Լիլիթ Գալստեան. «Ոսկէ Ծիրան»-ի Դը Գոլը՝ պատմական խենթութիւն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանի գրառումը.
««Ոսկէ Ծիրան»-ն, ինչ խօսք, մեր մշակութային կեանքի լաւագոյն ձեռքբերումներից է, որն, ի դէպ, բազում ծրագրերի կողքին, հունաւորւել է նախկինների օրօք՝ 2004-ին, եւ այսօր շարունակում է լինել Հայաստանի միջազգային մշակութային այցեքարտերից մէկը։
Այցեքարտ լինելուց անդին՝ «Ոսկէ Ծիրան»-ը, նախեւառաջ, երկխօսութիւն է համաշխարհային մշակոյթի՝ լեզու, ազգութիւն եւ, առհասարակ, սահմաններ չճանաչող բարձր արւեստի հետ, նոյնն է թէ՝ քաղաքակրթութեան հետ, համամարդկային արժէքների հետ։
Երէկ (յուլիսի 18-ին) այդպիսի օրերից մէկն էր. Կինոյի տանը հաճոյքն ու բարեբախտութիւնն ունեցայ վայելելու Անտոնեն Բոդրիի «De Gaulle» ֆիլմը, ուր գլխաւոր հերոսին՝ Շարլ Դը Գոլին, մարմնաւորում է մեր հայրենակիցը՝ Սիմոն Աբգարեանը։
Սիմոն Աբգարեանին շատերը պիտի յիշեն Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմում Արշիլ Գորկու կերպաւորմամբ։
Ամբողջական ֆիլմը՝ «La Bataille De Gaulle : l’Âge de fer» («Դը Գոլի ճակատամարտը. Երկաթէ դար» / De Gaulle: Tilting Iron) վերջերս ներկայացւեց Կաննի կինոփառատօնում՝ եզրափակւելով քսան րոպէ չդադարող ծափահարութիւններով։
Երկու մասից բաղկացած լայնակտաւ ֆիլմն, ինչպէս կարելի է ենթադրել վերնագրից, սոսկ Դը Գոլի կենսագրութիւնը չէ, ոչ էլ՝ Ֆրանսիայի տւեալ ժամանակաշրջանի, Երկրորդ համաշխարհայինի պատմական անցքերի էկրանաւորումը։
150-ից աւելի կերպարներ եւ պատմական տարբեր դրւագներ ներառող լայնակտաւ, պատերազմական մեծամասշտաբ դրւագներով հագեցած ֆիլմն առաջին, պարզունակ հայեացքով է սոսկ պատմական թւում։
Այն աւելի շատ եւ առաւելաբար ՖՐԱՆՍԻԱՅԻ, ՖՐԱՆՍԻԱ ՊԵՏՈՒԹԵԱՆ եւ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ գաղափարի մասին է՝ Ֆրանսիայի էութեան մասին։ Նաեւ՝ ոչ թէ Դը Գոլի ճակատագիրն է առանցքում, այլ՝ ԴԸ ԳՈԼ ՖԵՆՈՄԵՆԸ։
Իսկ Գը Գոլի ճակատամարտը սոսկ իր անւան կամ անձի ճակատամարտը չէր։ Նա յաղթեց Ֆրանսիայի ապագայ գոյութեան, ապագայ արժանապատւութեան ճակատամարտը, երբ կապիտուլացւած Ֆրանսիայի ոտքի կանգնելն անհնար էր թւում, առաւել եւս՝ պատմական խենթութիւն դիմադրելն ու յաղթելը…
Բայց Դը Գոլը, երբ «բարեկամներն» արդէն ֆրանսիայի նոր քարտէզն էին գծում, անգամ՝ թղթադրամ թողարկում, մերժեց պարտութիւնն ու յանձնւելը, մերժեց ամօթի խարանը։
Նա մենակ չէր. նրան հաւատում էին Ֆրանսիան սիրող, պաշտող, նրա համար զոհաբերութեան պատրաստ խէնթ ֆրանսիացիները…
Ու Դը Գոլի այս հերոսական, մի քիչ ասպետական, մի քիչ դոնքիշոտեան, մի քիչ երկաթեայ, մի քիչ յուզական, մի քիչ սարկաստիկ կերպարը մարմնաւորել է մեր ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐԵԱՆԸ։
Սիմոնը Դը Գոլին արմնաւորել է անվրէպ, քիչ բառերով, բայց աներեւակայելի դիմախաղով, մարմնախաղով, հոգու եւ աչքերի խաղով, ու դու՝ Հեմիգուէյի այսբերգի հանգոյն, լսում ես անգամ չասւած բառերն ու ապրումները, յամառութիւնը, սէրը, կիրքը, աննահանջութիւնը, արժանապատւութիւնը։
Դը Գոլը պայքարում էր եւ հաւատում յաղթանակին, երբ թւում էր, թէ ամէն ինչ կորած է եւ անիմաստ։ Սիմոն Աբգարեան – Դը Գոլին հաւատում ես, աւելին՝ համոզւում, որ դա է միակ ճանապարհը՝ ինքդ քեզ չկորցնելու ճանապարհը։
Ֆիլմում դաժան, պատերազմական տեսարանները շատ են։ Շատ են հրաշալի դերակատարումները, բայց Սիմոն Աբգարեան – Դը Գոլն է առանցքում, նա է էկրանից լոյս, հաւատ ու նաեւ շատ նուրբ, անտեսանելի հումոր տարածում, եւ ամենակարեւորը՝ յոյս եւ իմաստաւոր, անպաճոյճ եւ չսեթեւեթող ասպետականութիւն․․․
Պայքարելու, ինքնութիւնն ու արժանապատւութիւնը չկորցնելու գաղափարը շատ է պէտք Ֆրանսիային այսօր. պէտք է Եւրոպային, պէտք է աշխարհին, օդ ու ջրի պէս պէտք է մեզ՝ հայերիս ու Հայաստանին։
Անտոնեն Բոդրին՝ ֆիլմի ռեժիսորը, նախկին դիւանագէտ է… հաւանաբար մեր ժամանակների ողբերգութիւնները, արժէքների սրընթաց կործանումն ու քաղաքական անբարոյականութիւնն է դրդել ռեժիսորին գուժել զանգը, բարձր արւեստի լեզւով յիշեցնել քաղաքական խիզախումի, քաղաքակրթական բարձրագոյն ձեւի՝ պետականութեան էութեան եւ, առհասարակ, արժանապատւութեան մասին։
Սիմոն Աբգարեանը հրաշալի է ու անվերջ հարազատ։ Մեր հպարտութիւնն ու շռայլութիւնն է նրան ունենալը, կարծում եմ նաեւ՝ Ֆրանսիացի ժողովրդի։
Ու վերջում, դիտումին յաջորդած հարց ու պատասխանի ժամանակ Սիմոն Աբգարեանը մի միտք հնչեցրեց՝ որն հնչեց որպէս էպիլոգ թէ՜ ֆիմի համար եւ յատկապէս՝ մեզ համար. «Չկայ ապագայ, չկայ պետութիւն առանց արմատի, առանց պատմութեան, առանց անցեալի ճանաչումի»»։



