ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Թաներ Աքչամ. «Անկարայի կառավարութիւնը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան շարունակութիւնն էր»

Էդւարդ Դանձիկեան

Վերջին ամիսներին «Արաս» հրատարակչութեան կողմից հրատարակւել է Թուրքիայի պատմութեան թեմաներով իր ուսումնասիրութիւններով յայտնի Թաներ Աքչամի «Հարիւրամեայ ապարտհէյդ. 1918-1923 թթ. Թուրքիան. անկախութիւնը եւ ապարտհէյդ ռեժիմի կառուցւածքը» գիրքը, եւ կարճ ժամանակում տպագրւել է դրա երկրորդ հրատարակութիւնը: Հիմնւելով գրքի վրայ՝ ես եւ Աքչամը մօտկից անդրադարձանք փոքրամասնութիւնների նկատմամբ հանրապետական վարչակարգի քաղաքականութեանը, որը նա սահմանեց որպէս «ապարտհէյդ»։

 

Ձեր գրքում դուք յատուկ տեղ էք յատկացնում 1921 թ. «Ազգային հարկային» օրէնքին։ Ո՞րն է այս օրէնքի կարեւորութիւնը ձեր աշխատանքի համատեքստում:

«Ազգային հարկային» օրէնքը (կամ կարգադրութիւնները) խորհրդանշում է «ապարտհէյդ» ռեժիմի ձեւաւորումը: Խօսքը գնում է 1921 թ. օգոստոսի 7-8-ին հրապարակւած 10 կարգադրութիւնների մասին։ Պատերազմը վարելու համար ժողովրդից ուժով հաւաքւում են անհրաժեշտ ապրանքներ եւ գումար՝ դրա դիմաց վճարւելու խոստումով։ Եթէ հաշւի առնենք, որ Յունաստանի դէմ պատերազմը ծաւալւեց մեծ դժւարութեամբ՝ այս կարգադրութիւնները հասկանալի են։ Նաեւ խոստացւել է, որ կը վճարւի հաւաքւած ապրանքների ու գումարների դիմաց, իսկ վերցրած ապրանքի ու գումարի համար ստացական է տրւել։ Սակայն հարցի բարդութիւնը պարզ է դառնում, երբ սկսում են վճարել ստացականների դիմաց։ 1923-ին եւ 1924-ին ընդունւած որոշումներով վճռւեց, որ քրիստոնեաներից հաւաքւած ապրանքներն ու գումարները չեն վերադարձւի։ Եւ այս գումարն արդէն իսկ կազմում էր ամբողջ «Ազգային հարկային» օրէնքի 75%-ը։ Պետութիւնը վճարում է մուսուլման քաղաքացիներին ապրանքների եւ փողերի համար, բայց քրիստոնեայ քաղաքացիներին՝ ոչ: Գործընթացը շատ պարզ է՝ քրիստոնեաները չեն համարւում իրաւահաւասար քաղաքացիներ, նրանք զրկւած են քաղաքացիութեան ամենատարրական իրաւունքներից եւ բացայայտօրէն թալանւում են պետութեան կողմից։ Այս որոշումը կայացնողը ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը խորհրդանշող խորհրդարանն է։ Իմ «Հարիւրամեայ ապարտհէյդ» գրքում դուք կարող էք կարդալ, թէ այդ ժամանակաշրջանի խորհրդարանի գաղտնի նիստի արձանագրութեան մէջ ինչպէս է «ըստ գրքի» իրականացւել այդ կողոպուտը։ Այստեղ էլ կար «ապարտհէյդ» համակարգի մի պարզ կիրառութիւն, որը ես կը բնութագրէի որպէս «նենգ ու խորամանկ»։

Առաջին խորհրդարանում այլ միջոցներ ձեռնարկւե՞լ են քրիստոնեաներին քաղաքացի չհամարելու ուղղութեամբ։

Իհարկէ, դա ակնյայտ է, բայց նախքան օրինակներին անցնելը, ամենահիմնաւոր փաստը, որ պէտք է բոլորը իմանան, սա է՝ Անկարայի կառավարութիւնը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կառավարութեան շարունակութիւնն է։ Առանց քրիստոնեաների հասարակութիւն ստեղծելու նախագիծը, որը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կոմիտէն գործի էր դրել 1913 թ., առաջին իսկ օրւանից շարունակեց իրականացնել այնտեղից, որտեղ այն կանգ էր առել։ Օրինակ՝ Անկարայի վեհաժողովի ընտրութիւններում քրիստոնեաները չեն ընդգրկւել։ Քրիստոնեայ քաղաքացիներից բռնի կերպով խլւել է ընտրելու եւ ընտրւելու իրաւունքը։

Խորհրդարանի բացումից անմիջապէս յետոյ քննարկւած առաջին հարցերից մէկը 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան յանցագործութեան համար դատւողների ազատ արձակումն էր։ Որոշումն ընդունւել է 1920 թ. մայիսի 8-ին։ Բացման երկրորդ շաբաթում ընդունւած որոշման խորհրդանշական արժէքը ակնյայտ է։ Դրան յաջորդեց 1920 թ. օգոստոսի 11-ին «տեղահանութեան գործերը» քննող դատարանների վերացումը։

Ինչպէս երեւում է, Անկարայի վեհաժողովը զբաղւած է Հայոց Ցեղասպանութիւնից մնացած գործերի մաքրմամբ։ Այս կարեւոր քայլերից մէկը բանտերից ազատւած եւ Հայոց Ցեղասպանութեանը մասնակցած «Յատուկ կազմակերպութեան» (Թեշքիլաթ-ը Մահսուսա) ստորաբաժանումներին միացած մարդասպանների ներումն է։ Այս մարդասպանները ներում կը ստանան 1921 թ. յունւարի 22-ին Մուստաֆա Քեմալի եւ նրա ընկերների կողմից արւած առաջարկով։ Քրիստոնեաների դէմ կոտորածների ներումը չի սահմանափակւել միայն ցեղասպանութեան տարիներով։ 1923 թ. հոկտեմբերի 31-ին ընդունւած մէկ այլ օրէնքով 1918 թ. Մուդրոսի զինադադարից յետոյ «Քուվայի Միլլիէ» ուժերի կողմից կատարւած բոլոր կոտորածները ներւեցին:

Քրիստոնեաների դէմ ձեռնարկւած միջոցները չեն սահմանափակւելու միայն ջարդերին մասնակցած յանցագործների ներումով։ Անկարայի կառավարութիւնը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան՝ հայկական ունեցւածքը թալանելու քաղաքականութիւնն էլ է շարունակելու։ Այս առումով առաջին քայլը կատարւեց 1922 թ. սեպտեմբերի 14-ին, եւ վերստին ընդունւեց 1915 թ. սեպտեմբերի 26-ի օրէնքը, որը կարգաւորում էր Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կողմից հայկական ունեցւածքի կողոպուտը: Ժամանակի ընթացքում անհրաժեշտ կը լինի նոր պայմանաւորւածութիւններ ձեռք բերել։ 1923 թ. ապրիլի 15-ին ընդունւած օրէնքով 1918-1923 թթ. բռնագրաււած կամ բռնագրաււելիք գոյքը նոյնպէս ներառւեց օրէնքում։ Այսինքն՝ վերադառնում են իթթիհադական​ համակարգին։

Խորհրդարանի մէկ այլ որոշում է քրիստոնեայ եւ հրեայ քաղաքացիների աշխատանքի դադարեցումն այն ընկերութիւններում, որտեղ նրանք աշխատում են: 1923 թ. մայիսին եւ յունիսին օտարերկրեայ ընկերութիւնները Ստամբուլից հրաւիրւեցին Անկարա, եւ նրանց խնդրեցին աշխատանքից հեռացնել քրիստոնեայ եւ հրեայ քաղաքացիներին եւ փոխարէնը աշխատանքի վերցնել թուրքերին: Մի շարք օրէնքներ ընդունւեցին, որոնք արգելում էին քրիստոնեաներին եւ հրեաներին աշխատել ոչ միայն պետական ​​հիմնարկութիւններում, այլ նաեւ որոշ մասնագիտութիւններով։ Այս օրէնքներով ամրապնդւեց ապարտհէյդը:

Այստեղ պարզապէս թւարկենք մի քանի օրինակ՝ 1924 թ. մարտի 10 օրէնքը, որը երկարաձգում է Օսմանեան բանկի կոնցեսիոն ժամկէտը, 1924 թ. ապրիլի 2-ի փաստաբանութեան մասին օրէնքը, 1926 թ. մարտի 3-ի եւ 1936 թ. յուլիսի 4-ի դատաւորների մասին օրէնքը, 1926 թ. մարտի 18-ի քաղծառայողի մասին օրէնքը, 1927 թ. յունւարի 24-ի «Դեղատների եւ դեղագործների մասին» օրէնքը, 1927 թ. մայիսի 28-ի արդիւնաբերութեան խրախուսման օրէնքը, 1927 թ. յունիսի 25-ի օրէնքը ապահովագրութեան եւ ապահովագրական ընկերութիւնների տեսչական եւ վերահսկողութեան մասին, 1928 թ. ապրիլի 14-ի Բժշկական գործունէութեան եւ նրա ճիւղերի մասին օրէնքը, 1932 թ. յունիսի 11-ի Թուրքիայում Թուրքիայի քաղաքացիներին յատկացւող արւեստի եւ ծառայութիւնների մասին օրէնքը…

Ինչպէս երեւում է, հիմնադրման հետ աստիճանաբար կառուցւեց ապարտհէյդի մի համակարգ, որը քրիստոնեաներին եւ հրեաներին չէր համարում հաւասար քաղաքացիներ եւ արգելում էր նրանց որոշակի մասնագիտութիւններով զբաղւել:

1923-ին Լօզանի պայմանագրով հայերի վերադարձը հարցականի տակ դրւեց։ Այնուամենայնիւ, նրանց մեծ մասին արգելւած է երկիր մուտք գործել: Ի՞նչ իրադարձութիւններ են տեղի ունեցել այդ ընթացքում։

Պէտք է կրկնել։ Անկարայի կառավարութիւնը շարունակեց Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան քաղաքականութիւնը քրիստոնեաների դէմ այնտեղից, որտեղ նրանք կանգ առան: Այս քաղաքականութիւնն ունէր չորս կարեւոր հիմնասիւն։ Առաջին՝ արտաքսման կամ այլ պատճառներով արտասահման գնացածներին թոյլ չէին տալու երկիր մուտք գործել. երկրորդ՝ ներսում մնացածները տարբեր կերպ վտարւելու էին Թուրքիայից. երրորդը՝ նրանք, ովքեր այս կամ այն ​​կերպ կը մնան երկրում, թոյլ չէին տալու ցրւած ապրել եւ կը հաւաքւեն որոշակի կենտրոններում, եւ չորրորդ՝ քրիստոնեաներն ու հրեաները զրկւելու էին իրենց հիմնական քաղաքացիական իրաւունքներից: Դա հէնց այդպէս էլ արւեց։

Լօզանի պայմանագրի 30-րդ եւ 36-րդ յօդւածները կարգաւորում են քաղաքացիութեան իրաւունքը: Ըստ դրա՝ Օսմանեան պետութեան սահմաններում ստեղծւած նոր պետութիւններից ով որտեղ մնար, կը դառնար այդ երկրի քաղաքացի։ Բայց նրանց քաղաքացիութեան իրաւունքները, ովքեր ցանկանում էին վերադառնալ նախկինում ապրած վայրեր, վերականգնւելու էին երկու տարւայ ընթացքում։ Իւրաքանչիւր ցանկացող կարող էր վերադառնալ եւ այս ժամկէտում յետ ստանալ իր ունեցւածքը: Բացի այդ, նրանք, ովքեր չեն վերադարձել, շարունակելու էին իրաւունքներ ունենալ իրենց ունեցւածքի նկատմամբ։ Լօզանի կէտերի յայտնի դառնալուց յետոյ հայեր են եղել, ովքեր վերադարձել են 1923 եւ 1924 թթ.։ 1923 թ. օգոստոսին նաւերով ԱՄՆ-ից ժամանածներին թոյլ չեն տւել մտնել իրենց երկիր։ 1924 թ. կային մարդիկ, ովքեր կաշառք տալով՝ յաջողացրել էին երկիր մտնել։ Լուրը լսելը մեծ ճգնաժամ առաջացրեց, քանի որ ներգրաււած էր նաեւ կաշառակերութիւնը: Մամուլն անդրադարձաւ խնդրին, եւ այն վերածւեց կառավարական ճգնաժամի։ Մի նախարար հրաժարական տւեց, եւ բազմաթիւ աւագ պետական պաշտօնեաներ հեռացւեցին աշխատանքից։ Այնինչ հայերի մուտքին երկիր՝ օրէնքով հակասող ոչինչ չկար։ Բայց կառավարութիւնը չցանկացաւ, որ ոչ մի քրիստոնեայ վերադառնայ։ Այդ նպատակով ճանապարհորդական հրահանգները ստեղծւեցին 1924 թ. յուլիսի 2-ին։

Հրահանգը ապարտհէյդի համակարգի կարեւոր անկիւնաքարն է։ Քաղաքացիները բաժանւել են երկու խմբի։ «Թուրքահպատակ մուսուլմանների» եւ հայ, յոյն եւ հրեայ քաղաքացիների։ Մուսուլմանները կարող էին վերադառնալ՝ անկախ իրենց հեռանալու պատճառներից: Սակայն հայ, յոյն եւ հրեայ քաղաքացիներին արգելւած էր վերադառնալ երկիր։ Միայն Անկարայի ազգային կառավարութեան թոյլտւութեամբ եւ անձնագրով մեկնածները կարող էին վերադառնալ։ Նրանք, ում վերադարձը ցանկալի չէր, օրէնքում սահմանւել են որպէս «տարբեր ցեղերի պատկանողներ, որոնց վերադարձն անցանկալի է»։ Նոր ընդունւած այլ օրէնքներով թուրքական ցեղի օտարերկրեայ քաղաքացիները սահմանւեցին որպէս «շատ արժէքաւոր կապիտալ», եւ նրանց խրախուսեցին մուտք գործել երկիր:

Այս առումով շատ կարեւոր է 1931 թ. թւագրւած մի փաստաթուղթ, որը նկարագրում է Ներքին գործերի նախարարութեան անվտանգութեան գլխաւոր վարչութեան ներքին կառուցւածքը։ Առաջին մասնաճիւղը ստացել է Քաղաքական մասով առաջին մասնաճիւղ անւանումը։ Մասնաճիւղը բաժանւած էր չորս մասի։ Երկրորդ մասի պարտականութիւնը հետեւեալն էր. «Զբաղւել թուրքահպատակ կամ օտարահպատակ բոլոր դաւանանքի այդ թւում՝ Հայ առաքելական, բողոքական, կաթոլիկ հայերի, Թուրքիայի կամ օտարերկրացի յոյների եւ հրեաների գործունէութեան, քաղաքական գործիչների նոյնականացմամբ եւ համայնքային գործերին հետեւելով, ինչպէս նաեւ ոչ մուսուլմանների բոլոր կրնական եւ ազգային հաստատութիւնների բացայայտմամբ եւ հետեւումով, եւ ոչ մահմեդական փախածների երկիր վերադառնալու հարցերով»։

Այս փաստաթղթի լեզուն շատ պարզ է։ Անվտանգութեան գլխաւոր վարչութեան կազմում ստեղծւեց ստորաբաժանում՝ շարունակելու իթթիհադականների քաղաքականութիւնը եւ քրիստոնեաներին երկիր չթողնելու, երկրում գտնւողներին վտարելու եւ նրանց, ում չէին կարող վտարել, որպէս երկրորդ կարգի քաղաքացիներ պահելու համար։ Կարելի՞ է արդեօք սրանից աւելի յստակ պատկերացում կազմել ապարտհէյդի ռեժիմի մասին:

1923 թ. յետոյ հայերին, աւելի ճիշտ՝ ոչ մահմեդականներին, որոշ ժամանակով արգելւեց ճանապարհորդել (ազատ տեղաշարժւելԱկունք»-ի խմբ.երկրի ներսում։ Ինչպիսի՞ տրամաբանութիւն է կիրառւում այստեղ։

Ճամբորդելու արգելքներն սկսւել են Ցեղասպանութեան ընթացքում։ Հանրապետութեան շրջանում ճանապարհորդելու արգելքի ամենակարեւոր պատճառներից մէկը Ստամբուլի հայերի, յոյների եւ հրեաների տնտեսական կեանքին հարւած հասցնելն էր։ Գործարարները, յատկապէս վաճառականները, այս արգելքի պատճառով չէին կարողանում առեւտուր անել Անատոլիայի հետ եւ շարունակել տնտեսական գործունէութիւնը։ Բայց այս արգելքի պատճառով, օրինակ, Ստամբուլում ապրողները չէին կարող գնալ իրենց ամառանոցները։ Արգելքները շարունակւեցին մինչեւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի աւարտը։ Սա ապարտհէյդի ռեժիմի յստակ ցուցիչ էր։

1930-ականներին միտում կար՝ թոյլ չտալ հայերին ապրել գիւղաքաղաքներում ու գիւղերում։ Թւում է, թէ դա չի տարածւում ողջ Թուրքիայի վրայ, բայց կարծում եմ, որ որոշ շրջանների հայերը չեն կարողացել խուսափել տեղահանութիւնից:

Սա տարածւել է ողջ Թուրքիայի վրայ։ Կենտրոնացումը, յատկապէս գիւղական վայրերում, համարւում էր անվտանգութեան լուրջ սպառնալիք: 1930-ականներին Դերսիմի գիւղերում յատուկ ռազմական խուզարկութիւններ են իրականացւել, եւ յայտնաբերւած հայերի մասին զեկոյցներ են գրւել։ Սասունի գործողութիւններում գերի ընկածները բռնի աքսորւել են Սիրիա։ Որոշ շրջաններ յայտարարւել են ռազմական սահմանափակ գօտիներ՝ հայերին արտաքսելու համար։ Համապատասխան օրէնքի համաձայն՝ օտարերկրացիներին արգելւում էր բնակւել այդ տարածքներում։ Հայերը, ովքեր Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիներ էին, «օտարներ» յայտարարւելով՝ բռնի կերպով հեռացւեցին այս շրջաններից։

Մնացած քչերին ձեռք չտւեցին, բայց ամէն տարի նահանգապետերից տեղեկութիւններ էին ուզում իրենց շրջանների հայերի թւի մասին։ Հարցերի թւում էր, թէ այս հայերից քանիսն էին «տեղացի», իսկ քանիսը` եկւոր: Նահանգապետերի զեկոյցները բաւարար չեն համարւել։ Ամէն տարի մարզեր էին ուղարկում կանոնաւոր տեսուչներ եւ զեկոյց կազմում հայ բնակչութեան եւ հայութեան տնտեսական վիճակի փոփոխութեան մասին։ Արձանագրւում էին տնտեսական ակտիւներ, ինչպիսիք են ապրանքները, գոյքը եւ ընկերութիւնները: Նման ստուգումների արձանագրութիւնների օրինակներ գրքումս կան: Հարցը, որին պէտք է պատասխանել, սա է. ինչո՞վ ենք բացատրում հայերի նկատմամբ այս գործելաոճը, որոնց թիւը գրեթէ հասցւել էր վերացման մակարդակի: Երկրի անվտանգութեան համար վտանգ չներկայացնող այս մարդկանց նկատմամբ իրականացւող գործելաոճը պէտք է ընդունել որպէս ռասիզմի վառ օրինակ։

Այսպիսի մի բան հարցնեմ. Յակոբ Մարթայեանը, ստիպւած լինելով փոխել ազգանունը (Դիլաչար), իր տեղն է գտնում ռեժիմում։ Պերճ Քերեսթեճեանը եւս փոխել է ազգանունը (Թուրքեր) եւ դարձել պատգամաւոր։ Նմանատիպ ուրիշ օրինակներ էլ կան։ Արդեօք այս օրինակները հակասո՞ւմ են ձեր թէզին, թէ՞ դրանք ինչոր կերպ աջակցում են թէզին:

Իհարկէ, աջակցող օրինակներ են։ Ամերիկայի ամենաուժեղ ստրկական համակարգով նահանգը Վիրջինիա նահանգն էր: Բայց այստեղ կային նաեւ սեւամորթ ստրկատէրեր։ Կարո՞ղ է արդեօք սեւամորթ ստրկատէրերի գոյութիւնը արդարացնել ստրկութեան առկայութիւնը: Թուրքիայում էլ, ցուցադրութեան համար ժամանակ առ ժամանակ յատուկ թոյլտւութիւն էին տալիս հայ, յոյն կամ հրեայ պատգամաւորներին, ընդգրկում էին խորհրդարանում եւ այլն։ Այն, ինչ ես վերը բերեցի, բաւարար է այս երկրում ապարտհէյդի ռեժիմի գոյութիւնը յստակ ցոյց տալու համար։

Ամփոփելով կարելի է արձանագրել, որ այս երկրում հաստատւել է բացայայտ ապարտհէյդի ռեժիմ՝ մի շարք բացայայտ կամ գաղտնի օրէնքներով եւ հրամանագրերով, որոնք հրապարակւել են 1920 թ. ապրիլին նոր խորհրդարանի բացումից յետոյ, որը համարւում է ժամանակակից Թուրքիայի սկիզբը։ Այս օրէնքներից ու հրամանագրերից շատերն այսօր էլ ուժի մէջ են։ Այն դէպքերում, երբ դրանք ուժի մէջ չեն եղել, դրանց սխալ լինելու մասին չնչին հաշւետւութիւն անգամ չի եղել։ Այս օրէնքների ոգին եւ գոյութիւնը շարունակում են ինստիտուցիոնալ ազդեցութիւն ունենալ:

Այս հարցազրոյցում քննարկեցինք ապարտհէյդի ռեժիմը, որը ստեղծւել էր յատուկ հայերի համար, որոնք գտնւում էին դասակարգման համակարգի ստորին հատւածում։ Քրդերի ու ալեւիների մասին անգամ չյիշատակեցինք… Խնդիրը հետեւեալն է. հանրապետութեան հարիւրամեակն է, բայց դեռ յայտնի չէ, որ երկրում գործում է ապարտհէյդի ռեժիմ, դրա կարեւոր պատճառներից մէկն այն է, որ այս ռեժիմը հաստատւել է ծայրայեղ «նենգօրէն ու խորամանկօրէն»։ Այն, ինչ թաքնւած է այս «նենգութեան ու խորամանկութեան» յետեւում՝ թուլութիւնից բխող վախն է։ Հետաքրքիր աւանդոյթ կայ, որը Աբդուլ Համիդից անցել է իթթիհադականներին, նրանցից էլ՝ Անկարայի ռեժիմին. ռեժիմները գիտեն, որ թոյլ են եւ վախենում են, որ եթէ քրիստոնեաների դէմ բռնի միջոցներ ձեռնարկեն, դա արտաքին միջամտութեան հնարաւորութիւն կը ստեղծի։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են իրենց բռնի ելոյթները կոծկել «նենգ ու խորամանկ» մեթոդներով։ Ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հետ կապւած ոչ մի խնդիր չի լուծւի, մինչեւ չնկատւի այս երկրում գործող «նենգ ու խորամանկ» ապարտհէյդի ռեժիմը, որն առաջացել է Աբդուլ Համիդից յետոյ պահպանւած այս վախկոտութիւնից։ Սա է դառը ճշմարտութիւնը։

https://www.agos.com.tr/tr/yazi/29431/ankara-hukumeti-ittihat-ve-terakki-iktidarinin-bir-devamiydi

Թարգմանեց Տիգրան Չանդոյեանը

Akunq.net

Related Articles

Back to top button