Թրամփի վարչակազմը ցանկանում է Ուկրաինայում հրադադարի հասնել մինչեւ ապրիլի 20-ը

«ԱԼԻՔ» – Ամերիկեան Bloomberg-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է Ուկրաինայում հրադադարի հասնել մինչեւ ապրիլի 20-ը:
Այդ մասին Սպիտակ տունը ուղղակիօրէն յայտարարել է իր եւրոպական գործընկերներին:
Bloomberg-ի տւեալներով՝ եւրոպական պաշտօնեաներն աշխատում են պաշտպանութեան եւ Ուկրաինային աջակցութեան ծախսերն աւելացնելու ուղղութեամբ: Այս ծրագրերի մասին կը յայտարարւի միայն փետրւարի 23-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրութիւններից յետոյ։
Այսօր՝ փետրւարի 17-ին, ԵՄ մի քանի երկրների ղեկավարներ հրաւիրւել են Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ այդ միջոցառումների նախապատրաստումը սկսելու համար։
Ենթադրաբար, գագաթնաժողովում կը քննարկւի նաեւ Ուկրաինա եւրոպական զօրքեր ուղարկելու հնարաւորութեան հարցը, նշում է լրատւամիջոցը։
«Սակայն Թրամփի վարչակազմը միանշանակ յայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում հրադադար հաստատել մինչեւ Զատիկը, որն այս տարի նշւում է ապրիլի 20-ին է, ինչի մասին ուղղակիօրէն յայտարարել է իր եւրոպական գործընկերներին»,- յայտնում է Bloomberg-ը։
Միեւնոյն ժամանակ, որոշ եւրոպացի պաշտօնեաներ յայտարարում են, որ յաջորդ շաբաթ Սաուդեան Արաբիայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցութեամբ բանակցութիւնների տեմպերը յաւակնոտ են, բայց պոտենցիալ առումով՝ անիրատեսական: Bloomberg-ի աղբիւրներից մէկը կարծում է, որ շատ աւելի իրատեսական է համաձայնութեան հասնել մինչեւ 2025 թւականի վերջը։ Սպիտակ տան Ազգային անվտանգութեան խորհուրդը չի պատասխանել մեկնաբանութեան խնդրանքին: