
ՀԱՏԻՍ
Երաժշտութեան աշխարհում նոր եռուզեռ է. արհեստական բանականութիւնը (ԱԲ) ոչ միայն արագացնում է ստեղծագործական գործընթացները, այլեւ փոխում է այն, թէ ինչպէս ենք մենք ընկալում մեղեդիները, հարմոնիան եւ ձայնային փորձերը: Ալգորիթմները կարող են առաջարկել նոր գաղափարներ, ստեղծել նոտաներ ու ձայներ՝ նախկինում անհնարին համադրութիւններով, բայց միեւնոյն ժամանակ հարց է ծագում՝ արդեօք մեքենան կարող է փոխարինել մարդու ստեղծագործական ուժը, մարդու զգացողութիւնները, փորձառութիւնը եւ պատմութիւնները, որոնց վրայ հիմնւած է իսկական արւեստը:
Յօդւածում ներկայացւած են երկու տարբեր երաժիշտների կարծիքները՝ տարբեր ստեղծագործական աշխարհներից:
Անդրէ Խաչիկեանը ռոք-մետալ ժանրից, եւ Էդմոնդ Արիանը՝ դասական եւ փորձարարական մօտեցումներով ստեղծագոծող. նրանց կարծիքն ենք հարցրել Արեհստական Բանականութեան ազդեցութեան, օգուտների եւ սահմանափակումների մասին: Նրանք ցուցադրում են, թէ ինչպէս կարելի է գտնել ոսկէ միջինը՝ օգտագործելով տեխնոլոգիան ստեղծագործական գործընթացում, առանց կորցնելու մարդկային զգացմունքների ներքին հմայքը:
Անդրէ Խաչիկեան
«ԱԲ-ն կարող է լինել հզօր ստեղծագործական գործընկեր»
«Գերեհ» ռոք-մետալ բենդի եւ այժմ Քաւէ Աֆաղի լիդգիտարիստ՝ Անդրէ Խաչիկեանը, ով Իրանի ժամանակակից ռաքստարներից մէկն է նաեւ, նշում է, որ ԱԲ-ն, յատկապէս, կարող է օգնել ձայնային էֆեկտների ձեւաւորման հարցում արագացնել գործը:
Անդրէն նաեւ նոր գաղափարների եւ ուղղութիւնների փաստի մասին է նշում, որոնք ալգորիթմները կարող են նոր աշխարհ բացել հեղինակների համար, նոր լուծումներով ու հետաքրքիր մեկնարկով ստեղծագործութիւնների գործում:

Երաժշտական նոր գործիքի զգացում
Անդրէն յիշեցնում է նաեւ, որ որոշ դէպքերում կորելու է մարդու կենդանի ձեռագիրն ու գործի համն ու հոտը: «Սկսելու ես զգալ, որ սուպեր-մարդու հետ գործ ունես»:
Անդրէն ընդգծում է, որ չափաւոր եւ գիտակցաբար օգտագործելով ԱԲ-ն, այն կարող է դարձնել օգտակար գործիք՝ ստեղծագործական գործընթացը արագացնելու եւ նոր փորձարկումների համար:
Նա նշում է, որ այստեղ արդէն ոսկէ միջինը գտնելը խիստ կարեւոր յատկանիշ է, որը պէտք է իրականացւի արհեստավարժ շերտի ձեռամբ:
«Կարծում եմ, պէտք է ինքնազարգամամբ սովորենք այս գործիքի հետ աշխատելու եղանակները, որպէսզի հնարաւոր լինի հասնել այդ ոսկէ միջինին»,- նշում էն նա եւ յաւելում, որ ճիշտ օգտագործմամբ ԱԲ-ն կարող է ծառայել որպէս ստեղծագործական թիմակից, ինչը չէզոքացնելու է նրա մասին եղած փոխարինողի պատրանքը:
Տեխնոլոգիայի պատմական եւ մշակութային համատեքստը
Երաժշտութեան պատմութիւնը ցոյց է տալիս, որ նոր տեխնոլոգիաների մուտքը միշտ ուղեկցւել է խառնասէր արձագանքներով: Երբ ժամանակին յայտնւեցին էլեկտրական գիտարները, շատ երաժիշտներ ու քննադատներ վախենում էին, որ դրանք վտանգում են դասական ու ժողովրդական երաժշտութեան «մաքուր» աւանդոյթները կամ մարդու ստեղծագործական զգացմունքները: Նոյն կերպ արձագանքեցին սինթսայզերների յայտնւելուն նաեւ. շատերը անւանում էին դրանք «խախտող» եւ «արհեստածին ձայներով մեղեդիներ», որոնք սպառնում են մարդուն՝ որպէս երաժշտական ստեղծագործութեան կրողի:
Համեմատութեան կարգով
Ժամանակին մետալ ժանրի մուտքը համապատասխան էլեկտրական էֆեկտներով ու գործիքներով նոյնպէս շոկ է առաջացրել:
1970-ականներին նոր ալիքի երաժիշտների գիտարի հզօր ճիչն ու հնչեղութիւնը, բարձր աղմուկը եւ հարւածային գործիքների ընդգծւած կիրառումը որոշ քննադատների կարծիքով սպառնալիք էր, որը «եկել» էր ի չիք դարձնելու դասական երաժշտութեան աուրան ու նրբագեղութիւնը: Սակայն ժամանակն ապացուցեց, որ նոր տեխնոլոգիաներն ու ոճային նորամուծութիւնները ոչ թէ վերացնում են աւանդոյթները, այլ ընդլայնում են երաժշտական հնարաւորութիւնները, ստեղծում նոր արտայայտչական լեզու եւ բացում ստեղծագործական նոր ճանապարհներ:
Այս համատեքստը օգնում է հասկանալ, որ այսօր, երբ արհեստական բանականութիւնը մուտք է գործում երաժշտութեան եւ արւեստի ասպարէզ, արձագանքները յաճախ նոյն տրամաբանութեամբ են՝ պաշտպանել անցեալն ու աւանդական սահմանները: Վախն անկախ տեխնոլոգիայի բնութագրից, չգրւած օրէնքի պէս, յաճախ հիմնւած է ոչ այնքան հնարաւոր վնասների, որքան սովորութեան, ճանաչւած կառուցւածքների եւ մշակութային հին կարգերի պահպանման ցանկութեան վրայ:
Այս տեսանկիւնից ԱԲ-ն պարզապէս նոր գործիք է՝ ստեղծագործական գործընթացում, որն անհրաժեշտ է սովորելով հասկանալ, հակադրւելու փոխարէն:
Էդմոնդ Արիանի հայեացքը
Էդմոնդ Արիանն ԱԼԻՔ-ին յղած յօդւածում (կցւած է նիւթիս) նշում է, որ ԱԲ-ն այսօր կարող է ստեղծել բարձրորակ երաժշտութիւն, նոյնիսկ Բեթհովէնի նման բարդ ոճերով: Սակայն սա չի նշանակում, որ ԱԲ-ն սպառնալիք է երաժշտութեանը: Այն կարող է նմանակել զգացումները, բայց չի կարող ստեղծել իրական մարդկային պատմութիւններ, որոնց վրայ հիմնւած է երաժշտութիւնը:

«Արւեստը ծնւում է անհատական, եզակի ապրումներից՝ ինչպէս Մոցարտի, Բեթհովէնի, Շեքսպիրի կամ Մունկի դէպքում»:
ԱԲ-ն երկար ժամանակ չի կարող ունենալ նման ընկալում եւ ներքին փորձառութիւն, ուստի Արիանի դիտարկմամբ՝ այն ոչ թէ սպառնալիք է, այլ գործիք, որը հեշտացնում է ստեղծագործողի աշխատանքը:
Արիանը հեռու չի տեսնում այն օրը, երբ մարդիկ միայն ԱԲ-ի միջոցով ստեղծած երաժշտութեամբ կը կարողանան հասնել Billboard-ի վերին հորիզոնականներին կամ Grammy մրցանակներին, ու միաժամանակ կը շարունակւեն կոչւել «արտիստ»՝ սպասարկելով լայն լսարանի պահանջները:
Մեծ հեղինակների ազդեցութիւնը
Մոցարտը, Բեթհովէնը, Շուբերտը, Շեքսպիրը, Դոստոեւսկին, Հեմինգւէյը, Կարաւաջօն, Ռեմբրանդտը, Մունկը… ձեւաւորել են արւեստի մասին մեր ունեցած պատկերացումնեով աշխարհը:
Այսօր եւս կան մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են այնպիսի եղանակով, ինչպիսին ոչ միայն ԱԲ-ն, այլեւ մեծամասնութիւնն ընկալել չի կարող:
ԱԲ-ն երկար տարիներ չի լինելու ի վիճակի նման ընկալումներով հանդէս գալու: Արւեստագէտն իր խաչն է կրում ու այդ տառապանքը քամում ստեղծագործութեան մէջ:
Իսկ երաժշտութիւնն ամբողջութեամբ աբստրակցիա է՝ մեր կեանքի պատմութեան անխօս արտացոլումը:
ԱԲ-ն չունի եւ չի կարող ինքնուրոյն ցանկանալ պատմութիւն ստեղծել՝ իր գոյութիւնն ապացուցելու համար:
* * *
Սա միաժամանակ եւ պարգեւ է, եւ անէծք մարդու համար
ԷԴՄՈՆԴ ԱՐԻԱՆ
Էդմոնդ Արիանը նշում է, որ արհեստական բանականութիւնը այսօր կարող է ստեղծել բարձրորակ երաժշտութիւն, անգամ՝ Բեթհովէնի նման բարդ ոճերով։ Սակայն դա չի նշանակում, որ ԱԲ-ն սպառնալիք է երաժշտութեան համար. այն կարող է նմանակել զգացմունքները, բայց չի կարող ստեղծել իրական մարդկային պատմութիւններ, որոնք երաժշտութեան հիմքն են։ Արւեստը ծնւում է անհատական, եզակի ապրումներից՝ ինչպէս Մոցարտի, Բեթհովէնի, Շեքսպիրի կամ Մունկի դէպքում։ Իսկ ԱԲ-ն, լինելով ալգորիթմային, երկար ժամանակ չի կարող ունենալ նման ընկալում եւ ներքին փորձառութիւն։ Ուստի՝ ըստ հեղինակի, արհեստական բանականութիւնը ոչ թէ սպառնալիք է, այլ գործիք, որը հեշտացնում է արւեստագէտի աշխատանքը։
Սկսեմ ձեր առաջին հարցից. դուք ակնարկում էք, որ արհեստական բանականութիւնը այսօր կարողանում է մարդուց բարձր մակարդակով ստեղծել եւ կատարել երաժշտական գործեր։ Անկասկած՝ սա այլեւս վիճարկելի չէ։ Այսօր այն այնպիսի կարողութիւնների է հասել, որ կարողանում է գրել բարդ ֆորմաներ եւ հարմոնիա ունեցող ստեղծագործութիւններ։ Օրինակ կարելի է բերել Բեթհովէնի 10-րդ սիմֆոնիայի տարբերակը, որը ԱԲ-ն ամբողջացրել է՝ պահելով Բեթհովէնի գրելու ոճը, մեղեդային մտածողութիւնը եւ երաժշտական կառուցւածքները, եւ այս բոլոր տարրերը գործի դնել ամենաճիշտ կերպով։
Այդպիսի օրինակները կարող են առաջին հայեացքից անհանգստացնող թւալ երաժիշտների եւ արւեստի այլ ճիւղերի ներկայացուցիչների համար։ Սակայն այստեղ ամենակարեւոր հարցը հեղինակ ստեղծագործողների դերն է։ Էդմոնդ Արիանը նշում է, որ արհեստական բանականութիւնը կարող է փոխանցել զգացմունքներ՝ զայրոյթ, վախ, տխրութիւն կամ ուրախութիւն՝ այնպէս, ինչպէս մարդը: Օրինակ՝ King Willonius–ի «Move B***h» երգը, որը ստեղծւած է ԱԲ-ի մասնակցութեամբ, դրա յստակ դրսեւորումներից է։ Երգչի ձայնը, բեք-վոկալները, գործիքային ձեւաւորումը՝ բոլորում կրկնւել է 60-70-ականների բլիւզի հնչողութիւնը։ Այս գործը ցոյց է տալիս, որ առաջիկայ տարիներին մենք կը տեսնենք մարդկանց, որոնք միայն ԱԲ-ի միջոցով ստեղծած երաժշտութեամբ կը հասնեն Billboard-ի բարձր հորիզոնականներին, գուցէ նաեւ ստանան Grammy մրցանակներ եւ կը կոչւեն «արտիստ»՝ սպասարկելով լայն լսարանի շուկայական պահանջարկը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ արդեօք ԱԲ-ն սպառնալիք է երաժշտական մասնագիտութեան համար, Արիան 90 տոկոսով վստահ է՝ ոչ։ ԱԲ-ն միգուցէ փոխանցելու կը լինի մարդկային զգացմունքները, սակայն երաժշտութեան հիմնական էութիւնը հէնց դրանից է գալիս։ Մարդը հասկանալու համար կարիք ունի իր անցեալի յիշողութեանն ու ապրումներին. դրանով է նա արտայայտում զգացմունքներն ու գոյութիւնը։ Մենք պատմում ենք սովորական օրւայ մասին մինչ այն պահը, երբ ինչ-որ անսովոր բան է պատահում, եւ այդ դէպքում էլ մեր զգացմունքներն ենք փոխանցում։
Սակայն հասարակութեան մէջ կայ այն տարրը, որոնց ընկալած աշխարհն այլ է՝ նրանց զգացողութիւնները երբեմն այնքան ոչ սովորական են, որ չեն կարողանում դրանք փոխանցել։ Եւ նրանցից միայն մի քանիսն են դառնում իրական հեղինակներ։ Անցեալում այդպիսի հեղինակներ էին Մոցարտը, Բեթհովէնը, Շուբերտը, Շեքսպիրը, Դոստոեւսկին, Հեմինգւէյը, Կարաւաջօն, Ռեմբրանդտը, Մունկը։ Սրանք այն տարբերւող անհատականութիւններն են, որոնցով մենք մեծացել ենք եւ ովքեր ձեւաւորել են մեր աշխարհը։
Այսօր էլ կան մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են այնպիսի ստեղծագործութիւնների հեղինակներով, որոնք ոչ միայն ԱԲ-ի, այլեւ մարդկութեան մեծամասնութեան համար են անհասանելի: Նրանք մեզ ցուցադրում են կեանքի այն շերտերը, որոնք մենք չենք տեսնում։ ԱԲ-ն՝ լինելով ալգորիթմային, երկար տարիներ չի կարող ունենալ նման ընկալում։ Սա միաժամանակ եւ պարգեւ է, եւ անէծք մարդու համար․ նա պիտի ապրի իր տառապանքը, պիտի ընդունի այն՝ որպէսզի կարողանայ հասկանալ եւ արդիւնքը փոխանցել, ինչպէս հազարաւոր ստեղծագործութիւնները, որոնք տարբեր ժամանակներում ծնւել եւ փոխանցւել են սերունդներին։
Երաժշտութիւնը ամբողջութեամբ աբստրակցիա է. դա մեր կեանքի պատմութեան անխօս արտացոլումն է՝ հասկանալու ձգտումի: Իսկ ԱԲ-ն չունի նման կարիք՝ այն չի ուզում պատմութիւն ստեղծել իր գոյութիւնը ապացուցելու համար։ Ահա ինչու այն սպառնալիք չէ արւեստին, մասնաւորապէս՝ երաժշտութեանը։ Այն պարզապէս գործիք է, որը հեշտացնում է արւեստագէտի աշխատանքը։



