Լիբանանի բանակը Իսրայէլին մեղադրել է երկրի տարածքից զօրքերը դուրս բերելը ձգձգելու մէջ
«ԱԼԻՔ» – Շաբաթ օրը Լիբանանի բանակը յայտնել է, որ պատրաստ է իր ուժերը տեղակայել երկրի հարաւում՝ Իսրայէլին մեղադրելով մինչեւ յաջորդ օրը սահմանւած ժամկէտի աւարտը զօրքերի դուրսբերումն «ուշացնելու» մէջ: Տեղեկացրել է Al Jazeera-ն:
Մի շարք փուլերում տեղի է ունեցել ձգձգում իսրայէլական հակառակորդի կողմից»,- նշւել է բանակի յայտարարութիւնում, որտեղ նաեւ ասւում է, որ բանակը «պատրաստ է շարունակել ուժերի տեղակայումը, հէնց որ իսրայէլական թշնամին հեռանայ»։
Բանակը մարդկանց կոչ է արել «զգոյշ լինել հարաւային սահմանային շրջաններ վերադառնալիս՝ ականների եւ կասկածելի իրերի առկայութեան պատճառով, որոնք թողել են իսրայէլական զօրքերը»։
Իսրայէլի եւ Լիբանանի «Հեզբօլլահ» շարժման միջեւ կնքւած, նոյեմբերի 27-ին ուժի մէջ մտած հրադադարի պայմանների համաձայն՝ լիբանանեան բանակը ՄԱԿ խաղաղապահների հետ միասին պէտք է տեղակայւի հարաւում՝ Իսրայէլի բանակի դուրսբերումից յետոյ 60 օրւայ ընթացքում:
«Հեզբօլլահ»-ը պէտք է դուրս բերի իր ուժերը Լիտանի գետից հիւսիս՝ սահմանից մօտ 30 կիլոմետր հեռաւորութեամբ, եւ քանդի հարաւում մնացած ռազմական ենթակառուցւածքները,- նշւել է Նեթանիահուի գրասենեակի յայտարարութիւնում:- Քանի որ լիբանանեան պետութիւնը դեռ լիովին չի կատարել հրադադարի համաձայնագիրը, զօրքերի աստիճանական դուրսբերման գործընթացը կը շարունակւի՝ ԱՄՆ-ի հետ լիակատար համակարգմամբ»։