Հայաստանը կարճամետրաժ 4 ֆիլմով կը մասնակցի Կաննի փառատօնին

2027 թւականին Հայաստանը կը դառնայ Կաննի 80-րդ միջազգային կինոփառատօնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնութեան պատւոյ երկիրը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարութիւնը։
«Ծրագրի շրջանակում չորս հայ եւ չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կը ստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թւականին կը ներկայացւեն Կաննի կինոփառատօնում։
Ծրագիրն իրականացւում է ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդիւսերների գիլդիայի հետ համագործակցութեամբ։
Երեւանի «Ոսկէ ծիրան» միջազգային 23-րդ փառատօնի շրջանակում յայտարարւել են մրցոյթի արդիւնքում ընտրւած 4 հայ ռեժիսորների անունները։ Միջոցառմանը ներկայ էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբեանը եւ Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդիւսերների գիլդիայի նախագահ Արտեօմ Բաղդասարեանը։
Ծրագրին մասնակցելու համար Հայաստանից ընտրւել են ռեժիսորներ Արմիկ Իսրայէլեանը, Սոնա Խաչատրեանը, Րաֆֆի Մովսիսեանը եւ Նայիրա Սարգսեանը։ Նրանք հետագայում կը ձեւաւորեն ստեղծագործական զոյգեր չորս միջազգային ռեժիսորների հետ։ Ստեղծագործական զոյգերի կազմը կը յայտարարւի օգոստոսի 19-ին՝ Սարաեւոյի հեղինակաւոր կինոփառատօնի շրջանակում կայանալիք «CineLink»-ի փակման արարողութեան ժամանակ։
Հայաստանում ծրագիրը կը ներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագէտների հետ, արտադրական նախապատրաստութիւն, նկարահանումներ, յետարտադրութիւն եւ ֆիլմերի ներկայացում։
Նախագծերի ընտրութիւնը կատարել է մասնագիտական յանձնաժողովը։ Հայ եւ ֆրանսիացի պրոդիւսերների համատեղ ընտրութեամբ ձեւաւորւել է 12 նախագծից բաղկացած կարճ ցուցակ, որում ընդգրկւած նախագծերի հեղինակների հետ հարցազրոյցներն անցկացւել են յուլիսի 16-ին Երեւանի Կինոյի տանը։ Ընտրող յանձնաժողովի կազմում էին ծրագրի համակարգող Ժուլիետ Քենոնը, պրոդիւսեր, «Next Step Studio»-ի համադրող Դոմինիկ Վելինսկին եւ «Next Step Studio Armenia» ծրագրի հայաստանեան պրոդիւսեր Արտեօմ Բաղդասարեանը։
Ֆիլմերը կը նկարահանւեն հայերէնով՝ Հայաստանի դերասանների մասնակցութեամբ։ Նախաձեռնութիւնը հայ կինոգործիչներին հնարաւորութիւն կը տայ ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլեւ միջազգային գործընկերներին՝ իրենց ապագայ լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրութիւններ եւ նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում»,- ասւած է հաղորդագրութիւնում։
Yerkir.am



