ՄիջազգայինՔաղաքական

Washington Post. «Թրամփը ձգտում է Ռուսաստանի հետ բարեկամանալ՝ նրան Չինաստանից պոկելու համար, բայց նա սխալւում է»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չինաստանի հետ նրա սերտ դաշինքը խզելու համար, սակայն նման ռազմավարութիւնը կարող է դատապարտւել ձախողման, ասում է ռուս-ամերիկեան յարաբերութիւնների մասին գրող ամենայայտնի արեւմտեան փորձագէտներից մէկը՝ Washington Post-ի սիւնակագիր Դէյւիդ Իգնեշիուսը: 

Իգնեշիուսը Թրամփի որդեգրած մարտավարութիւնը բնութագրում է իբրեւ «Քիսինջերի հակառակ» (Reverse Kissinger) մարտավարութիւն։

1970-ականներին ԱՄՆ-ի այն ժամանակւայ պետքարտուղար եւ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը սկսեց զարգացնել Վաշինգտոնի կապերը Չինաստանի հետ՝ խաթարելու համար նրա համագործակցութիւնը Խորհրդային Միութեան հետ: Հիմա Թրամփը փորձում է նոյն հնարքն անել, բայց արդէն Ռուսաստանի հետ, կարծում է փորձագետը։

«Նա կարծես համոզւած է, որ նոր հզօրացած Միացեալ Նահանգները կարող է պոկել Ռուսաստանը Չինաստանից եւ դառնալ միջնորդ Մոսկւայի եւ Պեկինի միջեւ»,-ասում է Իգնեշիուսը: Նրա համոզմամբ՝ Մոսկւային ուկրաինական խաղաղութեան համաձայնագրում գործընկեր դարձնելով, Թրամփը ստեղծում է ազդեցութեան երեք գօտի, եւ ԱՄՆ-ը հաւասարակշռող ուժ կը լինի Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ։

Փորձագէտն այս միտքը համարում է «խորապէս սխալ»՝ առաջին հերթին այն պատճառով, որ Թրամփը, իր համոզմամբ, թերագնահատում է, թէ որքան սերտ յարաբերութիւններ են հաստատւել Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջեւ։

Նա կարծում է, որ ե՛ւ Մոսկւան, ե՛ւ Պեկինը կը փորձեն Թրամփի հետ խաղը խաղալ իրենց շահերից ելնելով։

«Միեւնոյն ժամանակ, Միացեալ Նահանգները կարող է հսկայական վնաս հասցնել Եւրոպայում եւ Ասիայում իր դաշնակիցներին, քանի որ այժմ այնտեղի պետութիւնները կասկածի տակ են դնում Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանութեանը զսպելու Ամերիկայի ցանկութիւնը»,-եզրափակում է Իգնեշիուսը: Լուրը հաղորդել է news.am-ը:

Related Articles

Back to top button