ՄիջազգայինՔաղաքական

Իրաքում ջրի պաշարները վերջին 80 տարում հասել են պատմական նւազագոյնի. Բաղդադը մեղադրում է Անկարային

«ԱԼԻՔ» – Իրաքում ջրի պաշարները գտնւում են վերջին 80 տարւայ ընթացքում ամենացածր մակարդակի վրայ՝ անձրեւների չոր սեզոնից յետոյ։ Այս մասին ըստ Agence France-Presse-ի՝ Մայիսի 25-ին յայտարարել է Իրաքի կառավարական պաշտօնեան՝ նշելով, որ քանի որ Տիգրիս եւ Եփրատ գետերում նրա բաժինը կրճատւում է։

Ջրամատակարարումը լուրջ խնդիր է 46 միլիոն բնակչութիւն ունեցող երկրում, որը լուրջ բնապահպանական ճգնաժամ է ապրում կլիմայի փոփոխութեան, երաշտի, ջերմաստիճանի բարձրացման եւ տեղումների քանակի նւազման պատճառով։

Երբեմնի հզօր Տիգրիս եւ Եփրատ գետերի հոսքի կտրուկ նւազման մէջ, որոնք հազարամեակներ շարունակ ոռոգել են Իրաքը,  իշխանութիւնները նաեւ մեղադրում են հոսանքն ի վեր գտնւող ամբարտակները, որոնք կառուցւել են հարեւան Թուրքիայում։

«Ամառային սեզոնը պէտք է սկսւի առնւազն 18 միլիարդ խորանարդ մետրով… սակայն մենք ունենք ընդամէնը մօտ 10 միլիարդ խորանարդ մետր»,- AFP-ին պատմել է ջրային պաշարների նախարարութեան ներկայացուցիչ Խալեդ Շամալը։ «Անցեալ տարի մեր ռազմավարական պաշարներն աւելի լաւն էին։ Այն երկու անգամ աւելի շատ էր, քան մենք հիմա ունենք։ Վերջին 80 տարւայ ընթացքում այսքան ցածր պաշար չենք տեսել»։

Նա յաւելել է, որ դա հիմնականում կապւած է երկու գետերի հոսքի նւազման հետ։

Ըստ Շամալի՝ ներկայումս Իրաքը ստանում է Տիգրիսի եւ Եփրատի պաշարներից իր բաժնի 40 տոկոսից պակասը։ Նա ասել է, որ այս ձմռանը հազւադէպ տեղումները եւ ձեան հալոցքի հետեւանքով ջրի ցածր մակարդակը վատթարացրել են իրավիճակն Իրաքում, որը, ըստ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան որոշ հետեւանքների նկատմամբ ամենախոցելի հինգ երկրներից մէկն է։

Ջրի սակաւութիւնը Իրաքում բազմաթիւ ֆերմերների ստիպել է լքել իրենց հողերը, եւ իշխանութիւնները կտրուկ կրճատել են գիւղատնտեսական գործունէութիւնը՝ բաւարար քանակութեամբ խմելու ջուր ապահովելու համար։

Իրաքում գիւղատնտեսութեան պլանաւորումը միշտ կախւած է ջրից, եւ այս տարի այն ուղղւած է «կանաչ տարածքների եւ արդիւնաւէտ հողերի» պահպանմանը, որոնց մակերեսը կազմում է աւելի քան 375,000 հեկտար, ասել է Շամալը։

Նշենք, որ ջրային պաշարների խնդիրը լարւածութեան աղբիւր է Իրաքի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններում։

Related Articles

Back to top button