Ո՞վ էր հայ դաւաճան Նիկոլը, որ կարողացաւ բռնութեամբ խլել եկեղեցիները, գանձերը եւ օտարացնել Լեհաստանի հայերին

Զ. ՇՈՒՇԵՑԻ
Հրաչեայ Աճառեանի «Հայոց անձնանունների բառարան»-ը, որը բաղկացած է 5 հատորից, հայ իրականութեան մէջ ամենաբացառիկ գիտական աշխատութիւններից մէկն է: Այն հայ մատենագրութեան մէջ յիշատակւած անձնանունների մասին է:
Աշխատութիւնը տպագրւել է 1942-1962 թւականներին: Բառարանում ընդգրկւած են հայ ժողովրդի ամենահին ժամանակներից մինչեւ 1500 թւականը տարբեր աղբիւրներում յիշատակւած բոլոր հայկական կամ հայերի կողմից գործածւած անունները։
Բացի դրանից, ընդգրկւել են նաեւ 1500-1700 թւականների պատմութեան եւ գրականութեան մէջ կարեւոր դեր խաղացած անձանց, կաթողիկոսների, պատրիարքների, նշանաւոր ճանապարհորդների եւ այլ պատմական դէմքերի անունները։ 1700 թւականից յետոյ ներկայացւած են Էջմիածնի, Աղթամարի, Սսի կաթողիկոսների, ինչպէս նաեւ Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքների անունները։ Բառարանում տեղ են գտել նաեւ նոր կամ անսովոր անուններ: Այս ամէնի հետ մէկտեղ՝ բառարանում տրւում է նաեւ անունների ստուգաբանութիւնն ու ծագումնաբանութիւնը:
Թերթելով Աճառեանի «Հայոց անձնանունների բառարան»-ը՝ կարդում ենք Նիկողայոս անւան ստուգաբանութեան մասին եւ իմանում, որ այն յունական ծագում ունի, որը նշանակում է «ժողովրդայաղթ»:
Նիկողայոս անունը հայ իրականութեան մէջ գործածւել է 13-րդ դարից սկսած: Անունը գործածւել է տարբեր ձեւերով: Անւան օտարաձեւ գործածութիւններից մէկն էլ Նիկոլ ձեւն է: Հայ իրականութեան մէջ անւան տարբեր ձեւերով հանդէս եկած մարդկանց ցանկը մեծ է:
Նիկողայոս անւամբ յիշատակւողների ցանկում կարդում ենք 17-րդ դարում հանդէս եկած մի սկզբունքային, սեփական անձն ու կրօնը չուրացած պատանու մասին, ով մահմեդականների կողմից դաժանաբար սպանւում է: Նրա մասին մասնաւորապէս կարդում ենք.
«Նիկողայոս մանուկ Տիգրանակերտցի, 15 տարեկան գեղեցիկ պատանի էր. շուկայում երկու թուրք՝ Մահմետ անունով սկսեցին լրբաբանել նրա հետ, պատանին սկսեց հայհոյել երկու մահմետներին էլ. նրանք դիմեցին դատաւորին եւ փաշային՝ չարախօսելով թէ պատանին հայհոյել է Մահմետ մարգարէին. երկու սուտ վկայ հաստատեցին նրանց խօսքը. դատաւորը եւ փաշան առաջարկեցին պատանուն ուրանալ հաւատքը, խոստանալով տալ նրան գեղեցիկ կին, հարստութիւն, իշխանութիւն եւ ամէն բարիք. մինչեւ իսկ փաշան խոստացաւ որդեգրել նրան:
Բայց պատանին մերժեց ամէն ինչ եւ հաստատ մնաց հաւատքին: Տարին հրապարակը, ոտքերը եւ ձեռքերը կացինով ջարդեցին. մարմնի կոճղը արիւնաթաթախ փոխադրեցին իր տունը, ուր երեք օր տանջւելուց յետոյ՝ մեռաւ անմեղ նահատակ պատանին 1642 թ.»: (Աճառեան Մ., «Հայոց անձնանունների բառարան», հատոր Դ., Երեւան, 1948, էջ 78):
Այս պատմութիւնը փաստում է հայ պատանու խիզախութեան եւ հաւատի ամրութեան մասին: Նմանատիպ մարդկանց բառարանում շատ ենք հանդիպում: Սակայն, այս ամէնի հետ մէկտեղ՝ հանդիպում ենք նաեւ պատմական տարբեր դարաշրջաններում հանդէս եկած հայ դաւաճանների, ովքեր սկզբունքային չեն, չունեն ազգային, կրօնական եւ մշակութային արժէքներ, եւ յանուն գումարի վաճառում են իրենց եւ կործանում հայ մարդուն թէ՛ իր հայրենիքում, թէ՛ հայրենիքից դուրս: Նմանատիպ կերպարներից է եղել Նիկոլ Թորոսովիչը, ով գործել է 17-րդ դարում՝ Լեհաստանում: Նրա մասին մասնաւորապէս կարդում ենք.
«Նիկոլ Թորոսովիչ, արքեպիսկոպոս Հայոց Լեհաստանի. կաշառքով եպիսկոպոս օծւեց Մելիքսեթ կաթողիկոսի ձեռքով Իլւով քաղաքում, հակառակ ժողովուրդի կամքին 1626 թ.: Ժողովուրդը խորշեց նրանից եւ եկեղեցուց դուրս վռնդեց:
Նիկոլը դիմեց ճիզւիթներին, ընդունեց կաթոլիկութիւնը եւ իր հոտն էլ կաթոլիկ դարձնելու խոստումով, նրանց միջոցով եւ զինւորական օգնութեամբ բռնի խլեց եկեղեցիները, գրաւեց գանձերն ու կալւածները, որ սկսաւ ծախել եւ շռայլ ու անառակ կեանքով վատնել: 24 տարի ամբողջ՝ ժողովուրդը առանց եկեղեցու եւ առանց ծիսակատարութեան մնալուց յետոյ, ստիպւեց ընդունել Նիկոլին: Եւ այսպէս Նիկոլը կամաց–կամաց հայ ժողովուրդը կաթոլիկութեան առաջնորդեց, որով եւ ամբողջ Լեհաստանի հայութիւնը օտարացաւ ու լեհ դարձաւ։ – Մեռել է 1681 թ.»: (Նոյն տեղում, էջ 79):
Հրաչեայ Աճառեանի «Հայոց անձնանունների բառարան»-ում սա մէկ օրինակ է Հայոց պատմութեան մէջ հանդէս եկած Նիկոլ անունով հայ դաւաճանի կեանքից եւ գործունէութիւնից:
Աճառեանը ցոյց է տալիս, թէ ինչպէս միեւնոյն անունը կրողը կարող է լինել հաւատի ու սկզբունքի խորհրդանիշ (Նիկողայոս մանուկ Տիգրանակերտցի), ե՛ւ որպէս դաւաճանութեան ու հոգեւոր անկման օրինակ (Նիկոլ Թորոսովիչ)։
Աճառեանի աշխատանքի շնորհիւ երկու պատմական կերպարները յաւերժացել են Հայոց պատմութեան մէջ:
Եւ ցաւալիօրէն պէտք է փաստենք, որ դաւաճանութիւնը հայ իրականութեան մէջ եւ յատկապէս մեր օրերում շարունակում է ունենալ իր ազգային կործանարար դրսեւորումները:
168.am







