ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի առաջին զանգը Թուրքիա. ի՞նչ են քննարկել Հարաւային Կովկասի մասին Ռուբիօն ու Ֆիդանը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկօ Ռուբիօն յունւարի 21-ին, ստանձնելով պաշտօնը, հեռախօսազրոյցների շարք է սկսել իր գործընկերների հետ։
Հինգշաբթի օրը Ռուբիօն, ով յայտնի է իր հակաթուրքական դիրքորոշումներով ու ելոյթներով եւ ում թեկնածութիւնն այդ պաշտօնում մտահոգել էր Անկարային, առաջին անգամ այս պաշտօնում հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ կողմերն անդրադարձել են նաեւ Հարաւային Կովկասին, Ռուբիօն ու Ֆիդանը կարեւորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ արժանապատիւ խաղաղութիւնը։
Ռուբիօն ու Ֆիդանը հեռախօսազրոյցի ընթացքում անդրադարձել են Վաշինգտոնի եւ Անկարայի յարաբերութիւններին։ Ռուբիօն վերահաստատել է այդ յարաբերութիւնների կարեւորութիւնը, Թուրքիայի դերը՝ որպէս ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, եւ ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայում ներառական անցման անհրաժեշտութիւնը՝ երաշխաւորելով, որ նոր կառավարութիւնը թոյլ չի տայ Սիրիային դառնալ միջազգային ահաբեկչութեան աղբիւր։ Թուրքական կողմը հեռախօսազրոյցի մասին դեռ չի հաղորդում։
TURAN գործակալութիւնը յայտնում է, որ Թրամփի վարչակազմն այս շաբաթ սկսել է Թուրքիայի հետ բանակցութիւնների նոր փուլը՝ կենտրոնանալով երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների վրայ, ներառեալ՝ Հարաւային Կովկասում խաղաղութիւնը։ Ինչպէս հաղորդում է TURAN-ի թղթակիցը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալն այսօր կը հանդիպի Լուի Բոնոյի հետ, ով նախկինում կովկասեան բանակցութիւնների գծով Բայդէնի վարչակազմի խորհրդականն էր։ Թրամփի վարչակազմը նրան առաջադրել է Պետդեպարտամենտի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով բիւրոյի ղեկավարի պաշտօնում։
Անկարայում ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Կալա Կալլասի հետ մամուլի ասուլիսում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ յայտարարել է, թէ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի զգայուն հարցերը չյարգելը յանգեցրել է անվտանգութեան ճգնաժամի երկկողմ յարաբերութիւններում։
«Չնայած դրան՝ մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել այլ ոլորտներում համագործակցութիւնն ընդլայնելու ուղղութեամբ։ Դոնալդ Թրամփի վարչակազմից մեր ակնկալիքն այն է, որ այն կը վերացնի նախկին վարչակազմից մնացած խնդիրները, յատկապէս՝ CAATSA-ի պատժամիջոցները»,- յայտարարել է Հաքան Ֆիդանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ Թրամփն իր արտաքին քաղաքականութիւնը մի շարք ուղղութիւններով սկսել է հակասական յայտարարութիւններով՝ դեռեւս պահպանելով առեղծւածն ու ինտրիգը։
Ըստ վերլուծաբանի՝ նման մեկնաբանութիւնների տեղիք են տալիս նրա յայտարարութիւնները ռուսական կողմի հետ բանակցութեան հնարաւորութիւնների մասին։
«Մէկ յայտարարւում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել, որից յետոյ էլ պատժամիջոցների սպառնալիքներ են արւում, դրանից յետոյ էլ այլ յայտարարութիւններ են արւում, թէեւ, կարծում եմ, որ իրականում կայ բանակցելու պատրաստակամութիւն։ Սակայն այս վարչակարգի դէպքում պէտք է պատրաստ լինել նաեւ նման յայտարարութիւններ լսել եւ դրանց էական արձագանգներ չտալ։ Բանակցելու պատրաստակամութեան հետ մէկտեղ՝ Թրամփը փորձելու է ցոյց տալ իր վճռականութիւնը։ Սա ընդհանուր առմամբ նշանակում է, որ բանակցութիւններ կը լինեն, սակայն դրանք հեշտ չեն լինելու»,- ասել է Տարասովը։
Ինչ վերաբերում է Հարաւային Կովկասին եւ Ռուբիօ-Ֆիդան հեռախօսազրոյցին, ապա վերլուծաբանը գտնում է, որ այս ռեգիոնի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակարգի քաղաքականութիւնը պայմանաւորելու են ԱՄՆ յարաբերութիւններն Իրանի, Իսրայէլի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ։
«Ի տարբերութիւն Թուրքիայի, Ռուսաստանի, յատկապէս Իրանի հետ յարաբերութիւնները կարծես բարդ են լինելու, Թրամփի խորհրդականներն Իրանի հարցում քաղաքականութեան եւ ճնշումների տարբեր սցենարներ են մշակում, Իրանում էլ պատրաստւում են այդ սցենարներին։ Ինչ վերաբերում է մասնաւորապէս Թուրքիային, ապա ԱՄՆ-ը փորձելու է համագործակցել Թուրքիայի հետ, աւելի լաւ յարաբերութիւններ կը հաստատւեն, քան Բայդէնի օրօք, ինչը կանդրադառնայ Թուրքիայի դերակատարութեան վրայ, որի փոխարէն ԱՄՆ-ը Թուրքիայից ակնկալելու է ԱՄՆ-ի հետ համագործակցութեան է՛լ աւելի բարձր մակարդակ Ռուսաստանի ու Իրանի դէմ։
Դատելով Ֆիդանի յայտարարութիւններից՝ Թուրքիան իր հերթին ԱՄՆ-ից պահանջում է յարգել իր անվտանգային խնդիրները, եւ այստեղ քրդական հարցն առանձին թեմա է դառնալու սիրիական հակամարտութեան համատեքստում։ Ես հակւած չեմ կարծել, որ սա էականօրէն տարբեր քաղաքականութիւն է լինելու Բայդէնի վարած քաղաքականութիւնից, պարզապէս որոշ նիւանսներ են տարբեր լինելու»,- նման տեսակէտ է յայտնել Տարասովը։
Իսկ առաջին հեռախօսազրոյցը, նրա որակմամբ, կրում է սիմւոլիկ բնոյթ։ «Նման զանգերը տեւում են կարճ, երկար բանակցութիւններ չեն ծաւալւում, պարզապէս կողմերը որոշ կարեւոր ուղղութիւններով իրենց քաղաքականութիւնն են ներկայացնում։ Նման զանգի ժամանակ Հարաւային Կովկասի մասին յիշատակումը, կարծում եմ, կարեւոր հանգամանք է այն տեսանկիւնից, որ Ռուբիոյի Պետքարտուղարութիւնը եւս գուցէ ակտիւ աշխատի ռեգիոնում։
Ի վերջոյ, ԱՄՆ-ը, թէկուզ նախկին վարչակարգի օրօք, նոր փաստաթուղթ ստորագրեց Երեւանի հետ, կարծում եմ՝ այս վարչակազմը գուցէ ակտիւ չզարգացնի այս օրակարգը, բայց դրանից յետ չի կանգնի»,- նկատել է նա։