ԹեհրանՀամայնք

Մայրենիի դասագրքերի վերակազմում եւ արդիականացում

2022 թւականից սկսեալ՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ձեռնամուխ եղաւ կարեւոր եւ հեռանկարային մի աշխատանքի՝ հայկական դպրոցներում գործածւող դասագրքերի եւ աշխատանքային տետրերի արդիականացման, վերակազմման եւ հրատարակութեան։

Այս շարունակական աշխատանքի շրջանակում Կրթական խորհրդի «Դասագրքեր վերակազմող» յանձնախումբը նախորդ ուսումնական տարւայ համար վերակազմեց եւ գործածութեան մէջ դրեց Մայրենիի Բ դասարանի դասագիրքն ու աշխատանքային տետրը։ Դրանք անցած ուսումնական տարւայ ընթացքում կիրառւեցին հայկական տարրական դպրոցներում՝ Մայրենի լեզու դասաւանդող ուսուցիչների եւ աշակերտների կողմից։

Նոր ուսումնական տարւայ նախաշեմին Կրթական խորհուրդը յանձնարարեց յանձնախմբի անդամներ՝ Քամելիա Շիրւանեանին, Նորա Մովսիսեանին, Ռուբինա Խաչատրեանին, Լուսինէ Նազարեանին եւ Քարոլին Խաչատրեանին ձեռնամուխ լինել Մայրենիի Գ դասարանի դասագրքի եւ դրան համապատասխան աշխատանքային տետրի վերակազմման աշխատանքներին։

Նշելի է, որ Բ դասարանի Մայրենիի դասագրքի կազմութեան աշխատանքներին Քարոլին Խաչատրեանի փոխարէն յանձնախմբի կազմում մասնակցել են Անուշա Աւանէսեանը եւ Թալին Գալստեանը: Երկու դասագրքերի կազմման աշխատանքների ընթացքում յանձնախմբի հետ որպէս խորհրդատու աշխատել է Նորվան Միքայէլեանը:

Մայրենիի Գ դասարանի նոր դասագիրքն ու աշխատանքային տետրը արդէն ամբողջութեամբ կազմւել եւ ուղարկւել են տպագրութեան։

Օգոստոսի 31-ին, Կրթական խորհրդի հրաւէրով, հայկական տարրական դպրոցների Մայրենի լեզու դասաւանդող ուսուցիչները մասնակցեցին Գ դասարանի Մայրենիի նոր դասագրքի եւ աշխատանքային տետրի ծանօթացման հանդիպմանը։

Հանդիպմանը ներկայ էին Կրթական խորհրդի ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը եւ դոկտ. Անահիտ Զարգարեանը։

Հանդիպման բացման խօսքով հանդէս եկաւ Կարինէ Բալըքճեանը, ողջունելով ներկաներին եւ շնորհաւորելով նոր ուսումնական տարւայ մեկնարկը։ Նա անդրադարձաւ անցած տարւայ դժւարութիւններին եւ պատերազմի ստեղծած պայմաններին՝ մաղթելով, որ նոր ուսումնական տարին անցնի խաղաղ, առանց ցնցումների եւ լինի յաջող ու արդիւնաւէտ։

Նա նաեւ ներկայացրեց նոր ուսուցչուհի՝ Նարէ Հայրապետեանին, շնորհաւորեց նրան նոր ասպարէզ մուտք գործելու առիթով եւ մաղթեց յաջողութիւններ։

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Քամելիա Շիրւանեանը եւ Նորա Մովսիսեանը հանգամանօրէն ներկայացրեցին դասագիրքն ու աշխատանքային տետրը՝ անդրադառնալով դրանց բաժիններին, ենթաբաժիններին եւ ուսումնական բովանդակութեան կառուցւածքին։

Հանդիպման ընթացքում դոկտ. Անահիտ Զարգարեանը ուսուցիչներին յանձնարարեց կազմել տարբեր թեմաների վերաբերեալ հարցաթերթիկներ, որոնք իւրաքանչիւր թեմայի աւարտին կը տրամադրւեն աշակերտներին՝ որպէս անցած նիւթի ամփոփման եւ ամրապնդման միջոց։

Նշելի է, որ ամիսներ տեւած աշխատանքների ընթացքում յանձնախումբը կատարել է բծախնդիր, մանրակրկիտ եւ հետեւողական աշխատանք։ Աշխատանքի տարբեր փուլերում կազմակերպւել են բազմաթիւ հանդիպումներ, քննարկումներ եւ փոխադարձ խորհրդակցութիւններ:

Դասագրքի կազմութեան ընթացքում յանձնախումբը օգտւել է նախկին դասագրքերի նիւթերից, ինչպէս նաեւ Հայաստանի համապատասխան կրթական աղբիւրներից։

Այսպիսով, 2025-2026 ուսումնական տարեշրջանից սկսեալ՝ երրորդ դասարանի աշակերտները կը գործածեն փոփոխւած եւ արդիականացւած Մայրենիի դասագիրքն ու աշխատանքային տետրը։

Առանձնայատուկ կարեւորութիւն ունի նաեւ այն հանգամանքը, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից յատկացւած սուբսիդաւորման շնորհիւ նոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը ծնողները հնարաւորութիւն կունենան ձեռք բերելու անհամեմատ աւելի մատչելի արժէքով։

Կրթական խորհուրդը իր խորին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնն է յայտնում «Դասագրքեր վերակազմող» յանձնախմբի սիրելի անդամներին՝ ամիսներ շարունակ կատարած նւիրեալ, պատասխանատու եւ աստւածահաճոյ աշխատանքի համար։

Շնորհակալութիւն է յայտնում նաեւ «Թունեան-Թովմասեան» դպրոցին՝ հանդիպումը հիւրընկալելու եւ յարմարաւէտ միջավայր ապահովելու համար։

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Related Articles

Back to top button