ԹեհրանՀամայնք

Իրաւաբանական խորհրդատւութեան սպասարկութեան սեղան ազգային առաջնորդարանում

Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, հինգշաբթի՝ 16 հոկտեմբեր 2025 թւականին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան հերթական սպասարկութեան սեղանը՝ մասնակցութեամբ Կենտրոնի տնօրէն դոկտ. Հասան Աբդոլիանփուրի եւ Հայաստանից ժամանած՝ «Հայ Իրաւարանների Ասոցիացիա»-ի նախագահ Շահէն Պետրոսեանի եւ խորհրդականներ՝ Լիանա Սիմոնեանի եւ Արամ Ջիւլխասեանի:

Ազգային առաջնորդարանում յարգոյ հիւրերին դիմաւորեցին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, Դատական խորհրդի ատենապետ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը: Ներկայ էին նաեւ հայ փաստաբաններ՝ Արա Ջահանին եւ Մելիա Նազարեանը, «Իրաւաբանների կենտրոնի» (مرکز وکلا) փաստաբանները եւ փորձագէտները, Իսրայէլ-Իրան 12-օրեայ պատերազմից տուժած հայ ընտանիքը նաեւ կայացած նախորդ սպասարկութեան սեղանի դիմորդներից՝ Ռոստամլու ընտանիքը, որոնց թղթածրարը արդիւնաւորւել եւ մասնակցել էին յայտնելու իրենց շնորհակալութեան եւ երախտագիտութեան խօսքը:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը հիւրերին ողջունելով, գոհունակութիւն յայտնեց նմանօրինակ նախաձեռնութիւնների կազմակերպման հարցով, որոնք հնարաւորութիւն են ընձեռնում հայրենակիցներին անվճար ծառայութիւն մատուցելու եւ խնդիրները մեղմացնելու եւ երբեմնի լուծելու առումով: Նա ընդգծելով Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների առաւել սերտացման եւ զարգացման համար նախաձեռնւող իւրաքանչիւր քայլի կարեւորութիւնը, ուրախութիւն յայտնեց, որ այժմ դատական եւ իրաւական ոլորտներում նաեւ այս կապերը կը զարգանան եւ կը խորանան: Խորհրդարանի պատգամաւորը նշեց, որ դա կը սահունացնի նաեւ Հայաստանում բնակւող Իրանցի հայրենակիցների իրաւական գործերի լուծման ընթացքը, որն ինքնին դրական երեւոյթ կարելի է համարել:

«Հայ Իրաւարանների Ասոցիացիա»-ի նախագահ Շահէն Պետրոսեանն իր հերթին ողջունելով, շնորհակալութիւն յայտնեց ջերմ հիւրընկալութեան համար: Նա նշեց, որ իսկապէս գովելի եւ հետաքրքրական է տեսնել իրանահայ համայնքի եւ պարսիկ հայրենակիցների փոխյարաբերութիւնները եւ համագործակցութեան եզրերը եւ համատեղ ջանքերը, որոնք ձգտում են ամենալաւ ծառայութիւնները մատուցել հայրենակիցներին։

Իսկ դոկտ. Հասան Աբդոլիանփուրն նաեւ իր խօսքերում նշեց, որ կենտրոնն ունի շատ մօտիկ համագործակցութիւն ազգային առաջնորդարանի հետ եւ սպասարկութեան սեղանները կը գործեն շարունակաբար՝ իրաւական աջակցութիւն ցուցաբերելով բոլոր հայրենակիցներին: Նա յաւելեց, որ նաեւ 12-օրեայ պարտադրեալ պատերազմի ընթացքին տրամադրեց իրաւական, փորձագիտական եւ հոգեբանական ծառայութիւններ բոլոր տուժածներին։

Ծրագրի աւարտին դիմող հայրենակիցներն առիթ ունեցան իրենց իրաւական խնդիրների մասին անվճար խորհրդատւութիւն ստանալ սպասարկութեան սեղանին մասնակից փաստաբաններից:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Related Articles

Back to top button