Վարդան Օսկանեան. «Կառավարութիւնը, որ իր ժողովրդին ստիպում է հրաժարւել իրենց ամենաթանկ խորհրդանիշներից, առաջնորդ չէ. յանձնւող է»

«ԱԼԻՔ» – Փաշինեանի կառավարութեան որոշումը՝ հանել Արարատ լեռան պատկերը մուտքի եւ ելքի անձնագրային կնիքներից, իսկ յետոյ նաեւ այն հեռացնելու մասին խօսակցութիւնները Հայաստանի զինանշանից, մեր ազգային պատմութեան մէջ մտահոգիչ պահ են նշանաւորում։ Սա պարզապէս ձեւաւորման կամ խորհրդանիշի հարց չէ․ սա արժանապատւութեան, պատմութեան եւ ինքնութեան հարց է։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը:
«Արարատ լեռը երեւում է Երեւանից եւ Հայաստանի տարբեր անկիւններից։ Նրա ձիւնածածկ գագաթները տիրում են մեր տեսադաշտին, յիշողութեանը եւ երեւակայութեանը։ Հայերիս համար Արարատը պարզապէս Թուրքիայում գտնւող լեռ չէ. այն մեր ժառանգութեան սիրտն է։ Այն պատկերւած է Հայաստանի զինանշանի վրայ, քանդակւած է եկեղեցիների քարերում, նկարւած է մեր պատերին եւ տեղ գտած՝ գրեթէ իւրաքանչիւր հայկական տանը աշխարհի տարբեր ծայրերում։ Դա Նոյեան տապանի լեռն է, որտեղ, ըստ Ծննդոց գրքի, մարդկութիւնը նորից սկսեց իր ընթացքը ջրհեղեղից յետոյ։ Հայկական աւանդոյթում Արարատն այն վայրն է, որտեղից Նոյը իջաւ եւ հաստատւեց այն տարածքում, որն այսօր Հայաստանն է։ Եւ քանի որ Հայաստանը 301 թ. առաջինն էր աշխարհում, որ քրիստոնէութիւնը դարձրեց պետական կրօն, չկայ որեւէ այլ խորհրդանիշ, որը նոյնքան կատարեալ միաւորի հայ ժողովրդի հաւատը, պատմութիւնը եւ ինքնութիւնը։
Այն փաստը, որ այսօր Արարատը գտնւում է Թուրքիայի տարածքում, չի նւազեցնում նրա տեղը հայկական մշակոյթում եւ ինքնութեան մէջ։ Խորհրդանիշները տարածքային իրաւասութեան մասին չեն, այլ պատկանելիութեան։ Արարատը մեր պետական փաստաթղթերից ու խորհրդանիշներից ջնջելը նշանակում է կտրել մեզ մեր խորագոյն արմատներից։ Իսկ դա անել Թուրքիայի ճնշման տակ, ինչպէս ակնյայտ է, վտանգաւոր զիջում է։
Անտրամաբանական է պնդել, թէ Հայաստանի զինանշանի կամ անձնագրային կնիքների վրայ Արարատի պատկերի օգտագործումը տարածքային պահանջ է Թուրքիայի նկատմամբ։ Աշխարհում նման օրինակներ շատ կան։ Իռլանդիան, Յունաստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ օգտագործում են պատկերներ, որոնք խորհրդանշում են իրենց ներկայիս պետական սահմաններից դուրս գտնւող տարածքներ։
Ոչ մի պատասխանատու կառավարութիւն չպէտք է թոյլ տայ, որ մէկ այլ պետութիւն՝ առաւել եւս Թուրքիան, թելադրի մեր պետական եւ մշակութային խորհրդանիշները։ Արարատի ներկայութիւնը մեր զինանշանի վրայ եւ մեր հանրային կեանքում հակադրւելու դրսեւորում չէ. դա ինքնութեան հաստատում է։ Հայաստանը լիարժէք իրաւունք ունի այն պահպանելու, ինչպէս աշխարհի իւրաքանչիւր անկիւնում ապրող հայերն ունեն իրաւունք այն կախելու իրենց սրահներում։
Պարադոքսալ է, բայց նման խորհրդանիշները կարող էին լինել կամուրջներ, այլ ոչ թէ պատնէշներ, եթէ քաղաքական միջավայրը խոհեմ լինէր։ Թուրքիան կարող էր ընդունել, որ հայերը ունեն յատուկ կապ Արարատի հետ՝ առանց դա սպառնալիք ընկալելու։ Այդ կապի ճանաչումը կարող էր լինել հաշտեցման, այլ ոչ թէ բաժանման քայլ։ Բայց հաշտեցումը պահանջում է անկեղծութիւն, ազնւութիւն եւ յարգանք, ոչ թէ այն ջնջելը, ինչը հայերի համար ամենաթանկն է։
Ի վերջոյ, սա միայն անձնագրերի, կնիքների կամ զինանշանների մասին չէ։ Սա այն մասին է, թէ արդեօք հայ ժողովուրդը կը դիմանայ իր ինքնութիւնը պահպանելու հարցում, թէ թոյլ կը տայ, որ ուրիշները խմբագրեն այն։ Կառավարութիւնը, որ իր ժողովրդին ստիպում է հրաժարւել իրենց ամենաթանկ խորհրդանիշներից դիւանագիտութեան անունով, առաջնորդ չէ. այն յանձնւող է։
Արարատ լեռը գտնւում է Թուրքիայում։ Բայց այն միշտ էլ պատկանելու է հայ ժողովրդի հոգուն։ Ոչ մի հրաման, ոչ մի ջնջւած կնիք, ոչ մի վերանկարւած զինանշան չի կարող փոխել այդ ճշմարտութիւնը։ Իսկ այն կառավարութիւնը, որ մոռանում է այս ճշմարտութիւնը, ոչ թէ հարեւանին է հանգստացնում, այլ դաւաճանում է իր ժողովրդին»,- գրել է նա: