Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Տէր-Պետրոսեանը կողմ է եղել ԼՂԻՄ-ի ադրբեջանի կազմում գտնւելուն

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

2025 թ. մարտի 26-ին հանդէս էի եկել ֆէյսբուքեան մի հրապարակմամբ https://surl.li/dqbsvz որտեղ, մասնաւորաբար, յայտնել էի հետեւեալը. «33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդէս է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար Հանրապետութեան կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախը կոնֆլիկտը լուծելու օգտին:

1992 թ. մարտի 5-ին նա այդ մասին յայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տւած հարցազրոյցի ժամանակ:»:

Իմ հրապարակումը հիմնաւորելու համար կից ներկայացրել էի «Комсомольская правда» թերթի այն հատւածի լուսապատճէնը, որտեղ մէջբերւած էր նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար Հանրապետութեան կարգավիճակով Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու մասին ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի խօսքերը, որը նա հնչեցրել էր 1992 թ. մարտի 5-ին յիշեալ թերթին տւած հարցազրոյցի ժամանակ:

Ֆէյսբուքեան եզակի օգտատէրեր անձնական նամակով իրենց կասկածներն էին յայտնել իմ հրապարակման վերաբերեալ, այն առումով, թէ արդեօ՞ք ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը նման միտք է արտայայտել:

Պատասխանելով կասկած պարունակող յիշեալ հարցադրումներին՝ հարկ եմ համարում նշել հետեւեալը՝

1-ին՝ 1992 թւականին, երբ Լեւոն Տէր-Պետրոսեանը հնչացրել է նման միտք, Հայաստանում չի եղել համացանց, որպէսզի այդ միտքը շատ արագ դառնայ հանրութեան համար հասանելի:

2-րդ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ առաջին տարիներին ռուսաստանեան կարեւոր թերթերի թղթային տարբերակները ԽՍՀՄ գոյութեան տարիների աւանդոյթի ուժով առաքւում էին նախկին միութենական հանրապետութիւններ, այդ թւում՝ նաեւ Հայաստանի Հանրապետութիւն:

Սակայն, տարիներ առաջ հայաստանեան գրադարաններում եւ արխիւներում «Комсомольская правда» թերթի 1992 թ. մարտի 5-ի համարը գտնելու նպատակով իմ կողմից իրականացւած որոնողական աշխատանքներն անցան ապարդիւն: Աւելին՝ հայաստանեան եզակի արխիւներում եւ գրադարաններում պահպանւող «Комсомольская правда» թերթի 1992 թւականի մարտ ամսւայ արխիւային համարների տրցակից բացակայում էր հէնց մարտի 5-ի համարը:

Պատահականութի՞ւն է, թէ՞ դիտաւորութեան արդիւնք, թողնում եմ ընթերցողների եզրակացութեանը: 

3-րդ՝ փարատելու համար ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վերոյիշեալ խօսքերին չհաւատացող եզակի օգտատէրերի կասկածները՝ հրապարակում եմ նաեւ «Комсомольская правда» թերթի 1992 թ. մարտի 5-ի համարի այն էջի վաւերացւած լուսապատճէնը, որտեղ տպագրւած է Լեւոն Տէր-Պետրոսեանի հարցազրոյցը: Հարկ եմ համարում նշել, որ տւեալ էջի լուսապատճէնը ստորագրւած եւ կնքւած է «Комсомольская правда» թերթի խմբագրութեան կողմից: Խնդրահարոյց հատւածը նշագծւած է կարմիրով:

Կարծում եմ սոյն հրապարակմամբ կը փարատւեն եզակի օգտատէրերի կասկածներն առ այն, որ Լեւոն Տէր-Պետրոսեանը կողմ է եղել, որպէսզի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետութեան կարգավիճակով գտնւի Ադրբեջանի կազմում: Աւելին՝ իր դիրքորոշումը Լեւոն Տէր-Պետրոսեանը վերահաստատել է նաեւ 1997 թւականին, սակայն այդ մասին՝ մէկ այլ առիթով եւ կրկին հիմնաւոր ու համոզիչ փաստերով:

Յ. Գ. – Յորդորում եմ բոլորին, այդ թւում նաեւ՝ զանգւածային լրատւութեան միջոցների ներկայացուցիչներին, սոյն հրապարակումն օգտագործելու դէպքում պահպանել հեղինակային իրաւունքը:   

Related Articles

Back to top button