Վազգէն Մանուկեան. «Փաշինեանը ոչ թէ կանխում է պատերազմը, այլ թշնամու համար շատ աւելի հեշտ է դարձնում մեր դէմ նոր պատերազմ սկսելը»
Այն տարածքները, որոնք Ադրբեջանն իրենն է համարում, այսպէս կոչւած՝ «գրաւեալ», կամ ինչպէս մենք էինք ասում՝ ազատագրւած, դրանք կամ Արցախը վերցնելն Ալիեւի համար էական էր իր իշխանութիւնը պահելու նպատակով։ Նա իր ժողովրդին պիտի ցոյց տար, որ գրաւում է Արցախը։ Բայց ռազմավարական տեսակէտից Ադրբեջանի եւ Թուրքիայի համար մշտապէս կարեւոր է եղել Սիւնիքը։ Դրա համար Սիւնիքն իրենց համար ռազմավարական կարեւորագոյն խնդիր է, իսկ Արցախը՝ հեղինակութեան եւ իշխանութիւն պահելու հարց։ Բայց երբ Ալիեւը պատերազմ սկսեց, նրա մտքով չէր անցնում, որ այսպիսի յաջողութիւններ կունենայ։ Նրան պէտք էր գոնէ երկու-երեք շրջան վերցնել, իր ժողովրդին ապացուցել, որ ինքը տղամարդ է, կարող է «իր հողերը» վերադարձնել, եւ այդպիսով կարողանար իշխանութիւնը պահել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը:
«Ո՞վ կը մտածէր, թէ պատերազմն այս ձեւով կը վերջանայ, որ մեր պետութեան ղեկավարն այնպիսի մարդ կը լինի, որին հեշտութեամբ կը յաջողւի անել այն, ինչը նոյնիսկ թշնամու երազանքների մէջ չկար։ Զգացւում է, որ Ալիեւը կարծես հարբած լինի այս յաջողութիւնից, սա նրա համար անսպասելի յաջողութիւն էր, նւէր։ Նա այլոց օրօք, իհարկէ, չէր կարող այսկերպ յաղթել։ Մեր բանակն իր զինւածութեամբ բաւականին զիջում էր Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը ստացան այն խորհրդային զէնքերը, որոնք համապատասխանաբար իրենց եւ մեր տարածքում էին, Ադրբեջանին տասնեակ անգամ աւելի շատ զէնք-զինամթերք մնաց։ Մեր կազմակերպումն ու զինւորի խիզախութիւնը բերին նրան, որ մենք կարողացանք յաղթել։ Նաեւ նշանակութիւն ունէր այն, որ, երբ այն ժամանակ ադրբեջանցիների հետ խօսում էիր, իրենք համարում էին, որ միեւնոյն է՝ Արցախն իրենց հողը չէ, եւ Արցախը պահելու համար շատ մեծ զոհաբերութիւններ չէին ուզում անել, քանի որ համարում էին, որ դա հայկական հող է»,- ասել է քաղաքական գործիչը:
«Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիները, իհարկէ, շատ աւելի պատրաստւած էին, քան մենք, բայց Արցախն անխոցելի բերդ էր։ Փաստօրէն, 44-օրեայ պատերազմում Արցախից ընդամէնը մի փոքր հատւած էին գրաւել, այդ բերդը կարողացել էին մի տեղում ճեղքել։ 44 օրը շատ մեծ թիւ է։ Յիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան ամբողջ Ֆրանսիան գրաւեց 42 օրւայ ընթացքում։ Այդ զինւած ու հզօր Ֆրանսիան՝ կանգնած իր մարշալներով, գեներալներով, տանկերով, յանձնւեց։ Այսինքն, թշնամու թափած այդ հսկայական ջանքերը շատ քիչ յաջողութիւն ունեցան։ Նրանց հետագայ յաջողութիւնները պայմանաւորւած էին մեր նահանջով արդէն կապիտուլեացիան ստորագրելուց յետոյ»,- նշել է նախկին վարչապետը:
Վազգէն Մանուկեանի կարծիքով՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ որեւէ այլ մէկը չի կարող եւ չի մասնակցի ռազմական գործողութիւնների, որ պաշտպանի Հայաստանը, նման բան չի լինելու. «Օրինակ, ռուսական քաղաքական դաշտի բարձրաստիճան այրերը հասկացնում են, որ Սիւնիքի վրայ յարձակման դէպքում իրենք դժւար թէ կարողանան մեզ պաշտպանել, ասում են՝ մինչեւ ուշքի գանք, եւ մինչեւ այդ որոշումն ընդունւի, արդէն ուշ կը լինի։ Դու ինքդ պէտք է ուժեղ լինես։ Պետութիւնների խօսքերն արդէն երաշխիք են, եւ պարտադիր չէ, որ դա բանակով լինի։ Երբ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը Ադրբեջանին ասում են՝ մի՛ արա, Ադրբեջանի համար դա նշանակութիւն ունի։ Նրանք պատերազմը սկսեցին այն պահին, երբ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ մեր յարաբերութիւններն Արցախի հարցում խճճւել էին եւ անիմաստ դարձել, եւ փաստօրէն՝ իրենք աչքերը փակեցին դրա վրայ»:
«Վերջին տասնամեակում աշխարհն արագօրէն փոխւում է։ Կարելի էր կանխագուշակել շատ բան, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Երեւում էր, որ ընկնում ենք մի վիճակի մէջ, երբ շատ նուրբ քաղաքականութիւն պէտք է վարել։ Բայց դրա փոխարէն եկաւ մի մարդ, որը միայն եւ միայն իր իշխանութիւնը պահելու համար է քաղաքականութիւն վարում։ Այսօր էլ այն ամէնը, ինչը նա անում է, ոչ թէ կանխում է պատերազմը, այլ աւելի հեշտ է դարձնում դիմացինին իր ուզած պատերազմն սկսելը»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը: