Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պղծւելը նորաձեւ է. կուսութեան ինդուլգենցիաներ՝ այլասերւածների կողմից

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի սանձազերծած արշաւը, ի թիւս այլ այլանդակութիւնների, բացայայտում է նրա իշխանութեան պահպանման հիմնական գործօններից մէկը։

Փաշինեանը չունի կարմիր գծեր։ Չունի ոչ թէ յարաբերական իմաստով, ինչը բնորոշ է շատ քաղաքական գործիչների, այլ չունի բացարձակօրէն։ Բարոյականութեան ու բարեվարքութեան հետ, մեղմ ասած, խնդիրներ ունեցող եպիսկոպոսների միջոցով Եկեղեցին «մաքրազերծելու» նրա քայլն ասւածի վառ վկայութիւնն է։

Նպատակին հասնելու համար միջոցների մէջ խտրութիւն չդնելու փաշինեանական գործելաոճը նորութիւն չէ։ Նա այդպէս վարւել է իշխանութեան գալուց առաջ եւ բազմապատիկ աւելի ցինիզմով շարունակում է՝ որպէս իշխանութիւն։ Եւ խնդիրը միայն այդ գործելաոճի հակաբարոյական, անէսթետիկ ու ապաարժէքային բնոյթը չէ։ Որեւէ արգելքի, կարմիր գծերի բացակայութիւնը Փաշինեանի անձնական ու նրա իշխանութեան հաւաքական ուժի աղբիւրն է, քաղաքականութեան միւս սուբիեկտների հետ պայքարում դեռեւս չգերազանցւած մրցակցային առաւելութիւնը։

Այնպէս չէ, որ նրա դէմ պայքարողները բարոյականութեան մոնումենտներ են, առաջնորդւում են միայն մաքրամաքուր արժէքներով ու ազնւութեան նորմերով։ Ոչ, քաղաքականութեան մէջ այդպէս չի լինում։

Բայց այդքանով հանդերձ, Փաշինեանի դէմ պայքարողների գերակշիռ մեծամասնութիւնը, աւելի կամ պակաս չափով, ունի որոշակի կարմիր գծեր, նւազագոյն չափի արգելակներ։ Դրանց փոքր մասն իրապէս արժէքային է, աւելի մեծ մասը՝ սոցիալական նորմերին հետեւելու, միջավայրում անարգանքի չարժանանալու վախից դրդւած։ Բայց բոլոր դէպքերում, հակաիշխանական ճամբարն ունի որոշակի արգելքներ, որոնք քաղաքական պայքարում իշխանութեանը տալիս են առաւելութիւն։

Միւս կողմից, սակայն, իշխանութեան դէմ պայքարողների խնդիրը չպէտք է լինի կարմիր գծերի հարցում Նիկոլ Փաշինեանին հաւասարւելը, միջոցների մէջ խտրութիւն չդնելու առումով նրան գերազանցելը, ինչի արտայայտութիւնները երբեմն տեսանելի են։ Դա ի սկզբանէ ձախողւած ճանապարհ է, ինչպէս որ Փաշինեանին նրա պէս մէկով փոխարինելու դատապարտւած փորձերը, քանի որ, բացասական իմաստով, նա անգերազանցելի է։

Արգելակներ չունենալու, միջոցների մէջ խտրութիւն չդնելու փաշինեանական գործելաոճի վտանգաւորութիւնը միայն նրա անձով չի սահմանափակւում։ Շատ աւելի աղէտալի հետեւանքներ կարող է ունենալ եւ արդէն իսկ ունի նրա կողմից հասարակութեանն իր նման դարձնելու քաղաքականութիւնը։

Իր առջեւ դրւած բոլոր խնդիրները ցանկացած գնով լուծելով, այդ ճանապարհին ոտնահարելով ազգային, մարդկային արժանապատւութիւնը, յիշողութիւնը, յաւիտենական թւացող սրբութիւնները, նա հասարակութեանը ստիպում է մտածել, որ դա է «լաւ ապրելու» ճանապարհը։

Միջոցների մէջ խտրութիւն չդնող ղեկավարին տեւական ժամանակ հանդուրժող հասարակութիւնն ինքն է դառնում այդպիսին՝ առանց կարմիր գծերի, առանց բարոյական ու արժէքային արգելքների։ Դա ամենաշատն անհրաժեշտ է իշխանութեանը, անձամբ Նիկոլ Փաշինեանին, որպէսզի իր կողմից կատարւած ու դեռ կատարւելիք ցանկացած անբարոյականութիւն հանրութիւնը ոչ միայն սովորական ընդունի, այլեւ ընդօրինակելով՝ նոյնն անի նաեւ կենցաղում, աշխատավայրում, հարազատների, ընկերների հետ։

Դաւաճանութեան մէջ մեղադրւողին պէտք է, որպէսզի հնարաւորինս մեծ թւով մարդիկ թաթախւեն դաւաճանութեան մէջ, սրբապղծութեան մէջ մեղադրւողների համար ցանկալի է, որ աւելի մեծ թւովներն անարգեն սրբութիւնները, ուրացողների միջոցով նպատակներին հասնողներն ամէն ինչ կանեն, որ առաւելագոյն թւով քաղաքացիներ ուրանան ամենայնը։

Հայաստանն ունի առանց արգելակների իշխանութիւն, որն այդպիսին է դարձնում նաեւ հանրութեանը։ Դա կանխելու ճանապարհն առանց արգելակների, առանց սահմանագծերի ու առանց արժէքների պայքարը չէ։ Եւ անգամ պայքարի թիրախը չպէտք է լինի իշխանութիւնը կամ Նիկոլ Փաշինեանը։

Նրա դէմ պայքարում յաջողութեան հասնելու համար պայքարողները պէտք է աշխատեն հասարակութեան հետ այնպէս ու այնքան, որ հանրութիւնը նորից ապրի նւազագոյն բարոյական իմպերատիւներով, մերժելով գոնէ ակնյայտ դաւաճանութիւնը, ուրացումը, սրբապղծութիւնը։

Այս պահին դա թւում է սարսափելի դժւար, քանի որ իշխանութեանը յաջողւել է էապէս իր նման դարձնել՝ այլասերել հասարակութեանը։ Բայց դա հաստատ աւելի դժւար չէ, քան այլասերւածների կողմից կուսակրօնութեան ինդուլգենցիա բաժանելու այսօրւայ եղկելի տեսարանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ կը թւար տիեզերական մասշտաբի անկարելիութիւն։

168.am

Related Articles

Back to top button