Կոնստանտին Զատուլին. «Պէտք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ»
![](/wp-content/uploads/2025/02/630-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի համար կարեւոր է ցոյց տալ Արեւմուտքին եւ Թուրքիային, թէ որքան անզիջում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններում»: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ այս մասին ռուսական «Ազգային լրատւական ծառայութեանը» ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտէի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանութիւններն աւելի վաղ յայտարարել էին ռուսական «Ռոսսոտրուդնիչեստւօ»-ի եւ ամերիկեան USAID գործակալութեան աշխատանքի դադարեցման մասին, քանի որ «նրանք մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտութիւնը հանրապետութեան ներքին գործերին»։ «Ռոսսոտրուդնիչեստւօ»-ի ղեկավար Եւգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկապէս դադարեցրել է Բաքւում Ռուսական տան աշխատանքը՝ իր պահանջը բացատրելով որպէս իրաւաբանական անձ գրանցման բացակայութեամբ։ Զատուլինը բացատրել է երկրի իշխանութիւնների նման պահւածքը։
«Արդէն շատ թանաք ու բառեր են ծախսւել, որպէսզի հարցն այնպէս ներկայացւի, իբր Ադրբեջանը գործնականում մեր ամենահաւատարիմ դաշնակիցն է։ Յատկապէս այն ֆոնին, ինչ կատարւում է Հայաստանում։ Բայց մենք բախւեցինք իրականութեանը, մեր հանդէպ նրանց վերաբերմունքին։ Այս ամէնը՝ իբր այն ֆոնին, թէ արդեօք մենք ինքնաթիռ ենք խփել, թէ ոչ: ՌԴ նախագահը ներողութիւն է խնդրել, զոհւել են նաեւ ռուսներ։ Իսկ Ռուսաստանին դեմոնացնելու ցանկութիւնն առաջանում է այն ֆոնին, որ դա տեղի է ունեցել ուկրաինական անօդաչու սարքերի յարձակման պահին։ Բոլորը հասկանում են, որ ամէն դէպքում դա տեղի է ունեցել օդային սպառնալիքի պատճառով։ Վստահ եմ, որ մենք օգնում ենք զոհւածների ընտանիքներին, հետաքննութիւնը ցոյց կը տայ, թէ ինչ է տեղի ունեցել։ Բայց հիմա Ադրբեջանի համար կարեւոր է ցոյց տալ Արեւմուտքի իր բարեկամներին, Թուրքիային, թէ որքան անզիջում է նա։ Չեմ կարծում, թէ սա ողջամիտ քաղաքականութիւն է, Ադրբեջանը չի կարող որեւէ տեղ կորչել Ռուսաստանից։ Վաղը դեռ մեզ մօտ կը գան իրենց որոշ կարիքների համար»,- ասել է նա։
Նրա խօսքով՝ Մոսկւան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել եւ պէտք է եզրայանգումներ անի այն մասին, որ Ադրբեջանին չի կարելի դաշնակից համարել։
«Պէտք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ։ Կայ Ադրբեջանի նոյնատիպ կառոյց Մոսկւայում, մեր կողմից ճիշտ կը լինի պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի իշխանութիւնները մեզ հետ յարաբերութիւնները դիտարկում են միայն իրենց շահի տեսակէտից։ Նրանք երբեք չեն եղել մեր լիիրաւ դաշնակիցը, նրանք եղել եւ մնում են Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կողմնորոշւած է ոչ թէ դէպի մեզ, այլ դէպի Թուրքիա, իսկ մեզ հետ դաշինքը պատեհապաշտական բնոյթ ունի։
Երբ անհրաժեշտ էր, որ Ռուսաստանը աչք փակեր Ղարաբաղի պատերազմի, սադրանքների, յանցագործութիւնների, խոցւած ուղղաթիռի վրայ, այն ժամանակ եղան գործընկերային յարաբերութիւններ։ Երբ անհրաժեշտ են խողովակաշարային երթուղիներ անցկացնել, այդ ժամանակ մեզ շրջապատում են խնամքով եւ ուշադրութեամբ: Երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնն աւարտւեց այնպէս, ինչպէս աւարտւեց, Ադրբեջանի ղեկավարութիւնը որոշեց օգտագործել ցանկացած պատրւակ՝ Ռուսաստանի նկատմամբ իր յատուկ վերաբերմունքը ցոյց տալու համար»,- եզրափակել է Զատուլինը։