Իր մասշտաբներով այս պառակտումն աննախադէպ է լինելու

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Երբ ես տեսայ կադրերը, թէ ինչպէս են եպիսկոպոսներն անցնում Փաշինեանի «թրի տակով», ես, ճիշտն ասած, շոկ ապրեցի, եւ, անկեղծ ասած, այդ շոկը մինչեւ հիմա չի անցնում:
Թւում է, թէ արտառոց ոչինչ չկայ՝ մի խումբ մարդիկ վազում են ու խոնարհւում են «ուժեղի» առաջ (կամ նրա առաջ, ում տւեալ պահին ուժեղ են համարում), որպէսզի ապահովեն իրենց տեղն արեւի տակ: Պատմութիւնը նման հազարաւոր օրինակներ է տալիս:
Յիշենք թէկուզ այն, ինչ կատարւել է մեր աչքի առաջ: Օրինակ, 1997 թւականի աշնանը, տեսնելով, որ այն ժամանակւայ վարչապետն ու «ուժայինները» յեղաշրջում են պատրաստում ՀՀ նախագահի դէմ, «Հանրապետութիւն» խմբակցութեան պատգամաւորների զգալի մասը (որոնք պատգամաւորներ էին դարձել ՀՀՇ-ի շնորհիւ) դուրս եկան այդ խմբակցութիւնից եւ կա՛մ դարձան անկախ պատգամաւոր, կա՛մ անդամակցեցին նոր ձեւաւորւող «Երկրապահ» խմբակցութեանը: Հակառակ դէպքում նրանց բիզնեսը եւ պատգամաւորական մանդատը կը վտանգւէին: Յիշում եմ, նրանք, ովքեր ճամբարափոխներին ստորագրելու թուղթ էին դէմ տալիս, այդ թուղթն անւանում էին «ղազագիր»: Նման մի թուղթ էլ նիկոլական եպիսկոպոսներն են ստորագրել, եւ դարձեալ կարծում եմ, որ թուղթ դէմ տւողներն առանձնապէս չեն յարգում նրանց, ովքեր այդ թուղթը ստորագրում են:
Մի խօսքով, նման դէպքեր Հայաստանում էլի են եղել անցած տասնամեակներում: Բայց բոլոր արտաքին նմանութիւններով հանդերձ, այն, ինչ կատարւում է հիմա եկեղեցու հետ, արտառոց է իր մասշտաբներով ու հետեւանքներով: Որովհետեւ խօսքն ամենեւին «բարեվարքութեան» մասին չէ՝ նիկոլական եպիսկոպոսներն ամենեւին աւելի «բարեվարք» չեն, քան մնացածները: («Եկեղեցին մաքրելու» մասին խօսակցութիւնները պարզապէս զաւեշտալի են): Խօսքը նաեւ պարզապէս իշխանութեան համար պայքարի մասին չէ, ինչպէս վերը նկարագրւած դէպքում էր:
Խօսքը 17 դարից աւելի գոյութիւն ունեցող համազգային կառոյցի պառակտման մասին է: Որովհետեւ պարզ է, որ հիմա կը լինեն նիկոլական եւ ոչ նիկոլական եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ այլն, որոնք տարբեր ձեւով են շփւելու հաւատացեալների հետ, մասնաւորապէս, տարբեր ձեւով են պատարագ մատուցելու:
Բայց պառակտումը դրանով չի սահմանափակւի: Հայաստանի ներսում, ինչպէս նաեւ Հայաստանում եւ Սփիւռքում հայերի տարբեր խմբեր տարբեր եկեղեցիներ են գնալու: Եւ պառակտումը կը լինի աւելի խորը, քան կայ Էջմիածնի եւ Անթիլիասի թեմերի միջեւ:
Չեմ հաւատում, որ դա արւում է պատահաբար, ինչպէս նաեւ չեմ հաւատում, որ դրա հեղինակը Նիկոլ Փաշինեանն է: Նա իրագործող է:



