Խուռներամ շարքերով մասնակցենք Ապրիլեան ոգեկոչման ծրագրերին
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելից նշող յանձնախմբի աշխատանքների մասին
Հաշւած օրեր են մնում Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի եւ Սրբադասւած Նահատակների մեծարման օրւան:
Ինչպէս արդէն նշել ենք ժամանակին Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Կենտրոնական յանձնախումբ բաղկացած Թեհրանի հայկական միութիւնների ներկայացուցիչներից, որը ամիսներ առաջ մեկնարկել իր աշխատանքները:
Թւականիս ապրիլի 6-ին, երեկոյեան Թեհրանի ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց յանձնախմբի հերթական նիստը եւ քննարկւեցին մինչ այժմ իրականացած եւ իրականացւող աշխատանքները:
Յանձնախմբի նախագահ Արա Գալստեանը ժողովին առընթեր համապարփակ գծերով անդրադարձաւ կատարւած աշխատանքներին եւ ընդգծեց, որ այս տարի Ապրիլի 23-ի երեկոյեան միայն Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում է տեղի ունենալու յիշատակի միջոցառում եւ կատարւելու է երիտասարդական ծրագիր, որի ընթացքում հայ պահանջատէր երիտասարդը իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնն է բարձրացնելու ի լուր աշխարհի, միջոցառումը մէկտեղւած է լինելու գեղարւեստական ծրագրերով եւս:
Ինչպէս յանձնախմբի նախագահը նշեց, Ապրիլի 24-ի առաւօտեան նախատեսւած է եկեղեցական արարողութիւն, որից յետոյ Ս. Սարգիս եկեղեցու տարածքում գտնւող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը ոգեկոչող յուշարձանի մօտ տեղի է ունենալու ծաղիկների մատուցման եւ խնկարկման արարողութիւնը, որին յաջորդելու է ժողովրդական համահաւաք եւ արտայայտութիւններ:
Ապրիլի 24-ի երեկոյեան ըստ ընկալեալ սովորութեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի է ունենալու ՀՈՒՍԿ-ի՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած քաղաքական-գեղարւեստական միջոցառումը:
Ինչպէս միշտ այս տարի եւս Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ հայահոծ իւրաքանչիւր քաղաքամասի եկեղեցիներում մանկապարտէզի եւ տարրական օղակի աշակերտութեան համար յատուկ օրերի կտրւածքով նկատի է առնւել ծաղիկների մատուցման եւ խնկարկման արարողութիւն, իսկ միջնակարգ օղակի աշակերտութիւնը մասնակցելու է «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում իր մասնակցութեամբ կազմակերպւող յիշատակի ու պահանջատիրական միջոցառմանը:
Ըստ Արա Գալստեանի, արդէն յստակեցւել է Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը ոգեկոչող լօգոն, իսկ պոստերների ու որմազդրերի պատրաստման աշխատանքները եւս իրենց աւարտին են հասնում: Նա ընդգծեց, քանի որ այս տարի Ապրիլի 24-ը աշխատանքային է համարւում, ուստի մեր հայրենակիցների երթեւեկութիւնը դիւրացնելու նպատակով նախտեսւել են հանրակառքեր, որոնք Ապրիլի 24-ի առաւօտեան մեր հայրենակիցներին հայկական երեք քաղաքամասերից փոխադրելու են Ս. Սարգիս եկեղեցի եւ արարողութիւնից յետոյ եւս վերադարձնելու են քաղաքամասեր, որպէսզի սիրելի հայրենակիցները երթեւեկութեան առումով դժւարութեան չմատնւեն:
Նշւեց նաեւ որ արդէն Թեհրանի հայկական միութիւնները եւս կազմակերպել են իրենց միջոցառումները, եւ այդ առումով նամակներով իրազեկ են պահել Կենտրոնական յանձնախմբին:
Յատկանշական է, որ յանձնախմբի հանդիպմանը որին ներկայ էր Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, ընդգծեց որ Թեմական խորհուրդը եւս չի խնայելու իր կարելին ծրագրերի իրականացման հարցով եւ գիտակից ժողովրդին եւ ի մասնաւորի երիտասարդութեանը քաջալերեց, որ ինչպէս միշտ իրենց խուռներամ շարքերով մասնակցեն յիշատակի արարողութիւններին, որը ազգային պարտականութիւն է:
Յատկանշական է, որ առաջիկայում կազմակերպւելիք ծրագրերի մանրամասները ինչքան շուտ մամուլով ներկայացւելու է հանրութեանը:
Թղթակցութիւնը կազմեց
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ