Մարդիկ պատասխանում են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Փաշինեանի յայտարարութեանը
«ԱԼԻՔ» – Սոցիալական հարթակներում Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանգել են նախօրէին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը. «Մենք Հայոց Ցեղասպանութեան պատմութեանն էլ պէտք է վերադառնանք, պէտք է հասկանանք, լաւ՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել, եւ ինչպէս ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»։
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը գրել է.
«Ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ կատարողներին միջազգային յանցանքից մաքրելու գործառոյթ ստանձնելն ունի պարզ բացատրութիւն՝ ինչպէս գոնէ մէկ օր աւելի մնալ իշխանութեան:
Ի՞նչ անենք, թէ դա արւում է մի ամբողջ ժողովրդի հազարամեակների պատմութեան ու ազգային ինքնութեան հաշւին:
Պետութեան միջազգային դիրքերը ոչնչացւում, իսկ տասնեակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացւում են բացառապէս մէկ նպատակի՝ իշխանութիւն պահպանելու համար»:
Իրաւագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Գէորգ Դանիէլեանը գրում է.
«Անկեղծ կատարեալ անհեթեթ իրավիճակ է. ոչ այն է՝ միանաս բոլորին եւ եւս վերահաստատես Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստն ու դրդապատճառները, ոչ այն է՝ անտեսես։
Եւ այս ամէնը յանուն ինչի՞ …»
Panorama.am կայքի գլխաւոր խմբագիր Անահիտ Ոսկանեանը գրել է.
«Նիկոլը երբ ասում է, որ պիտի ուսումնասիրել Ցեղասպանութեան պատմութիւնը, դա չի նշանակում, որ ինքը բան չգիտի…
Գիտի-չգիտի՝ կարեւոր չէ…
Սա նշանակում է, որ այս հարցն էլ է Նիկոլը դարձնելու «իր» կէտից»։
«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը գրել է.
«Հայոց Ցեղասպանութեան մասին Նիկոլի երէկւայ զառանցանքը պատահական չէ… նա տարբեր հարցերում կիրառում է Օւերտոնի պատուհանի գործիքը:
Անընդունելի, մերժելի գաղափարը նետում է հրապարակ, որն էլ քննարկումների արդիւնքում դառնում է կեանք ունեցող «տեսակէտ»… դեռ տարիներ առաջ նոյն այս թեմայի մասին բարձրաձայնել էի…»: