Էդւարդ Շարմազանով. «Վեհափառին ո՛չ քրէական գործերով ու ո՛չ էլ հնարաւոր կալանքով չէք վախեցնի»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդւարդ Շարմազանովը գրել է.
«Մի զարմացէք, երբ թրքահպատակ ռեժիմը հանրային քրէական հետապնդում է իրականացնում Հայոց Վեհափառի նկատմամբ։
Յաղթանակած նախագահներից երկուսն այսօր դատարանում են։
Յաղթանակած հրամանատարները նոյնպէս. Մանւէլ Գրիգորեանն էլ սրանց ռեժիմի զոհը դարձաւ։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքւի բանտերում են։
Արցախը հայաթափւած է։
Ցեղասպանութեան դատապարտումից հրաժարւել են։
Ի՞նչ էք սպասում սրանցից։
Սրանք թող յիշեն ոչ թէ Պապ թագաւորի, այլ Տիրան արքայի եւ Յուսիկ կաթողիկոսի պատմութիւնը։
Տիրանի իշխանութեան (338-350) վերջին տարիներին յարաբերութիւնները սրւում են ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ նրա սահմաններից դուրս։
Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդէս են գալիս Տիրանի հակապետական քայլերի դէմ, ապա տեղի են ունենում պետութիւն-եկեղեցի առաջին բախումները։
Այս բախումներն այնքան են խորանում, որ Յուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագաւորին։
Տիրանի հրամանով Յուսիկին բրածեծ անելով սպանում են։
Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապէս հզօրացել էր, եւ ժողովուրդն աւելի շատ վստահում էր Եկեղեցուն ու ոչ թէ Տիրանին։
Բայց Յուսիկի սպանութիւնն էլ Տիրանին չփրկեց։
Թէ ինչ է լինում Տիրանի հետ, գիտեն բոլորը։
Նա կուրացւում է ու հեռացւում է պետական գործից։
Իսկ վերջին տարիները Տիրանն անց է կացնում Կոշում։
Չեմ ցանկանում որեւէ մէկին նման դաժան ճակատագիր։
Ոչ վերջին օրերը Կոշում, ոչ էլ՝ առաւել եւս կուրացում։
Բայց Յուսիկի հետապնդումից ու սպանութիւնից յետոյ Հայոց Եկեղեցին աւելի է հզօրանում ու շարունակում է ծառայել Հայոց Պետութեանն ու Հայ Ազգին։
Վեհափառին ոչ քրէական գործերով ու ոչ էլ հնարաւոր կալանքով չէք վախեցնի։
Վեհափառը Աստծոյ օծեալ է Լուսաւորչի գահին, դուք ձեր մասին մտածէք։
Տիրանը միշտ էլ պարտւելու է Յուսիկին»։
Այս մասին հաղորդում է Yerkir.am-ը:



