
Չորեքշաբթի, 21 մայիսի 2025 թւականին, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի՝ Քաղաքային բնապահպանման ծառայութիւնների տեղակալ՝ Հասան Ախթառդանէշի, Քաղաքային գեղեցկացման բաժնի ներկայացուցիչ՝ Մեհդի Սոբհանիի եւ Մետրոպոլիտենի 6-րդ գծի Քարիմխան պողոտայում կառուցւող կայարանի նախագծի գործակատար ներկայացուցիչներ՝ ինժիներ Շաբանեանի, ինժիներ Մէյսամի եւ ճարտարապետուհի Գոլզարիի հետ:
Հանդիպումը կայացաւ ներկայութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, խորհրդի անդամ՝ Հարմիկ Աւետեանի եւ Ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի:
Նշելի է, որ ըստ նախկին հանդիպումներում կայացած համաձայնութեան աշխատանք է տարւում յիշեալ կայարանը Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի անւամբ կոչելու եւ տարածքում Նրա արձանը տեղադրելու կապակցութեամբ, ուստի հանդիպման հիմնական օրակարգում համադրութիւններ կատարւեցին եւ քննարկումներ եղան այդ ուղղութեամբ ընթացող աշխատանքների մասին:
Յատկանշական է, որ Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի արձանը կառուցւում է Աւետեան ընտանիքի նւիրատւութեամբ, որի համար շնորհակալ ենք եւ երախտապարտ:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ