Ջեֆրի Սաքս. «Մի՛ հաւատացէք, թէ ԱՄՆ-ը, յատկապէս՝ Դոնալդ Թրամփի օրօք, ինչ-որ կերպ ձեզ կը փրկի ձեր հարեւաններից. նրանք ձեզ կը մտցնեն լուրջ խնդիրների մէջ»

Ամերիկացի տնտեսագէտ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով՝ ԱՄՆ-ի եւ Եւրոպայի կողմից Հարաւային Կովկասում իրականացւող գործողութիւններն ապակայունացնող են:
«Ես ոչ մի համակրանք չունեմ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի գործողութիւնների հանդէպ, որովհետեւ սա տարածաշրջան է, որը գտնւում է մի շարք հզօր պետութիւնների միջեւ՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Պարսից ծոցի երկրների, եւ այստեղ պէտք է զգուշաւորութիւն ցուցաբերել։ Սա Եւրոպա չէ․ աշխարհագրօրէն սա Ասիա է, եւ Եւրոպան պէտք է հեռանայ այստեղից։
Խօսքն այն մասին չէ, որ Հարաւային Կովկասը պէտք է վատ յարաբերութիւններ ունենայ Եւրոպայի կամ այլոց հետ, այլ այն, որ այս երեք խոցելի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներքին քաղաքականութեան մէջ միջամտելը, այն էլ՝ նման բարդ տարածաշրջանում, պէտք է արւի ամենախորը յարգանքով եւ զգուշութեամբ, որպէսզի դրանք չդառնան յաջորդ Ուկրաինան։ Ուկրաինան այրւում է ԱՄՆ-ի եւ Եւրոպայի յիմարութեան պատճառով, եւ նրանք փորձում են նոյնն անել Հարաւային Կովկասում։ Ի՞նչ գործ ունի Ադրբեջանը Մերձաւոր Արեւելքի հակամարտութեան մէջ՝ աջակցելով Իսրայէլին եւ նրա յարձակումներին Իրանի դէմ։ Կատակ է՞ք անում։ Սա անհաւատալի է։ Եւ սա հէնց Կենտրոնական հետախուզական վարչութեան (ԿՀՎ-CIA) աշխատանքն է՝ այդ «հանճարները», որոնք պատրաստ են ապակայունացնել այս տարածաշրջանը եւ ստեղծել հսկայական ճգնաժամ»,- Neutrality Studies-ի հետ զրոյցում ասել է նա:
Հարցին՝ իսկ իր կարծիքով՝ նոյնիսկ Ադրբեջանում այս ամէնը ԿՀՎ-ի ձեռքի գո՞րծն է, որպէսզի օգտագործի երկիրն Իրանի դէմ, թէ՞ դա տեղային՝ երկրի ներսում ծնւած քաղաքականութիւն է, Ջեֆրի Սաքսը պատասխանել է.
«Ցանկացած տեղային նախաձեռնութիւն կը սկսէր այսպէս. մենք գտնւում ենք Հարաւային Կովկասում, մենք մի շարք ուժերի միջեւ ենք, աւելի լաւ է միասին մնանք, որովհետեւ մեր տնտեսական եւ անվտանգութեան ապագան դրանում է։ Մենք չպէտք է թշնամանանք մեր հարեւանների հետ, այլ պէտք է գտնենք ուղի՝ դառնալու իսկական «Միջին միջանցք», որը կապում է Ասիան եւ Եւրոպան, եւ «Հիւսիս-Հարաւ միջանցք», որը կապում է Ռուսաստանը եւ Մերձաւոր Արեւելքը։ Եւ պէտք է հեռու մնանք մեծ տէրութիւնների քաղաքականութիւնից, որպէսզի չմտնենք Իսրայէլի պատերազմների մէջ։ Ամօթ Իսրայէլին։ Բայց, իհարկէ, Իսրայէլն ինքնուրոյն չէր կարող անել սա: Սա «Մոսադն» է, ԿՀՎ–ն եւ Եւրոպան, որոնք խաղում են այս խաղը՝ այս ծայրայեղ պայթիւնավտանգ տարածաշրջանում»:
Պրոֆեսոր Սաքսը սկեպտիկօրէն է վերաբերւում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարութիւններին, որոնք, ըստ նրա՝ խաղեր են խաղում.
«Կամ գուցէ նոյնիսկ սա էլ ճիշտ ձեւակերպում չէ, որովհետեւ նրանք օգտագործւում են ԱՄՆ-ի եւ Եւրոպայի կողմից՝ աշխարհաքաղաքական տարբեր նպատակների համար, որոնք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի շահերին չեն համապատասխանում։ Սա ԿՀՎ-ի երկարամեայ գործելակերպն է՝ միջամտել Ռուսաստանի սահմանային տարածքներում, եւ հիմա՝ նաեւ Իրանի սահմանների շուրջ։ Եւ դա է հիմա տեղի ունենում։
Դա չափազանց վտանգաւոր է։ Արեւմուտքը, այսպէս կոչւած, գալիս է եւ հեքիաթներ է պատմում նման երկրներին, ինչպէս արեց Ուկրաինայի դէպքում։ Եթէ աւելի ճշգրիտ ասեմ՝ այն տապալեց Ուկրաինայի կառավարութեանը, որպէսզի 2014 թւականի փետրւարին իշխանութեան բերւած իր իսկ վարչակարգին հեքիաթներ պատմի։ Բայց բանն այդ չէ. Արեւմուտքը գալիս է ու հեքիաթ է պատմում՝ «մենք ձեզ կը փրկենք»։ Իսկ ես Հարաւային Կովկասի իմ ընկերներին ասում եմ՝ նայէք քարտէզին. ԱՄՆ-ը բոլորովին էլ չի հետաքրքրւում Հարաւային Կովկասով, այլ խաղեր է խաղում։ Զգուշացէ՛ք։ Բրիւսէլը, որը լիովին կոմպետենտ չէ եւ ի վիճակի չէ որեւէ օգտակար բան անել: Ցաւով եմ ասում, որովհետեւ ժամանակին ես ԵՄ-ի մեծ կողմնակից էի, բայց Եւրոպական միութիւնը Հարաւային Կովկասին չի պատկանում, որը նոյնիսկ Եւրոպա չէ: Մեծ Կովկասեան լեռների գլխաւոր լեռնաշղթան է Եւրոպայի եւ Ասիայի սահմանագիծը։ Ուստի, զգո՛յշ եղէք, որ ձեզ չօգտագործեն։ Ուշադրութիւն դարձրէք ձեր հարեւաններին։ Ձեր հարեւաններն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Սաուդեան Արաբիա եւ այլք։ Ահա թէ ինչը պէտք է կարեւոր լինի ձեզ համար։
Մի՛ հաւատացէք, թէ ԱՄՆ-ը, յատկապէս՝ Դոնալդ Թրամփի օրօք, ինչ-որ կերպ ձեզ կը փրկի ձեր հարեւաններից։ Նրանք ձեզ կը մտցնեն լուրջ խնդիրների մէջ։ Բրիւսէլի այս կարողութիւնը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրիւսէլն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրիւսէլն իրականում չի ներկայացնում Եւրոպան կամ առնւազն՝ եւրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թէ ինչու ե՛ւ ՆԱՏՕ-ն, ե՛ւ Եւրայանձնաժողովը տեղակայւած են նոյն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարաւային Կովկասը տասնամեակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:
Ըստ պրոֆեսոր Սաքսի՝ Չինաստանի հետ լաւ յարաբերութիւնները Հարաւային Կովկասի տնտեսական ապագայի համար նոյնիսկ աւելի կարեւոր են, քան ԱՄՆ-ի հետ լաւ յարաբերութիւնները.
«Ասում եմ դա բաց տեքստով։ Ինչո՞ւ, որովհետեւ Չինաստանն Ասիայի խոշորագոյն տնտեսութիւնն է։ Հնդկաստանն էլ, ի դէպ, ապագայում կը լինի խոշոր տէրութիւն եւ կարեւոր դեր կունենայ Հարաւային Կովկասում։ ԱՄՆ-ը պաշտպանական քաղաքականութիւն վարող, դանդաղ աճող շուկայ է եւ գտնւում է շատ հեռու։ Հետեւաբար, Հարաւային Կովկասի համար ապագայի ռազմավարութիւնը կայանում է կայուն, ապահով, խաղաղ Հիւսիս-Հարաւ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցք լինելու մէջ, ինչպէս նաեւ սեփական ներուժով գրաւիչ վայր դառնալու մէջ՝ ամէն տեսակի արդիւնաբերութեան, առաջատար տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան եւ արտադրութեան համար։
Հարցն այն է՝ ինչպէս հասնել դրան։ Եւ պատասխանը հաստատ ՆԱՏՕ-ի միջոցով չէ։ Պարզ ասեմ՝ Հարաւային Կովկասի ոչ մի երկիր երբեւէ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնայ, որովհետեւ մինչեւ դա տեղի ունենայ, Հարաւային Կովկասում կը լինի Ուկրաինայի նման պատերազմ։ Ռուսաստանը երբէք թոյլ չի տայ դա։ Նոյն կերպ կարող եմ ասել՝ երբեք Մեքսիկա-Ռուսաստան կամ Մեքսիկա-Չինաստան ռազմական դաշինք չի լինի, որովհետեւ ԱՄՆ-ը կներխուժի Մեքսիկա՝ մինչեւ դա թոյլ տալը։ Խոշոր տէրութիւնները չպէտք է իրենց ճամբարները տեղադրեն այլ խոշոր տէրութիւնների սահմաններին։ Սա այս աշխարհի գոյատեւման ամենահիմնական սկզբունքն է։ Եթէ ԱՄՆ-ը թէկուզ փոքր-ինչ խելք ունենար (ինչը պարզ է՝ չունի), ապա նոյնիսկ չէր մտածի Ուկրաինան կամ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու մասին, չէր զինի Թայւանը, այլ կմնար սեփական ուղեգծում եւ կասէր միւս տէրութիւններին՝ «մնացէք ձեր ուղեգծում, եւ մենք կունենանք խաղաղ աշխարհ, որտեղ միմեանց չենք պայթեցնում»»:
Աշխարհահռչակ պրոֆեսոր Սաքսը համոզւած է՝ Հարաւային Կովկասն ունի այլ ընտրութիւններ.
«Ռուսաստանը չի պատրաստւում ներխուժել Հարաւային Կովկաս, եթէ ԱՄՆ-ը նրան չհրահրի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ տարածաշրջանում կան մի շարք կարեւոր տէրութիւններ։ Թուրքիան չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Իրանը չի ուզում, որ Ռուսաստանը ներխուժի։ Նոյն կերպ էլ Ռուսաստանը կը ցանկանար, որ Հարաւային Կովկասը լինի մի տեսակ «անվտանգ գօտի» այս միւս տէրութիւնների միջեւ։ Կայունութեան նկատմամբ կայ հզօր հետաքրքրութիւն։ Չինաստանը, ի դէպ, նոյնպէս ունի շատ մեծ հետաքրքրութիւն Հարաւային Կովկասի կայունութեան նկատմամբ, որովհետեւ այն Արեւելք-Արեւմուտք կապի հիմնական միջանցքն է, ինչը Չինաստանի կարեւորագոյն նպատակներից է եղել առնւազն Հան դինաստիայի ժամանակներից՝ 2000 տարի առաջ, երբ նրանք ստեղծում էին Մետաքսի ճանապարհը, որը հիմա մենք այն կոչում ենք «Մէկ գօտի, մէկ ճանապարհ»։ Այսպիսով, բոլորը ցանկանում են կայունութիւն Հարաւային Կովկասում՝ գուցէ բացառութեամբ Բրիւսէլի եւ ԱՄՆ-ի: Բայց ոչ մի պատճառ չկայ, որ Հարաւային Կովկասի երկրներն ասեն՝ «Օ՛, Աստւած իմ, եթէ սա չանենք, Ռուսաստանի կայսրութիւնը մեզ կը զաւթի»։ Սա այնպիսի պատրանք է, որը, բնականաբար, ԱՄՆ-ը կուզենար ստեղծել, բայց դա ամբողջովին անհեթեթութիւն է»:
Թարգմանութիւնը՝ 168.am-ի