Հայ ԴատՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սումգայիթ. Պատմական ողբերգութեան անդրադարձը «ԱԼԻՔ»-ի խոշորացոյցի ներքոյ

Սումգայիթ. ճշմարտութեան ծանր սեւագիրն ու թուրքական քարոզչութեան «Խոջալու»-ի կեղծ հայելին

ՀԱՏԻՍ

 

Աւելի քան երեսուն տարի անց Սումգայիթի երեք օրւայ ողբերգութիւնը մնաց անփոխարինելի ապացոյց, որ քաղաքական եւ պատմական պատրանքներն աւելի ցաւոտ են փլուզւում, քան մետաղէ վարագոյրի տակ մնացածները։

1988 թւականի փետրւարի 27-ին 29-ին Սումգայիթում (Ադրբեջանական ԽՍՀ) խախտւեց ոչ միայն անվտանգութիւնը, այլ նաեւ Խորհրդային Միութեան «ժողովուրդների բարեկամութեան» վերջին պատրանքը։ ԼՂԻՄ-ի (Լեռնաին Ղարաբաղի ինքնավար մարզ) խորհրդի՝ Հայաստանին միանալու խնդրանքից անմիջապէս յետոյ փողոց դուրս եկան յատուկ կազմակերպւած ամբոխներ՝ հայերի անուններով ու հասցէ-ցուցակներով։ Երեք օր շարունակ նրանք յարձակւում էին հայ ընտանիքների վրայ, կատարում էին խոշտանգումներ ու սպանութիւններ, իսկ ոստիկանութիւնը գործնականում չէր միջամտում։

Զօրքերը ներս մտան միայն փետրւարի 29-ի ուշ երեկոյեան։ Պաշտօնական տւեալներով զոհւել է 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի), ինչը, սակայն հայկական կողմի տւեալներով, զոհւած հայերի թիւը հասնում էր մի քանի հարիւրի, սակայն ամենայաճախ հանդիպող եւ համեմատաբար յուսալի համարւող թիւը, որը տարբերւում է պաշտօնականից, խօսւում է 100-ից 150 զոհերի մասին։

Երբ Սումգայիթի փողոցներում բռնութիւնը դարձաւ կանոն, արձակագիր եւ հրապարակախօս Բակոր Կարապետեանը տեսախցիկը ձեռքին, կեանքին սպառնացող պայմաններում, Սումգայիթ է մտնում դիակների համար նախատեսւած դագաղներից մէկում թաքնւելով։

Նա եկել էր արձանագրելու այն, ինչ շատերը փորձում էին չտեսնել։ Նրա ճանապարհը շարունակւեց մինչեւ Բաքու՝ նոյն խռովքներով ու լռեցման փորձերով շրջապատւած։ Այս նկարահանումներն այսօր ծառայում են որպէս անհերքելի վկայութիւն եւ վաւերագրական փաստ՝ Սումգայիթում եւ Բաքւում հայերի հետ տեղի ունեցածի մասին։

Նկարահանումների կողքին նրա փորձառութեան հիման վրայ հրատարակւած «Աղէտ» վաւերագիրքը, դարձաւ խօսուն եւ ծանրակշիռ փաստագրութիւն՝ Սումգայիթում իրականացւած ջարդերի մասին։

 

Աքրամ Այլիսլիի խիղճը՝ միայնութեան մէջ

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարէ երազներ» վէպում վերադառնում է Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի բարոյական քայքայման խորքին։ Վէպը գրւել է՝ ազգային խիղճը փորձաքարին դնելով եւ չզիջելով ենթադրելի քաղաքական ու հասարակական ճնշումներին։

Այլիսլին, ում վէպը դարձաւ իր մտաւորական էութեան ու խիզախութեան գլխագինը, հետապնդւեց, զրկւեց պետական պարգեւներից, եւ արշաւների թիրախ դարձաւ հէնց այն պատճառով, որ փորձել էր գրական լեզւով արձանագրել այն, ինչը պետականօրէն փորձ էր արւում պահել լռութեան տակ։

Այլիսլիի խօսքն այսօր էլ կարեւոր է՝ ոչ միայն որպէս գրական փաստ, այլ՝ որպէս ներսից հնչած, իր ազգի համար ծանր, բայց ազնիւ նշումը՝ որ Սումգայիթը կեղծ նոյնականացումներով չի ջնջւելու։

Խոջալու. Ադրբեջանական օրակարգով պատասխան վարկած՝ փաստագրական դէպքերի հանգոյցով

Ադրբեջանի քարոզչական մեքենան տարիներ շարունակ փորձել է Խոջալուի դէպքերը ներկայացնել որպէս «պատասխան քայլ»՝ դրանք վերագրելով հայերին եւ կապելով Սումգայիթի տարելիցի ու ամսաթւի հետ։ Այդ շրջանակում շրջանառութեան մէջ է դրւել խաղաղ բնակչութեան նկատմամբ իբր «վրէժխնդիր» սպանդի վարկածը՝ նշելով, թէ Խոջալուի դէպքերը տեղի են ունեցել 1992 թւականի փետրւարի 15-ին եւ 16-ին։ Սակայն փաստագրական վկայութիւնները, այդ թւում՝ դէպքի վայրում կատարւած տեսանկարահանումները, վկայում են իրականութեան մասին, որը զգալիօրէն աւելի բարդ ու բազմաշերտ է, քան քարոզչական այդ պարզեցւած մեկնաբանութիւնները։

Խոջալուի գործողութեանը զոհ գնացած քաղաքացիների հիմնական մասը թուրք-ազերիներով բնակեցւած խոջալու գիւղի բնակիչներն էին։ Նրանց մարմինները յայտնաբերւել են հայկական եւ ադրբեջանական դիրքերի միջակայքում՝ նկատելիօրէն աւելի մօտ ադրբեջանական կողմին։ Տարածքի չվերահսկւած այս հատւածը դարձել էր «մսաղացի» կենտրոն՝ որտեղ երկու կողմերի կրակը խաչւել, եւ խաղաղ բնակիչները մնացել էին փոխհրաձգութեան մէջտեղում։

Բանն այն է, որ նախորդ օրը հայկական կողմը միջանցք էր տրամադրել տարհանման համար (ինչպէս այլ բնակավայրերի պարագայում մէկից աւելի անգամ արել էր), բայց երբ խումբը մօտենում է Աղդամի շրջանի Նախիջեւանիկ գիւղի մօտերքում տեղակայւած ադրբեջանական դիրքերին, այնտեղից կրակ է բացւում հայկական դիրքերի ուղղութեամբ, եւ պատասխան կրակի պայմաններում մարդիկ զոհւում են երկուստեք կրակի տակ։

Խոջալուի դէպքերի ժամանակ սպանւածների թիւը տարբեր աղբիւրներում ներկայացւում է տարբեր կերպ, եւս թեմայի հակասական կողմերից մէկն է։

Բաքւի աղբիւրները խօսում են 600-ի մասին, իսկ Human Rights Watch-ի արձանագրութիւններում խօսւում է 200 զոհի մասին եւ հաստատում, որ զոհերի մի մասը սպանւել է կրակի գծում, մի մասը՝ փախուստի ընթացքում: Ընդգծւում է նաեւ, որ Ադրբեջանի իշխանութիւնները չեն ապահովել բնակչութեան անվտանգ տարհանում:

Մուստաֆաեւի վկայութիւնները. տեսախցիկ, որը չի չոքում Բաքւի կամքի դիմաց

Բաքւեցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւը երկու անգամ գտնւել է Խոջալուին վերագրւող իրադարձութեան վայրում՝ առաջին անգամ անմիջապէս զինւած բախումներից յետոյ, երկրորդ անգամ՝ մի քանի օր անց (2 օր անց, երկու անգամն էլ ուղղաթիռով)։ Նրա տեսախցիկը արձանագրել է ոչ միայն զոհերի ողբերգական պատկերները, այլեւ դիակների տեղաշարժ ու «բեմականացման» հետքեր։ Երկրորդ նկարահանումը եթեր տրւեց Բաքւում, իսկ մինչեւ այդ ամբողջը ցուցադրւել էր Միլլի Մեջլիսում՝ առաջացնելով քաղաքական աղմուկ։ Մուստաֆաեւի նկարագրութիւնները համարձակ, բայց զուսպ փաստագրութեամբ վկայում էին, որ հայերը չեն կարող մի այլ տեղ կազմակերպել սպանդ, ապա դիերը տեղափոխել Ակնայի (Աղդամի) ուղղութեամբ առաջնագիծ՝ ազերիների դիրքերի մօտ: Այն, ինչը տեսել էր օպերատորի աչքը, վկայում էր, որ գործողութեան առաջին օրւայ պատկերները համատեղելի չէին յաջորդ տեսագրութեամբ փաստագրւածի հետ, որտեղ նոր խոշտանգումների բեմականացւած բիծն անհնար էր անտեսել։

 

Լրագրողի ողբերգական մահն ու նրա մահւան չհաստատւած վարկածները

Մի քանի ամիս անց, տեղեկատւութիւն հրապարակւեց, որ Մուստաֆաեւը զոհւել է հայկական ուժերի գնդակոծութեան հետեւանքով: Նրա դին գտնւում էր առաջնագծում՝ նկարահանման տեսախցիկը կողքին:

Որոշ ադրբեջանցի լրագրողներ ու քաղաքական գործիչներ ենթադրել են,որ նրա մահը կարող էր լինել կասկածելի կամ ոչ պատահական: Ոչ մի անկախ քննութիւն չի ապացուցել, որ նա սպանւել է սեփական կողմի կողմից:

Պաշտօնապէս նրա մահը դիտարկւում է որպէս պատերազմական զոհ:

Այժմ Ադրբեջանում նա համարւում է ազգային հերոս:

Նրա անունով են կոչւել մեդիա կազմակերպութիւններ: Փաստ է, որ Մուստաֆաեւը նկարահանել էր կադրեր, որոնք հակասում էին Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշմանը Խոջալուի դեպքերի վերաբերեալ:

Քաղաքական պատասխանատւութեան շեշտն ու Ադրբեջանի ժամանակի նախագահ Այազ Մութալիբովի յայտարարութիւնը

Ադրբեջանի այն ժամանակւայ նախագահ Այազ Մութալիբովը հրապարակայնօրէն (այդ թւում մամուլի հարցազրոյցներում) հաստատել է, որ Խոջալուի արիւնահեղութեան բեմադրողներն եղել են Ադրբեջանի ներսում գործող որոշ ռազմաքաղաքական ուժեր՝ իշխանափոխութիւն անելու նպատակով։ Այս գնահատականը, որքան էլ վիճարկելի համարւի պետական քարոզչութեան շրջանակներում, ըստ էութեան խզում է «կեղծ հայելային պատմութեան» կառուցւածքը՝ երբ փորձ է արւում Խոջալուի ողբերգութիւնը ներկայացնել որպէս պատճառաբանւած հաշւեյարդար՝ Սումգայիթի կազմակերպւած ջարդի հետ կապելու փորձով։

Քարոզչական «հակապատումի» սխեման

Պատի հետեւում թաքնւածին երկար ականջներն է մատնում

Փաստ է, որ ներկայացւող պատմութիւններում պատկերը միտումնաւոր աղաւաղւել է. պէտք է նկատի ունենալ նաեւ, որ այս բոլորի հետեւում թաքնւած՝ իշխանական շրջանակների անմիջական մասնակցութիւնը կայ:

Սա յուշում է յայտնի ասացւածքի՝ «պատի յետեւում թաքնւածին մատնում է նրա երկար ականջները»-ի մասին:

Բաքւի նպատակն էր՝ ձեւաւորել կեղծ համարժէքութիւն՝ փորձելով Սումգայիթի պետական կազմակերպման փաստը «հակակշռել» Խոջալուով, որի մասին սեփական աղբիւրները (Մուստաֆաեւի տեսագրութիւնները, Մութալիբովի խօսքը) մատնութիւն են եւ վկայում են ներքին ուժերի շահարկումների մասին։

Միտումնաւոր վերլուծութիւնները փորձում են ներկայացնել հայերին որպէս վրէժխնդիր կողմ՝ կեղծւած նմանութիւնների եւ ընտրովի համեմատութիւնների միջոցով։ Այդ կառուցւածքը ոչ միայն անտեսում է ժամանակագրական‑պատճառական շղթան, այլ նաեւ սրբագրում է մեղաւորութեան վարկածը՝ հաւասարեցնելով անհաւասար իրողութիւնները։

«Ճակատի բիծ»-ը այլեւս չի մաքրւի

Սումգայիթը հիմնովին կտրեց կապերի բարակ լարը եւ բացեց պատերազմի ճանապարհը։ Այն անկարելի է մոռացութեան մատնել՝ քարոզչական հնարքներով։ Բակուր Կարապետեանի վաւերագիրքն ու տեսագրութիւնները, Աքրամ Այլիսլիի խիզախ վէպը, Չինգիզ Մուստաֆաեւի տեսախցիկի վկայութիւնները եւ Այազ Մութալիբովի հրապարակային գնահատականը միասին յիշեցնում են՝ պատմութիւնը չի հնազանդւում քաղաքական բանաձեւերին։ Այն պահանջում է բանականութիւն եւ խիղճ։ Իսկ խիղճը՝ որքան էլ միայնութեան մէջ, այնուամենայնիւ, շարունակում է մնալ կայուն չափորոշիչի դերում։

Related Articles

Back to top button