Զելենսկին յայտարարել է Ադրբեջանից գազի տարանցման՝ Ուկրաինայի պատրաստակամութեան մասին
«ԱԼԻՔ» – Ուկրաինան պատրաստ է գազը տարանցել Ադրբեջանից Եւրոպա, շաբաթ օրը յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Politico-ն։
Զելենսկին Կիեւում լրագրողներին ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է համաձայնագիրը։
«Ադրբեջանն արտահանման մեծ ներուժ ունի։ Արտահանման ներուժը կազմում է 25 միլիարդ խորանարդ մետր, ասել է Զելենսկին։ -Մենք կարող ենք օգտագործել մեր ենթակառուցւածքները, եթէ եւրոպական երկրները գազի կարիք ունեն։ Բայց ոչ ռուսական գազի»։
Զելենսկին այս մեկնաբանութիւններն արել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Շաբաթ օրը կայացած բանակցութիւնների ընթացքում կողմերը պայմանաւորւել են «հրատապ եւ կոնկրետ լուծումներ գտնել» էներգետիկ ճգնաժամի համար Ռուսաստանի կողմից աջակցւող Մերձդնեստրում այն բանից յետոյ, երբ Մոսկւան դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով եւ մինչ այժմ հրաժարւում է այլընտրանքային ուղիներից:
«Մենք ռուսներին թոյլ չենք տայ շահոյթ ստանալ։ Բայց թոյլ կը տա՞նք ադրբեջանցիներին փող աշխատել։ Հաճոյքով։ Կօգնե՞նք սլովակներին։ Հաճոյքով։ Սա մի բան է, որ մենք կարող ենք արագ անել: Մենք կարող ենք պայմանագիր ստորագրել եւ արագ սկսել դրա իրագործումը, երբ ազդանշաններ լսենք (Մերձդնեստրի մայրաքաղաք) Տիրասպոլի, Սլովակիայի եւ եւրոպական այլ երկրների բնակիչներից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Սակայն փորձագէտները կասկածում էին, որ Ադրբեջանն ի վիճակի է Ուկրաինայի տարածքով նոր զգալի ծաւալներ մատակարարել Եւրոպա։ «Ադրբեջանը փորձում է դիրքաւորւել որպէս ԵՄ հիմնական էներգետիկ գործընկեր»,- ասել է ICIS վերլուծական ընկերութեան գազի շուկաների փորձագէտ Աուրա Սաբադուսը:
«Բայց նրանք չունեն բաւարար արտադրութիւն, եւ այս պահին նրանք անում են լաւագոյնը, ինչ կարող են:
Բաքւի հետ ցանկացած նման գործարք, հաւանաբար, կը ներառի մատակարարման ծաւալների փոխանակում, իսկ ռուսական մատակարարումները կը վերանւանւեն որպէս ադրբեջանական»,- ասել է Սաբադուսը: