Վարուժան Գեղամեան. «Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թէ անվտանգութեան. թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը սոցցանցերի իր հարթակներում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատի պատկերից հրաժարւելու ՀՀ իշխանութիւնների ծրագրին: Նա զգուշացրել է. «Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու»:
«Առաջին լուսանկարում Թուրքիայի Հանրապետութեան նախագահի զինանշանն է (Türkiye Cumhurbaşkanlığı Forsu)։ Դրա վրայի 16 փոքր աստղերը ներկայացնում են թուրքական ցեղերի կողմից պատմական տարբեր շրջափուլերում եւ տարածքներում ստեղծւած պետական միաւորները։ Դրանց շարքում է, օրինակ, Օսմանեան կայսրութեան խորհրդանիշը։ Այն նոյն պետութեան, որը ոչ միայն գրաւել է նաեւ այսօրւայ Հայաստանի մի մասը, այլեւ կազմակերպել է Հայոց Ցեղասպանութիւնը, Համիդեան ջարդերը, Ադանայի կոտորածը եւ այլն։
Երկրորդ լուսանկարում Թուրքիայի նախագահի պատւոյ պահակախումբն է՝ 16 հոգի, ովքեր դիմաւորում են պետական այցով այդ երկիր ժամանած պաշտօնեաներին։
16 զինւորներն ու իրենց ձեռքի դրօշները նոյնպէս խորհրդանշում են վերոնշեալ թուրքական պետութիւնները։
Երրորդ լուսանկարում գործընկերների յետեւում երեւում է նոյն այդ զինանշանը։
Թուրքիայում այս ու բազմաթիւ այլ խորհրդանիշներ չեն փոխելու։ Էնպէս որ Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թէ անվտանգութեան։ Թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու»,- գրել է նա: