Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն կոչ է անում դիւանագէտներին չօրինականացնել էթնիկ զտման հետեւանքները

Բաց նամակ՝ Ադրբեջանում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսին

Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէն խոր մտահոգութիւն է յայտնել Լեռնային Ղարաբաղ վերջին շրջանում կատարւող պաշտօնական դիւանագիտական այցերի կապակցութեամբ՝ ընդգծելով, որ նման այցերը չպէտք է վերածւեն տարածաշրջանի հայաթափման հետեւանքները բնականոնացնելու եւ օրինականացնելու միջոցի։

Սեպտեմբերի 14-ին հրապարակւած բաց նամակում կոմիտէն անդրադարձել է Ադրբեջանում հաւատարմագրւած դիւանագէտների՝ Շուշի, Գանձասար, Ստեփանակերտ եւ Արցախի այլ վայրեր կատարած շրջայցերին։ Նշւում է, որ այդ այցերը տեղի են ունենում մի տարածքում, որտեղ Ադրբեջանի՝ 2023 թւականի սեպտեմբերին իրականացրած ռազմական յարձակումից յետոյ շուրջ 150 հազար բնիկ հայեր բռնի տեղահանւել են։

«Դիւանագէտները չպէտք է թոյլ տան, որ իրենց օգտագործեն Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքների համար միջազգային հաւանութեան կեղծ կնիք ապահովելու նպատակով։ Ձեր ներկայութեամբ Ադրբեջանին տրամադրւում է հենց այն միջազգային սպիտակեցումը, որին նա ձգտում է»,- նշւում է յայտարարութեան մէջ։

Կոմիտէն քննադատել է պետականօրէն կազմակերպւած շրջայցերին դիւանագիտական կորպուսի մասնակցութիւնը՝ նշելով, որ այդ այցերից տարածւող լուսանկարներն ու հրապարակային յայտարարութիւնները, որոնք անտեսում են Արցախի հայութեան ներկայութեան ոչնչացումը, ստեղծում են բնականոնութեան պատրանք՝ խորապէս անբնական իրավիճակում։

«Այսօր Լեռնային Ղարաբաղում տները ցուցադրւում են առանց իրենց տէրերի, իսկ եկեղեցիները՝ առանց իրենց համայնքների»,- ընդգծում է կոմիտէն։

Բաց նամակում առանձնայատուկ քննադատութեան է ենթարկւում դիւանագէտների լռութիւնը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահւող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց եւ քաղաքական բանտարկեալների հարցում։ Կոմիտէն նաեւ դատապարտում է նրանց նկատմամբ իրականացւող, իր բնորոշմամբ, շինծու դատավարութիւնները։

«Մինչ բնիկ հայ բնակչութիւնից դատարկւած տարածքներ այցելելը՝ դիւանագիտական կորպուսը խնամքով բեմադրւած շրջայցերի համար գտնում է խօսքեր եւ ժեստեր, մինչդեռ շարունակում է լռել ազատազրկւած անձանց իրաւունքների մասին»,- նշւում է նամակում։

Կոմիտէն անդրադարձել է նաեւ Արցախի հայկական պատմամշակութային ժառանգութեան շարունակւող ջնջմանը։ Որպէս օրինակներ նշւում են Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացումը, Շուշիի պատմական հայկական գերեզմանատան պղծումը եւ դարաւոր հայկական Գանձասար վանքը «աղւանական» ներկայացնելու փորձերը։

Նամակում նշւում է, որ այս գործողութիւնները հայկական պատմական ներկայութիւնը ջնջելու նպատակաուղղւած արշաւի մաս են եւ հակասում են Միջազգային դատարանի կողմից կիրառւած ժամանակաւոր միջոցներին։

Կոմիտէն կոչ է արել դիւանագիտական կորպուսի անդամներին հրաժարւել պետականօրէն վերահսկւող այցերից, որոնք կարող են օրինականացնել բռնի տեղահանութեան հետեւանքները, մերժել հայկական պատմական ժառանգութիւնը աղաւաղող պաշտօնական narrative-ները, եւ պահանջել միջազգային փորձագէտների, ԻՒՆԵՍԿՕ-ի ու անկախ դիտորդների անարգել մուտքը Արցախի մշակութային եւ կրօնական վայրեր։

Բացի այդ, կոչ է արւում հրապարակայնօրէն դատապարտել հայկական ժառանգութեան ոչնչացումը եւ աջակցել տեղահանւած հայ բնակչութեան՝ միջազգային իրաւունքին համապատասխան, անվտանգ, արժանապատիւ եւ կամաւոր վերադարձի իրաւունքին։

«Դիւանագիտութիւնը պահանջում է անկախ դատողութիւն, պատմական պատասխանատւութիւն եւ բարոյական քաջութիւն։ Միջազգային դիւանագիտական կորպուսը չպէտք է աջակցի Ադրբեջանին՝ ոչնչացնելու Արցախի ժողովրդի պատմութիւնը, ինքնութիւնը եւ ժառանգութիւնը»,- եզրափակում է բաց նամակը։

Related Articles

Back to top button