«Լայն հասարակութիւնը՝ ընդդէմ հրէշի վերածւող իշխանութեան». Վահէ Յովհաննիսեան
Մեր պետութիւնը մեծ դրէյֆի մէջ է, պատկերացրէք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ֆէսյբուքեան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը․
«Լայն հասարակութիւնը՝ ընդդէմ հրէշի վերածւող իշխանութեան․
Մեր պետութիւնը մեծ դրէյֆի մէջ է, պատկերացրէք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երեւում, ոչ մի փրկարար չի գալիս օգնութեան։
Իշխանութիւնը վերածւում է հրէշի. գիտի, որ տանում է աղէտի ու սառնասրտօրէն խաբում է ժողովրդին։ Արտգործնախարարն ասում է. « … Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարեւոր կէտում չենք կարողանում համաձայնութեան գալ՝ տարածքային ամբողջականութեան ճանաչում եւ հաղորդակցութիւնների բացում»։
Բա էլ ինչի՞ շուրջ էք համաձայնութեան եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքւում թողնելո՞ւ, Տաւուշի գիւղերը յանձնելո՞ւ, Բաքւի COP 29-ի՞։
Մենք ունենք անտէր թողնւած ժողովուրդ, անտէր թողնւած ընտրազանգւածներ։ 2021-ի ընտրազանգւածներն անտէր են թողնւել։ 680 հազարի լիդերը ցինիկօրէն խաբել է ու տարել աղէտի, միւս երկուսի առաջին համարները՝ Քոչարեան ու Վանեցեան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից եւ նւազագոյնը երկու տարի է՝ չեն շփւում սեփական ընտրազանգւածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցէ ըմբռնումով մօտենալ, որովհետեւ դրանք անհատական մակարդակում կայացւած որոշումներ են, մնացածը պատմութիւնը կը գնահատի։
Պարզապէս արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգւածները մնացել են առանց առաջնորդութեան, այդ թւում ամենամեծը՝ չքւէարկածները։ Բոլոր հասարակութիւններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախաւեր, հայրեր՝ կախւած հասարակութեան քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մէկին, որին կը վստահեն, կը պատւիրակեն՝ իրենց փոխարէն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու յարաբերական արդար ձեւով կառավարելու։
Հիմա հայ հասարակութիւնը մնացել է անտէր՝ մոլորւած, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդութիւն, ոչ մի վերնախաւ, ոչ մի լուրջ մտաւորական շերտ։
Նոր ընտրազանգւածները․
Տեսէք ինչ է ստացւում. մեր պետական նաւը բաց ծովում դրէյֆի մէջ է, բայց նաւի ներսում նոյնպէս քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողութիւն չկայ։
Սրա հետեւանքով ընտրազանգւածների բովանդակութիւնը եւ կառուցւածքը փոխւել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշւով, կայ երկու ընտրազանգւած.
Նրանք, ովքեր հաւատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը
Նրանք, ովքեր չեն հաւատում
Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միաւորել հասարակութեանը՝ ինքն իրեն եւ պետութիւնը փրկելու համար։
Այդ գաղափարը կարող է լինել պետութեան դրէյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնութիւններով, բոլոր հակասութիւններով ու նախասիրութիւններով հանդերձ՝ դրէյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միաւորել բոլորին, որպէսզի բոլորով չկործանւենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտէզ՝ ինչպէ´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգւածային հաշտեցման եւ ինչպէ´ս գնալ միասնական նոր իշխանութեան ձեւաւորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։
Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը․
Ընտրազանգւածները մարդկային դէմք ունեն՝ բոլոր տարբերութիւններով հանդերձ, եւ կայ իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրէշի կերպար է արդէն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դէմքով հասարակութեան (բոլոր յատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) եւ միֆական հրէշի կերպարով իշխանութեան։ Թէ ո՞վ կը յաղթի, դրանից կախւած է ինչպէս կաւարտւի դրէյֆը։ Սա իսկապէս լաւ հէնք է զանգւածային-ինքնափրկութեան պրոցես գեներացնելու։
Վերջին օրերին պետութեան դրէյֆն էականօրէն արագացաւ։ Մենք ականատես եղանք անհաւանական թւացող սցենարի. արեւմուտքը(ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը) Հայաստանի հետ շփւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի թոյլտւութիւնը ստանալուց յետոյ, եւ շփման ծաւալը շտկւում է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի թոյլտւութեան ծաւալից ելնելով։
Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարէն, Հայաստան, դու ընտրում ես իմ դէմ առճակատման տարբերակը, իսկ այդ դէպքում ես կը դիմեմ կոշտ քայլերի։
Սա սերիալներ սիրող հասարակութիւն է, եւ պէտք է բացատրել մարդկանց, թէ սերիալի լեզւով ի´նչ են նշանակում այս ձեւակերպումները։ Լիբանանի, Սիրիայի եւ մերձաւորարեւելեան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը եւ գործալաոճը նկարագրող լաւ սերիալներ կան,յուշէք՝ նայեն։
Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրաւիրւած («Հայաքւէ», Ա. Չալաբեան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանօթ մարդիկ էին։ Անծանօթ, սովորական մարդկանց ելոյթները շատ հետաքրքիր էին, եւ դրանք յուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, եւ մենք կարող ենք հրէշի դէմն առնել։
Անհրաժեշտ են նոր բանաձեւեր.
Կանգնեցնել երկրի ներքին դրէյֆը-քաոսը. միաւորել բոլորին, որպէսզի բոլորով չկործանւենք,
Կանգնեցնել համապետական դրէյֆը, թոյլ չտալ, որ Հայաստանը դառնայ ուրիշների ձեռքի խաղալիք եւ աղէտի պոլիգոն,
Նոր իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի տարբեր տեսակէտներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,
Հայաստանում հնարաւոր է արժանապատւութեան եւ կամքի զարթօնք, հնարաւոր է վերականգնել պետութիւնը՝ խելամիտ քայլերով»։