչ առաջինը, ապա հաստատ ճաշակ թելադրելու հարցում երկրում երկրորդ տեղում ենք»:
Կուտակւած փորձը եւ ակադեմիկը
«Լաւ է ուշ, քան երբեք: Այն, ինչն այսօր որպէս փորձառութիւն եմ կուտակել, ինչն օգնում է տնօրինել նաեւ արտադրութիւնը, եթէ ստացած լինէի համապատասխան ճիւղում ակադեմիկ կարգով, կարծում եմ ամէն բան աւելի արագ էր ստացւելու: Հիմա գիտեմ, որ, երբ յանձնարարութիւններն ու «թասքեր»-ը գրաւոր ես փոխանցում, այդպէս գործը 99 տոկոսով աւելի կարգին ու ժամանակին է կատարւում: Ամէն բան մեզ մօտ՝ կենտրոնում արւում է ընկերական մթնոլորտում: «Օհանեան» ոսկերչանոցն իր աշխատակիցներով ընտանիքի պէս մէկ օրգան է: Փոքր համայնքի օրինակով էլ փորձում է իր խնդիրները լուծել: Դա նաեւ գործի գաղտնիքներից է: Մենք միայն աշխատոյժ չենք, այստեղ գնահատւում է նաեւ անձը որպէս՝ անհատականութիւն:
Յաջորդ քայլի մասին
«Կապրենք կը տեսնենք: Մեծախօսել չեմ սիրում: Ինչ էլ որ խօսել եմ՝ ասել եմ միայն կատարածի մասին: Միաժամանակ ասեմ, որ այդ յաջորդ քայլը, յատկապէս, լինելու է «Օհանեան»-ի սիգնիչեր նախագիծը: Քանի որ կեանքի նպատակը միայն ոսկի վաճառելը չէ: Նպատակը երեւոյթը, որպէս արւեստ՝ քաշով ոսկի գնահատելն է նաեւ»: