Նարինէ Մկրտչեան. «Նիկոլ Փաշինեանը բլէյանիզմը հասցրել է պետական մակարդակի»

«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք «Առաւօտ» օրաթերթի հարցազրոյցը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինէ Մկրտչեանի հետ:
– Հայաստանի քաղհասարակութեան ներկայացուցիչները մեկնեցին Բաքու՝ պետութեան հովանաւորութեամբ։ Ինչպէ՞ս էք վերաբերւում այդ նախաձեռնութեանը։ Որակումներ տարբեր եղան, նրանց հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի «ազդեցութեան գործակալներ են համարում»։
– Նախ, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ Հայաստանում քաղաքացիական հասարակութիւնը չի կայացել. չի կայացել երէկ, չի կայանում այսօր, այսպէս որ շարունակւի՝ երկար դեռ չի կայանայ։ Այս առումով Բաքու մեկնած այդ խմբակին «քաղհասարակութիւն» որակելը իրականութեան ակնյայտ խեղաթիւրում է։ Սա՝ առաջին։ Երկրորդ։ Բաքւի այցի նախաձեռնութեան ոգեշնչողը, պէտք է ենթադրել, որ ՀՀ վարչապետն է, որը պետական բիւջէից 17 մլն 550 հազար դրամ՝ 45,700 ԱՄՆ դոլար է յատկացրել այս «պատմական» այցը կազմակերպելու համար։ Մինչդեռ, ըստ պաշտօնական տւեալների՝ Հայաստանում աղքատութիւնը 27.1 տոկոս է, նւազագոյն կենսաթոշակը՝ 36 հազար դրամ։ Եւ այս աղքատութեան ֆոնին Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը խախտած, Արցախը էթնիկ զտմամբ դատարկած, հայկական մշակութային ժառանգութիւնն աւերող պետութեան՝ Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելու համար այսպիսի գումարներ են ծախսւում պետբիւջէից։
Լաւ, մեկնեցին Բաքու, բարձրացրեցի՞ն Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման, հայ ռազմագերիների իրաւունքների պաշտպանութեան, ամէն օր Հայաստանի տարածքը «Արեւմտեան Ադրբեջան» որակելու անթոյլատրելիութեան հարցերը։ Իհարկէ՝ ոչ, նրանք Փաշինեանի «խաղաղութեան» աւետաբերների պէս թռան- հասան Բաքու, որ վարչապետի ուղերձները փոխանցեն եւ Բաքւով հիացած վերադառնան։ Նրանք քաղհասարակութիւն չեն, նրանք Փաշինեանի աղէտաբեր իշխանութեան աջակիցներն են եւ Բաքու մեկնել էին Փաշինեանի ուղերձները փոխանցելու եւ յատկապէս Ալիեւի ուղերձները բերելու, մենք այդ ուղերձներն ամէն օր լսում ենք. «Արեւմտեան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», Սեւանի ադրբեջանականացւած անւանումներով։
Կարո՞ղ էին նրանք չմեկնել Բաքու։ Իհարկէ։ Բայց Փաշինեանը իր քաղաքականութեանը եւ ծրագրերին հպատակեցնելու երկու ճանապարհ է ընտրել. առաջինը՝ պարգեւատրում է ֆինանսներով եւ արտօնութիւններով, երկրորդը՝ սպառնում է կոմպրոմատներով։ Չգիտեմ, սրա՞նք են աշխատել, թէ՞ այդ մարդիկ նաեւ երրորդ երկրի (կամ՝ երկրների) շահերն են ներկայացնում։ Դա պարզելը իմ խնդիրը չէ, այլ պետութեան, իսկ պետութիւնը զբաղւած է Հայաստանն ադրբեջանականացնելով։ Այնպէս որ, խմբակի այցը Բաքու պէտք է դիտարկել այս տիրոյթներում։
– Հայ հասարակական գործիչները Ադրբեջանից հայ հանրութեանը բերել էին Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականութեան բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի ուղերձը՝ մօտաւորապէս այսպէս՝ «պատերազմ չի լինելու հանգիստ ապրէք»։ Աշխարհաքաղաքական զարգացումների, Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան կողմից ամէն օր հնչող տարբեր զաւթողական եւ նւաճողական յայտարարութիւնների, Ադրբեջանում վարւող հայատեաց քաղաքականութեան, Ադրբեջանում գտնւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների խայտառակ դատավարութեան եւ այլ գերիների առկայութեան ֆոնին ինչպէ՞ս էք ընկալում Ադրբեջանի այս ուղերձը։
– Ես նկատել եմ, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը ինքնախաբէութիւնը հասցրել է պետական մակարդակի։ Սակայն ինքնախաբէութեան վտանգներն ու վնասները անչափելի են. դրա աւերները մենք տեսնում ենք։ Սակայն եթէ Փաշինեանը ինքնախաբէութեամբ է զբաղւում, արդիւնքում՝ փորձում է ապակողմնորոշել նաեւ հասարակութեանը, ապա Ալիեւը բացայայտ կեղծիքով է առաջնորդւում։ Թէ՛ Փաշինեանի ինքնախաբէութիւնը, թէ՛ Ալիեւի խաբէութիւնն ու կեղծիքներն ուղղւած են հայ ժողովրդին։ Այնպէս որ, Ալիեւի ուղերձի համար կարիք չկար այդքան գումար ծախսել եւ խմբակին գործուղել Բաքու։
– 1992 թւականին Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր Աշոտ Բլէյեանն էր մեկնել Բաքու՝ սեփական նախաձեռնութեամբ, կը յիշէք հաւանաբար, մեծ աղմուկ եղաւ այն ժամանակ։ Իրավիճակների, նպատակների միջեւ զուգահեռներ կամ հակազդեցութիւններ տեսնո՞ւմ էք։
– Յիշում եմ այդ ժամանակները եւ Բլէյեանի այցը Բաքու, դրան յաջորդած հասարակական աղմուկն ու մերժումը։ Բլէյեանն իր նախաձեռնութեամբ եւ Մոսկւայում ՀՀ մշտական ներկայացուցչի աջակցութեամբ էր մեկնել Բաքու, որտեղից վերադառնալուց յետոյ գրում էր, թէ «հայերի նկատմամբ չարութիւն չզգացի»։ Սումգայիթեան ոճրից անցել էր ընդամէնը 4 տարի։ Գրել էր, թէ «դրկիցութեան, համագործակցութեան կամուրջներն այրել ենք», որ «հայերս ենք սկսել եւ խորացրել»։
Հայաստանում երկու վտանգաւոր հոսանք կայ. մէկը՝ զօրիբալայեանիզմն է, միւսը՝ բլէյեանիզմը։ Զօրիբալայեանիզմը հայերի անվտանգութեան, հայերի գոյատեւման, Արցախի ազատագրման յոյսը կապում է Ռուսաստանի հետ եւ Բակունցի Արթին պապի պէս «ռուսաց թագաւորին» նամակներ էր գրում։
Երկրորդ վտանգաւոր հոսանքը բլէյեանիզմն է, որը Հայաստանում միշտ հատուկենտ հետեւորդներ է ունեցել։ Ընդհանրապէս, հայկական իրականութեան մէջ բլէյեանիզմը նոյնականացւում է կա՛մ մարտնչող պացիֆիզմի, կա՛մ պարտւողականութեան, կա՛մ դաւաճանութեան հետ։ Նիկոլ Փաշինեան լրագրողի հասարակական հայեացքները ձեւաւորւել են Բլէյեանի ազդեցութեան տակ։ Փաշինեանը բլէյեանիզմի հետեւորդն է, որը, դժբախտաբար, հնարաւորութիւն է ստացել դառնալ Հայաստանի պետութեան ղեկավարը։ Հիմա բլէյեանիզմը պետական մակարդակի վրայ է։ Հետեւանքներն ակնառու են՝ Հայաստանի աղէտալի պարտութիւնների շղթան անվերջ աւելանում է, փորձ է արւում կոտրել հայ ժողովրդի դիմադրողականութիւնը, ոչնչացնել ազգային ինքնութեան հիմնասիւները, որ ոչինչ եւ ոչ ոք չխանգարի Հայաստանի ադրբեջանականացմանը։
Զրոյցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ



