Քաղաքական

Արդեօք Հայաստանի ժողովուրդը վերջապէս կարթնանա՞յ, երբ Փաշինեանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջին ամիսներին փորձում է ճնշում գործադրել Գարեգին Բ կաթողիկոսի վրայ՝ ստիպելով նրան հրաժարական տալ, այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրութիւնը, որն արգելում է պետական պաշտօնեաներին միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Երբ Կաթողիկոսը մերժեց հրաժարական տալ, Փաշինեանը գտաւ նրան հեռացնելու այլ միջոց՝ օրինականութեան քօղի տակ։ Նա այժմ առաջ է բերում կեղծ պատրւակ, թէ Կաթողիկոսը խախտել է Հայաստանի օրէնքը՝ հոգեւորականներին կոչ անելով մասնակցել հակափաշինեանական բողոքի ակցիային։ Սակայն սա չի կարող համարւել յանցագործութիւն, ընդհակառակը, սա  պաշտպանւած խօսքի ազատութիւն է, որը ժողովրդավարութեան հիմնասիւներից մէկն է։

Վերջերս Փաշինեանը խորհրդարանում պարծեցաւ, թէ քանի որ ժողովուրդը չի ապստամբում իր քաղաքականութեան դէմ, ուրեմն համաձայն է իր հետ։ Իրականում, Հայաստանում նրանք, ովքեր բողոքում կամ հակադրւում են նրան, ազատւում են աշխատանքից, ձերբակալւում եւ բանտարկւում, իսկ Սփիւռքի ընդդիմախօսներին արգելւում է մուտք գործել Հայաստան։ Նախ, Փաշինեանը լռեցնում է նրանց, յետոյ յայտարարում, թէ ժողովուրդն աջակցում է իրեն։ Սա է այն «ժողովրդավարութիւնը», որ նա բերել է Հայաստան։

Փաշինեանը մոռանում է, որ հայ ժողովրդի աւելի քան 90 տոկոսը, թէ՛ Հայրենիքում, թէ՛ Սփիւռքում, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է, ինչը նշանակում է, որ եկեղեցու միլիոնաւոր աջակիցները զգալիօրէն գերազանցում են նրա նւազող աջակիցների թւին։

Վերջին ամիսներին Փաշինեանը հրամայել է ձերբակալել երկու արքեպիսկոպոսների, բարերար Սամուէլ Կարապետեանին եւ մի քանի այլ անձանց՝ կեղծ մեղադրանքներով: Այս ամսւայ սկզբին արքեպիսկոպոս Միքայէլ Աջապահեանը դատապարտւեց երկու տարւայ ազատազրկման՝ յեղաշրջման կոչ անելու մեղադրանքով: Անցած շաբաթ Փաշինեանը ձերբակալեց նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդ, Կաթողիկոսի զարմիկ Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանին, ինչպէս նաեւ տասնեակ հոգեւորականների եւ աշխատակիցների՝ եկեղեցական գոյքի եւ նրանց տների խուզարկութիւններից յետոյ։ Մեղադրանքը հիմնւած էր դժգոհ հոգեւորականի յայտարարութեան վրայ, թէ իբր եպիսկոպոսը կոչ է արել իրեն մասնակցել 2021 թւականին Փաշինեանի դէմ կազմակերպւած հանրահաւաքին: Այս ձերբակալութիւնները նպատակ ունեն վախեցնել ուրիշներին, որպէսզի նրանք չյանդգնեն ընդդիմանալ Փաշինեանին։

Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտեց անցած շաբաթւայ ապօրինի ձերբակալութիւնները՝ կառավարութեան գործողութիւնները որակելով որպէս «բռնաճնշումներ Հայոց եկեղեցու դէմ» եւ համեմատելով դրանք «բնորոշ ամբողջատիրական համակարգերի» հետ։ Կանադայի, ԱՄՆ արեւելեան եւ արեւմտեան թեմերի երեք առաջնորդները համատեղ յայտարարութեամբ քննադատեցին Հայաստանի կառավարութեանը՝ եպիսկոպոս Պռօշեանին ձերբակալելու համար եւ իրենց աջակցութիւնը յայտնեցին կաթողիկոսին։

Յաջորդ տարւայ յունիսին նախատեսւած խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ, վարչապետն ակնյայտօրէն փորձում է վերացնել հնարաւոր մրցակիցներին եւ մաքրել քաղաքական դաշտը հակառակորդներից։

Հայաստանում դատարաններն անկախ չեն կառավարութիւնից. դատաւորները կատարում են Փաշինեանի հրահանգները: Չպէտք է մոռանալ, որ 2018 թւականին իշխանութեան գալուց յետոյ Փաշինեանն ամբարտաւանօրէն յայտարարեց. «Կա՞յ տենց դատաւոր, որ իմ ասածը չանի»:

Վատթարացնելով իրավիճակը՝ Փաշինեանի շրջապատը կոչ է անում կառավարութեանը ձերբակալել Ռոբերտ Ամստերդամին՝ Միացեալ Նահանգներում գործող յայտնի միջազգային փաստաբանին, որը Հայաստանում է Սամուէլ Կարապետեանին պաշտպանելու համար: Ամստերդամը յայտարարել էր. «Մենք ամէն օր գրոհելու ենք Հայաստանի վրայ, մինչեւ չազատեն Սամուէլ Կարապետեանին»: Աւելի ուշ նա պարզաբանել է, որ խօսքը  միջազգային իրաւական եւ քաղաքական ճնշման մասին է, այլ ոչ թէ ֆիզիկական գործողութիւնների: Միեւնոյն ժամանակ, Հայաստանի կառավարութիւնն անցած շաբաթ ձերբակալեց Ալեքսանդր Կոչուբաեւին՝ բանտարկւած արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի փաստաբանին՝ դատական համակարգը քննադատելու համար: Իրաւաբանների միջազգային յանձնաժողովը խստօրէն դատապարտեց նրա ձերբակալութիւնը:

Կառավարութեան հակաեկեղեցական գործողութիւնները, կարծես, նախերգանք են Կաթողիկոսի դէմ քրէական մեղադրանքներ առաջադրելու՝ նրան աւելի հլու հնազանդ հոգեւորականով փոխարինելու համար: Միեւնոյն ժամանակ, ադրբեջանցիները ողջունում են բարձրաստիճան հայ հոգեւորականների ձերբակալութիւնները՝ նրանց կոչելով «ռեւանշիստներ»: Ադրբեջանական յարձակումները Հայոց եկեղեցու վրայ գլխաւորում է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքիւր Փաշազադէն:

Վարչապետ Փաշինեանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն անցած շաբաթ հրապարակեց 2023 թւականի հեռախօսազրոյցի ձայնագրութիւն՝ Կաթողիկոսի նախկին գաւազանակրի եւ արքեպիսկոպոս Նաթան Յովհաննիսեանի միջեւ, որտեղ քննարկւում էր Կաթողիկոսի կողմից հոգեւորականների վրայ գործադրւած ենթադրեալ ճնշումը՝ մասնակցելու Փաշինեանի դէմ կազմակերպւած հանրահաւաքին։

Այդ ձայնագրութեան հրապարակումից յետոյ կառավարութեան քննչական կոմիտէն յայտարարեց, որ յարուցւել է «քրէական վարոյթ»։

Ուզում եմ երկու դիտարկում անել.

1. Քանի որ այս հեռախօսազրոյցը ձայնագրւել է 2023 թւականին, ինչո՞ւ է կառավարութիւնը այն պահել երկու տարի եւ հրապարակում միայն հիմա։ Պատասխանը պարզ է՝ սպասել է ամենայարմար պահին՝ հեռախօսազրոյցը օգտագործելու որպէս ապացոյց Կաթողիկոսի դէմ։

2. Որեւէ մէկի հեռախօսազրոյցը գաղտնի ձայնագրելն անօրինական է։ Ես տեղեակ չեմ որեւէ դատարանի որոշման մասին։

Եթէ մօտ ապագայում Կաթողիկոսը ձերբակալւի եւ բանտարկւի, արդեօք Հայաստանի ժողովուրդը վերջապէս կարթնանա՞յ եւ կը պաշտպանի Եկեղեցին, թէ՞ կը մնայ իր ինքնակամ կոմայի մէջ։

Նրանք, ովքեր կոչ են անում հայերին ձեռնպահ մնալ որեւէ գործողութիւնից եւ սպասել յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններին, վտանգի տակ են դնում այն, որ մինչ այդ Հայաստանը գուցէ այլեւս գոյութիւն չունենայ։

Բոլոր նրանք, ովքեր այժմ խախտում են օրէնքները եւ զբաղւում հակահայկական գործունէութեամբ, պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւեն եւ պատժւեն Հայաստանի յաջորդ հայրենասէր կառավարութեան կողմից։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button