Արթուր Խաչիկեան. «Ամբողջ աշխարհի աչքերն ուղղւած են Թրամփին ու Պուտինին. նրանք են որոշելու աշխարհի ապագայ կարգը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանը Alpha News-ի ուղիղ եթերում Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախօսազրոյցն անւանել է պատմական իրադարձութիւն ու նշել, որ այդ երկու ղեկավարների սեղանին է դրւելու նաեւ Հայաստանի ճակատագիրը։
«Ամբողջ աշխարհի աչքերն ուղղւած են Թրամփին ու Պուտինին։ Նրանք են որոշելու աշխարհի ապագայ կարգը՝ գոնէ 10-15 տարւայ համար։ Այսինքն՝ նրանք են որոշելու, թէ ցանկացած ռեգիոնում ինչ է լինելու։ Ցաւօք սրտի, մենք այդ սեղանին ոչ թէ բանակցողի դերում կը լինենք, այլ սեղանի վրայ մեզ կը կիսեն, մեր հարցերը, ինչպէս միշտ, լուծելու են առանց մեզ։ Մենք սպասելու ենք միջանցքում»,- նշել է Խաչիկեանը։
Քաղաքագէտն ընդգծել է, որ այս ամենում մեղաւոր է ՀՀ իշխանութիւնը, որովհետեւ խզել է դաշնակցային յարաբերութիւնները պաշտօնական Մոսկւայի հետ։
«Չունենք ոչ ռէալ դաշնակցային յարաբերութիւններ ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Թրամփի հետ, քանի որ մեր հանճարեղ կառավարութիւնն ամէն ինչ տապալել է։ Տեսանք՝ ինչպէս Փաշինեանին ընդունեցին Վաշինգտոնում, ամերիկեան որեւէ թերթ անգամ չգրեց նրա այցի մասին, անգամ ինձ են դիմաւորում ԱՄՆ օդանաւակայանում, իսկ Փաշինեանին՝ ոչ»,- ասել է Արթուր Խաչիկեանը։
Ըստ քաղաքագէտի՝ Իսրայէլի օգնութեամբ առաջին հերթին լուծելու են «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը՝ յօգուտ Ադրբեջանի։
«Երկու գլխաւոր խաղացող հիմա որոշելու է բոլորի բախտը ու մենք երկուսի հետ էլ ինչպէս միշտ տապալել ենք մեր յարաբերութիւնները։ Առաջինը լինելու է Զանգեզուրի հարցը։ Ցաւօք սրտի, ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը վերահսկւում է Իսրայէլի կողմից։ Ու նրա ամենամօտ դաշնակիցը Ադրբեջանն է։ Նրանց լաբբիստներն իրար հետ են աշխատում։ Այսինքն՝ Ադրբեջանը շատ լուրջ լծակներ ունի Վաշինգտոնում։ Հնարաւոր է, որ ճնշում կը գործադրւի՝ լուծելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ ի շահ Ադրբեջանի»,- եզրափակել է Արթուր Խաչիկեանը։