Փաշինեանի դատապարտելի յայտարարութիւնները թուրք լրագրողներին

Այս շաբաթ իմացայ, որ Հայաստանի կառավարութիւնը 7.5 միլիոն դրամ (մօտ 19 հազար դոլար) է ծախսել տասը թուրք լրագրողների ճամփորդութեան, բնակութեան եւ սննդի համար, որոնք հրաւիրւել էին Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հարցազրոյց անցկացնելու համար: Բարեբախտաբար, դա մեծ գումար չէ, սակայն նրանց ծախսերը հոգալը լրագրողական էթիկայի խախտում է:
Ես նաեւ տեղեկացայ, որ հարցազրոյցից առաջ վարչապետի օգնականները վերցնել են թուրք լրագրողների բջջային հեռախօսներն ու տեսախցիկները, որպէսզի նրանք չկարողանան ձայնագրել հարցազրոյցը։ Ձայնագրութիւնն արւել է բացառապէս վարչապետի գրասենեակի կողմից։ Սա լրագրողների հետ վարւելու շատ անսովոր եւ անընդունելի ձեւ է։
Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Ֆերհաթ Բորաթաւը նշել է, որ «խցիկները [Երեւանի օդանաւակայանում], որտեղ նստած էին հայ ոստիկանները, բերւել են Թուրքիայից Վրաստանի տարածքով»։
Թուրք լրագրողը հետաքրքրւել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Փաշինեանի յաճախակի մեկնաբանութիւններով։ Նա հարցրեց. «Ուզում եմ, որ անդրադառնայիք այս թեմային ուշադրութիւն դարձնելու պատճառներին։ Թէ՛ այստեղի ձեր քաղաքացիների, թէ՛ սփիւռքի շրջանակներում ինչի՞ էք փորձում հասնել դրանով»:
Փաշինեանը պատասխանեց. «Իմ ընկալումն այն է, որ պատմութեան մեր դասերը մենք պէտք է ծառայեցնենք այսօրւայ մեր պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան պետութեան շահերին, պետական շահերին եւ ապագայի շահերին։ Եւ իմիջիայլոց, իմ ընկալմամբ, այս խօսակցութիւնը հասունացած է եւ Հայաստանում, եւ Սփիւռքում …. ոչ միայն ներհայաստանեան կամ հայերի միջավայրում, այլեւ տարածաշրջանային առումով, որովհետեւ դա էլ է հարց։ Պատմութիւնը ինչի՞ համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան յաւիտենակա՞ն, թէ՞ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են՝ խաղաղ, համագործակցւած, տարածաշրջանային իմաստով կայուն ապագայ կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ»։
Մէկ այլ թուրք լրագրող հարցրեց. «Դուք օգտագործում էք ‘internal armenization of genocide’ [ցեղասպանութեան ներքին հայացում]։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններում ցեղասպանութեան հարցը ինչպիսի՞ ազդեցութիւն ունի հիմա: Ըստ Ձեզ՝ դա արդէն նախկին, անցեալ փուլ է, նախկինո՞ւմ է մնացել այդ հարցը, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների առումով: Եւ Հայաստանը նախկինում քաղաքականութիւն էր վարում, ինչպէս գիտենք, որպէսզի ցեղասպանութիւնը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունւի եւ այլն։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականութիւնն արդէն չի կիրառւելու։ Նոյն կերպ ձեր Սահմանադրութեան ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արեւմտեան Հայաստան եւ ցեղասպանութիւն արտայայտութիւնները։ Եթէ Սահմանադրութիւնը փոխւի ձեր երկրում, դրանք տեղ չե՞ն գտնելու նոր սահմանադրութեան մէջ»։
Փաշինեանն պատասխանեց՝ ասելով, որ «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթութիւնների մէջ չի մտնում այսօր»: Այդուհանդերձ, նա յաւելեց, առանց օգտագործելու ցեղասպանութիւն եզրոյթը. «Հայաստանում եւ հայութեան շրջանում դա անառարկելի ճշմարտութիւն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականութեան մէջ հնարաւոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետեւ դա բոլորիս համար անուրանալի ճշմարտութիւն է, բայց խօսքը դրա մասին չէ»։ Այնուհետեւ նա նւազագոյնի հասցրեց ցեղասպանութեան ճանաչման նշանակութիւնը՝ ասելով, որ երբ հեռաւոր երկրները նման որոշում են ընդունում, երբ ոգեւորութիւնը մարում է, յաջորդ պահին հարց է ծագում «իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր յարաբերութիւններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունութեանը, խաղաղութեանը եւ այլն, եւ այսպես շարունակ»։
Իր 90 րոպէանոց հարցազրոյցի ողջ ընթացքում Փաշինեանը միայն մէկ անգամ օգտագործեց ցեղասպանութիւն եզրոյթը, մինչդեռ թուրք լրագրողն իր հարցում չորս անգամ օգտագործեց ցեղասպանութիւն եզրոյթը։ Մնացած ժամանակ Փաշինեանը ցեղասպանութիւնն անւանեց «որոշում» (6 անգամ), «այն» (3 անգամ), «պատմութիւն» (39 անգամ), «մեծ ողբերգութիւն» (մէկ անգամ)։
Փաշինեանը սխալւեց, երբ ասաց, որ «այն ժամանակաշրջանը, երբ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգութիւնը, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետութիւն»։ Հայաստանի վարչապետը կարծես թէ չգիտի, որ Հայոց Ցեղասպանութիւնը տեւել է 1915-1923 թւականներին, այդ ընթացքում՝ 1918-1920 թւականներին, եղել է անկախ Հայաստանի Հանրապետութիւնը։
Շատ հիասթափեցնող էր նաեւ Փաշինեանի այն հարցը, թէ ինչ տւեց մեզ հեռաւոր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը։ Նա պէտք է իմանայ, որ եթէ չլինէր Սփիւռքի տասնամեակների ձգտումը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար, աշխարհում ոչ ոք մինչ այժմ չէր յիշի, որ եղել է նման ցեղասպանութիւն, ինչից թուրքական կառավարութիւնը շատ գոհ կը լինէր: Ճանաչումից անդին, մի օր, երբ Հայաստանում ազգային իշխանութիւն կը լինի, եւ միջազգային համապատասխան հանգամանքներ ստեղծւեն, հայերը հետամուտ կը լինեն փոխհատուցում ստանալու Ցեղասպանութիւնից իրենց կրած կորուստների համար, ներառեալ բռնագրաււած հայկական ունեցւածքը եւ բռնազաւթւած տարածքները:
Փաշինեանը շարունակեց՝ ասելով, որ Հայաստանին պէտք է խաղաղութիւն հաստատել իր անմիջական հարեւանների հետ, ոչ այնքան Աւստրալիայի, Նոր Զելանդիայի կամ Բրազիլիայի հետ։ Նա կարծես թէ չի հասկանում, որ իրական խաղաղութիւնը պէտք է հիմնւած լինի պատմական ճշմարտութեան եւ արդարութեան վրայ, այլ ոչ թէ ռեւիզիոնիզմի եւ կեղծիքների վրայ: Նա շարունակեց՝ Թուրքիան չպէտք է սպառնալիք լինի Հայաստանի համար, ինչպէս Հայաստանը չպէտք է սպառնալիք լինի Թուրքիայի համար: Վարչապետը երեւի թէ ապրում է երեւակայական աշխարհում։ Համոզւած եմ, որ նախագահ Էրդողանն անքուն գիշերներ չի անցկացնում՝ մտահոգւելով, որ Հայաստանը կարող է ամէն պահի յարձակւել Թուրքիայի վրայ։ Նա անհանգստանալու շատ աւելի կարեւոր խնդիրներ ունի:
Փաշինեանը շարունակում է ծաղրել պատմական Արեւմտեան Հայաստան հասկացութիւնը՝ ասելով, որ Արեւմտեան Հայաստանը ներկայիս Հայաստանի Հանրապետութեան արեւմտեան մասի քաղաքներն են։ Եւ յետոյ, թաքցնելու համար հայկական տարածքների իր զիջումները, նա ծիծաղելի յայտարարութիւն է անում, որ այս օրերին աշխարհագրական սահմաններ չկան՝ շնորհիւ սոցիալական ցանցերի եւ համացանցի, որոնք հատում են բոլոր սահմանները:
Ինչպէս եւ սպասւում էր, թուրք լրագրողներն անդրադարձան վարչապետի հետ հարցազրոյցին թուրքական տեսանկիւնից՝ ընդգծելով, որ ցեղասպանութեան հարցի վերաբերեալ Փաշինեանի «հաշտւողական մօտեցումը» եւ Թուրքիայից տարածքային պահանջների մերժումն այլեւս խոչընդոտներ չեն հայ-թուրքական յարաբերութիւններում։ Այնուամենայնիւ, յատկապէս սկանդալային թուրք լրագրող, CNN Turk-ի լրատւական տնօրէն Իդրիս Արքանը, Երեւանի Կապոյտ մզկիթի դիմաց կանգնած, կեղծօրէն յայտարարեց թուրքական հեռուստատեսութեամբ, որ պարսիկների կառուցած մզկիթը, որը պատմական տեսարժան վայր է Հայաստանի մայրաքաղաքում, թուրքական է: Նա նոյնիսկ հանդգնեց Երեւանը նկարագրել որպէս պատմական թուրքական քաղաք։ Ահա թէ ինչպէս հատուցեց CNN Turk-ի լրատւական տնօրէնը Փաշինեանին՝ Հայաստան կատարած ամբողջութեամբ վճարւած ուղեւորութեան համար։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ