Արծւիկ Մինասեան. «ՔՊ-ն նախապատրաստւում է ընտրութիւնների՝ «ռազմական եւ արտակարգ դրութեամբ»»
«ԱԼԻՔ»- Վենետիկի յանձնաժողովը նշում է, որ առաջարկւող կարգաւորումները կարող են էական վտանգ ներկայացնել, քանի որ կարող են օգտագործւել ոչ թէ որպէս հրատապ ճգնաժամին արձագանգելու միջոց, այլ որպէս քաղաքական գործիք։
ՀՀ կառավարութիւնն՝ անհետաձգելի ճանաչելով եւ հրատապութեան կարգով խորհրդարան է ուղարկել «Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» օրէնքի նախագիծը։ Փոփոխութիւններ են նախատեսւում նաեւ յարակից օրէնքներում։
Նախագիծն ընդունւել է առաջին ընթերցմամբ, «կողմ» են քւէարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամները։
Փոփոխութիւնները 24 կէտով են։ Դրանցից ամենաառանցքայինը, որը նաեւ հանրային յուզումների առիթ է տւել՝ «ընտրութիւնների նշանակումը եւ անցկացումը արտակարգ եւ ռազմական դրութեան դէպքում», դրոյթն է։ «Եթէ ռազմական կամ արտակարգ դրութիւնը յայտարարւել է ՀՀ ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրութիւնների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսւած ժամկէտի սկսւելուց յետոյ մինչեւ ընտրութիւնների քւէարկութեան նախնական արդիւնքներն ամփոփելու եւ դրանք արձանագրութեամբ վաւերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրութիւն յայտարարւելու պահից ընտրական գործընթացն իրաւունքի ուժով համարւում է կասեցւած, որից յետոյ ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քւէարկութեան կազմակերպում եւ անցկացում՝ 7 օրւայ ընթացքում»,- ասւած է նախագծում։
«Սա նշանակում է, որ երբ արդէն իսկ յայտնի լինեն քւէարկութեան նախնական արդիւնքները, ապա կառավարութիւնը, սուբիեկտիւ ընկալումներից ելնելով, կարող է յայտարարել ռազմական կամ արտակարգ դրութիւն, որը ինքնաբերաբար կը զրոյացնի ժողովրդի կողմից արտայայտւած կամքը, արդէն իսկ կայացած ընտրութեան արդիւնքները եւ կը յանգեցնի նոր քւէարկութեան։ Ինչպէս բազմիցս քննադատւած կայուն մեծամասնութեան դրոյթից չհրաժարւելը, այնպէս էլ այս փոփոխութիւնը, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թէ՛ գործող, թէ՛ ապագայ իշխանութիւնների ձեռքին՝ ստացւած անցանկալի ընտրական արդիւնքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար»,- ասւած է առաջարկւող փոփոխութիւնների առիթով «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան տարածած յայտարարութեան մէջ։ Այս գնահատականի հետ համամիտ է նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութիւնը, որը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ «մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնութիւնները եւ թոյլ չտալ ԸՕ փոփոխութիւնները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունւել ԱԺ-ի կողմից ու չեն վաւերացւել նախագահի կողմից»:
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանն «Առաւօտ»-ի հետ զրոյցում, հարցի վերաբերեալ որոշ մանրամասների է անդրադարձել. «Ներկայացւած հիմնաւորումը նա է, որ Սահմանադրութիւնն արգելում է արտակարգ կամ ռազմական դրութեան ժամանակ ընտրութիւններ անցկացնելը, իրենք էլ փորձել են մանրամասն կարգաւորել։ Բաժանել են երեք փուլի. նախագահի կողմից ընտրութիւններ նշանակելու պահից, մինչեւ թեկնածուների առաջադրման պահը, թեկնածուների գրանցումից մինչեւ արդիւնքների ամփոփման պահը եւ դրանից յետոյ։ Ամենավիճայարոյցը նա է, որ եթէ քւէարկութիւնը եղել է եւ որեւէ պատճառով արտակարգ կամ ռազմական դրութիւն է յայտարարւելու, իրենք գրում են, որ զրոյից ընտրութիւն պէտք է լինի։ Մենք առարկեցինք, իրենք ընդունեցին մեր առարկութիւնը եւ հիմա, աշխատանքային խմբով, աշխատում ենք նոր ձեւակերպման վրայ։ Այլ բան է, երբ ընտրութեան օրը՝ մինչեւ 20.00-ն է յայտարարւում արտակարգ դրութիւն, այլ բան, երբ քւէարկութեան աւարտից յետոյ։ Մեր առաջարկն այն է, որ եթէ քւէարկութիւնից յետոյ է յայտարարւում արտակարգ կամ ռազմական դրութիւն, ապա, դա պէտք է չազդի քւէարկութեան արդիւնքների վրայ, այդ արդիւնքները պէտք է ամփոփւեն»։
«Աշխատանքային խմբի շրջանակներում երկրորդ պայմանաւորւածութիւնն այն է, որ արտակարգ եւ ռազմական դրութեան իրաւական ռեժիմի մասին օրէնքում պէտք է յստակեցւեն այն հիմքերը, որոնց դէպքում կարող է արտակարգ կամ ռազմական դրութիւն յայտարարւել՝ սահմանափակելով ընտրութեան հիմնարար իրաւունքը։ «Իրենք, մեծ հաշւով, իմ նշած առարկութիւնների շրջանակներում համաձայնւել են, հիմա, մնում է առաջիկայում, աշխատանքային քննարկումներում ամրագրենք։ Նաեւ լսումներ են լինելու առաջիկայում, որի ժամանակ նոր ձեւակերպումները կը ներկայացւեն»,- ասել է Արծւիկ Մինասեանը։
Նա յաւելել է, որ 10-15 հարց էլ կայ, որոնք քննարկման առարկայ են դարձել. «Օրինակ, կուսակցութիւններից յաւելեալ պահանջւում է արդարադատութեան նախարարութիւնից տեղեկանք ներկայացնել այն մասին, որ կանոնադրութիւնները համապատասխանում են ՀՀ օրէնքներին, ՀՀ քրէական օրէնսգրքում 2-3 յօդւած են պատրաստւում ապաքրէականացնել, այդ թւում նաեւ ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին աւել նւիրատւութիւններին վերաբերւող յօդւածը։ Գործող օրէնսդրութեամբ, աւել նւիրատւութիւնը քրէական պատասխանատւութեան էր ենթարկւում, սա համաձայնւել են հանել։ Հիմնադրամների հետ կապւած հարցերն են յստակեցւել եւ ըստ այդմ, ընտրութիւնների ժամանակ, կուսակցութիւնները միայն իրենց հաշւին առկայ գումարը կարող են փոխանցել ընտրական հիմնադրամին։ Նախկինում ցանկացած անձ կարող էր հիմնադրամին գումար փոխանցել։ Այդ մասով վերահսկողութիւնն է մի փոքր յստակեցւել»։
«Առաւօտ»-ի դիտարկմանը՝ երբ ասում էք, որ առարկութիւններն ընդունւել են իշխանութեան ներկայացուցիչների կողմից, տպաւորութիւն է, որ նախագիծը բերւել էր փնթի աշխատած ու միտում չկա՞ր այդ դրոյթներն անցկացնելու, մինչդեռ, հանրային դաշտում տրամադրութիւններ են գեներացւում, որ առաջիկայ ընտրութիւններում, ռազմական կամ արտակարգ դրութեան դրոյթը կիրառելով, Նիկոլ Փաշինեանը փորձելու է իշխանութիւնը պահել, Արծւիկ Մինասեանն արձագանգել է. «Ես չասացի, որ փնթի աշխատանքի արդիւնք է, լաւ էլ մշակւած մանրամասնութիւններով էր։ Իրենք ի՞նչ են ուզում՝ դժւարանում եմ ասել։ Ասում եմ այն, ինչն իրենք փորձում էին բացատրել։ Բայց առարկութիւնները եւ այդ նոյն կասկածները, որոնք մենք բարձրաձայնեցինք… ստացւում է, որ ցանկացած պահի ու ոչ միայն իշխանութիւնը, ինչ-որ երրորդ ուժ, օրինակ, թշնամին, մի գործողութեամբ այդ համապետական եւ կարեւոր նշանակութեան միջոցառումը կարող է տապալել։ Կամ, որեւէ այլ՝ ապակայունացման գնացող ուժ, կարող է ընտրութիւնների օրն ինչ-որ պայթեցումներ կամ հրկիզումներ կազմակերպել ու այդ պատրւակով արտակարգ դրութիւն յայտարարւի։ Դու չպիտի թողնես խոցելի տեղ, որ ինչ-որ մէկը՝ իշխանութիւն կամ ոչ իշխանութիւն, կարողանայ ազդել պետական նշանակութեան կարեւոր միջոցառման վրայ։ Այո, իրենց ներկայացրած նախկին ձեւակերպումներով, լրիւ հիմքեր կան պնդելու, որ իշխանութիւնը հէնց զգայ, որ պարտւում է, կարող է արտակարգ դրութիւն յայտարարել եւ այդ հիմքով չեղարկել ընտրութիւնները։ Իրենք այդ կասկածները փարատելու համար, համաձայնւեցին մեր առարկութիւնների հետ։ Թէ վերջնական ի՞նչ ձեւակերպում կը լինի, առաջիկայ ժամանակահատւածում կերեւայ»։
Ի դէպ, Վենետիկի յանձնաժողովն այդ դրոյթը դեռ նախորդ փոփոխութիւնների ժամանակ էր մերժել՝ իր կարծիքում նշելով. «Թէեւ ընտրութիւնները, սկզբունքօրէն, կարող են կասեցւել արտակարգ դրութեան ժամանակ, խնդրայարոյց է կասեցնել կամ դադարեցնել արդէն իսկ մեկնարկած ընտրութիւնները։ Ընտրական գործընթացի դադարեցումն այն բանից յետոյ, երբ ընտրողներն արդէն քւէարկել են (քւէարկութեան օրը կամ դրանից յետոյ), աւելի վտանգաւոր է: Ընտրողների կամքը ձեւաւորւելուց յետոյ (թէեւ դեռ յայտնի չէ, քանի որ ձայները դեռ պէտք է հաշււեն), այն պէտք է յարգւի եւ պաշտպանւի: Անգամ արտակարգ դրութեան դէպքում ընտրական գործընթացն այս փուլում չպէտք է դադարեցւի առանց հիմնաւոր պատճառի: Թէեւ իշխանութիւնները կարող են ի վիճակի չլինել այդ ընթացքում ամփոփել ձայները եւ որոշել արդիւնքները, այնուամենայնիւ, հնարաւոր է հետաձգել ձայների հաշւարկը մինչեւ արտակարգ դրութեան աւարտը։ Եթէ արտակարգ դրութիւնը տեւի աւելի երկար, ապա հաշւարկը պէտք է կազմակերպւի նոյնիսկ արտակարգ դրութեան ժամանակ։ Կախւած հանգամանքներից՝ այն կարող է կազմակերպւել, օրինակ, արտակարգ դրութեան վայրից աւելի հեռու, կամ կարող է իրականացւել իրավիճակի բարելաւումից յետոյ (թէեւ արտակարգ դրութիւնը դեռեւս չի աւարտւել)»:
Վենետիկի յանձնաժողովը նշում է, որ առաջարկւող կարգաւորումները կարող են էական վտանգ ներկայացնել, քանի որ կարող են օգտագործւել ոչ թէ որպէս հրատապ ճգնաժամին արձագանգելու միջոց, այլ որպէս քաղաքական գործիք։