Հայաստան - Արցախ

Ադրբեջանում ցնծում են. Հայաստանում թշնամի պետութեան սրտով հայոց պատմութեան դասագիրք է գրւել

Շուրջ մէկ շաբաթ առաջ «ԲՆՕՐՐԱՆ պատմական յուշարձանների պահպանման հայկական ընկերութիւն» ՀԿ-ի նախաձեռնութեամբ քննարկում կազմակերպւեց շուրջ 20 գիտնականների մասնակցութեամբ: Խնդրոյ առարկան Սմբատ Յովհաննիսեանի հեղինակած չարաբաստիկ «Հայոց պատմութիւն-7» դասագիրքն էր: Քննարկմանը հրաւիրւած են եղել ականաւոր պատմաբաններ, նեղ մասնագէտներ, հնագէտներ, արեւելագէտներ: Հրաւիրւած էին նաեւ դասագրքի հեղինակ Սմբատ Յովհաննիսեանն ու դասագրքի պատւիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրէն Վահրամ Սողոմոնեանը: Վերջիններս, սակայն, գերադասել են չմասնակցել քննարկմանը. յարմար չի եղել:

Քննարկման արդիւնքներով՝ յայտարարութեան տեքստ է հրապարակւել, որի տակ ստորագրել է գիտնականների պատկառելի կազմ, որոնցից շատերը, մեր տեղեկութիւններով, անգամ անձնական խնդիրներ ունեն միմեանց հետ: Բայց այս մարդիկ վեր են կանգնել միջանձնային յարաբերութիւններից, անձնական ամբիցիաներից՝ յանուն երեխաների, յանուն ազգային կրթութեան ու ազգային նւիրական նպատակների, յանուն պատմութեան չխեղման: Ընդհանուր առմամբ շուրջ 20 գիտնական Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարութեանը յորդորել է կասեցնել աղմկայարոյց դասագրքի կիրառումը հանրակրթական դպրոցներում:

Սա, թերեւս, անսպասելի էր ԿԳՄՍ նախարարութեան ու անձամբ Սմբատ Յովհաննիսեանի ու Վահրամ Սողոմոնեանի համար, որովհետեւ մինչ այդ հանդիպումը վերջիններս ԿԳՄՍ նախարարութեան բարձր հովանու ներքոյ դասագրքի դէմ արշաւն անւանում էին քաղաքական, իսկ նախարար Ժաննա Անդրէասեանն էլ Ազգային ժողովի (ԱԺ) ամբիոնից յոխորտում էր՝ համակերպւէք դասագրքի գոյութեան հետ: Սակայն յայտարարութեան տեքստի տակ դրւած ստորագրութիւնները պայթեցրին այդ քարոզչական փուչիկը, որովհետեւ այդ պատկառելի կազմի ճնշող մեծամասնութեանը վստահաբար, անգամ մեծ ցանկութեան դէպքում, քաղաքականացւած չես համարի:

Նոյն Ժաննա Անդրէասեանն արդէն «Բնօրրանի» կազմակերպած քննարկումից յետոյ նոյն ամբիոնից յայտարարեց՝ կը հանդիպի դասագրքի կասեցումը պահանջող խմբի հետ:

Հասկանալի է, որ սա ԿԳՄՍ նախարարի կողմից «փափուկ բարձի» քաղաքականութեան ցայտուն դրսեւորում է, ժամանակ ձգելու փորձ, մինչեւ դասագրքի շուրջ աղմուկը կը մարի: Բարեբախտաբար, չի մարում:

Սակայն, պարզւում է, նշւած հանդիպումը, բացի պետական իրաւասու մարմիններից, դասագրքի հեղինակից ու պատւիրատուից, մտահոգել է նաեւ Նիկոլ Փաշինեանի ընտանեկան կայքին եւ… ադրբեջանական հեռուստաընկերութիւններին:

Զերծ կը մնանք armtimes.com-ի հրապարակումը մեկնաբանելու գայթակղութիւնից, բայց կանդրադառնանք ադրբեջանական քարոզչամեքենաների մէջ ուրոյն տեղ ունեցող Baku TV հեռուստաալիքի պատրաստած ռուսալեզու ռեպորտաժին նշւած դասագրքի վերաբերեալ:

Նկատենք, որ ադրբեջանական քարոզչամեքենայի ռեպորտաժը պատրաստւած է «Բնօրրանի» նախաձեռնած քննարկումից ու հրապարակւած եզրակացութիւնից յետոյ:

«Հայաստանում պատմութեան դասագրքի շուրջ սկանդալ է հասունանում: Կեղծիքների սովոր հայ պսեւդոպատմաբանները չեն կարողանում շոկից դուրս գալ եւ ԿԳՄՍ նախարարութեան դէմ կոլեկտիւ հայց են պատրաստում»,- ասւում է դասագրքի շուրջ աղմուկի վերաբերեալ ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:

Եւ թէեւ ռեպորտաժի ադրբեջանցի հեղինակները նշում են, որ 7-րդ դասարանի նոր «Հայոց պատմութեան» դասագրքում դեռ շատ են պատմական իրադարձութիւնների ստայօդ մեկնաբանութիւնները, նրանց յատկապէս ուրախացրել են այդ դասագրքում հրապարակւած քարտէզները, ինչի վերաբերեալ էլ հայ մասնագէտներն ահազանգում են արդէն երկու ամիս:

Ամբողջովին ծաղրուծանակով ուղեկցւած ռեպորտաժում առանձնակի հպարտութեան առարկայ է դասագրքում թուրքական պետութեան հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անւան յիշատակութիւնը:

«Այո, նոր հայկական դասագրքերը մի օր կը պատմեն ողջ ճշմարտութիւնը, այդ թւում՝ Ղարաբաղի իրական, ոչ յօրինւած պատկանելութեան ու 1915 թ. ողբերգական իրադարձութիւնների մասին»,- ասւում է ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:

Մնում է միայն չալարել, մտածել ու հասկանալ՝ ինչու են Ադրբեջանում ցնծում «Հայոց պատմութիւն-7» նոր դասագրքի հրատարակմամբ ու այդ դասագրքի՝ դպրոցներ մուտք գործելու փաստի առնչութեամբ, ինչո՞ւ էր, օրինակ, ուրարտագէտ Միքայէլ Բադալեանն ասում՝ դասագիրքը ներկայացնում է թուրքական ազգայնամոլական պատմագիտութեան շահերը, ինչո՞ւ էին բարձրաձայնում այն մասին, որ Տիգրան Մեծի ժամանակների քարտէզում Ադրբեջան չեղած պետութեան պատկերումը մեծ նւէր է ադրբեջանական յօրինւած պատմագիտութեան ու քաղաքական նկրտումների համար, եւ ի վերջոյ, ինչո՞ւ դասագրքում չկայ Մասիս սարի գէթ մէկ պատկեր, իսկ Էրեբունին էլ Ուրարտուի եւ Երեւանի հետ կապ չունի:

168.am

Related Articles

Back to top button